Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետը ինձ չճանաչած՝ որակավորումներ է տվել իմ անձին»․ Գյումրու թիվ 19 դպրոցի հանրապետական տնօրեն

Մարտ 05,2020 18:05

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնված Նարինե Մեսրոպյանն ասաց, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին հանդիպել է ընդամենը մեկ անգամ, վերջինս ծանոթ չէ իր աշխատաոճին։

Հիշեցնենք, որ Նարինե Մեսրոպյանը պաշտոնազրկվել էր Տիգրան Պետրոսյանի մարզպետ դառնալուն պես․ անցած տարի Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր ուղակել Շիրակի մարզպետին, վերջին էլ անվստահություն էր հայտնել նրան։ Դատարանը վերականգնել էր Նարինե Մեսրոպյանին։ Նրա վերադարձին, սակայն, դեմ է դպրոցի կոլեկտիվը, այստեղ տևական ժամանակ գործադուլ է։

«Մարզպետի հետ չեմ հասցրել աշխատել, ծանոթ չենք, բայց ինքը բազմից որակավորումներ է տվել իմ անձին, տնօրենների խորհրդակցության ժամանակ ասել էր, որ տվյալ սուբյեկտը պետք է կիլոմետրերով հեռու մնա դպրոցից, ես բառացի կրկնում եմ մարզպետի խոսքը։ Բացի դրանից, օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ մարզպետը զավեշտ համարեց դատարանի վճիռները և ասաց՝ թիվ 19 դպրոցի տնօրենը ուզում է վերադառնալ աշխատանքի»,-ասաց Նարինե Մեսրոպյանը։

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք կոլեկտիվի բողոքը, գործադուլը, որն ուղղված է ձեր պաշտոնում վերականգնվելուն, տնօրենը պատասխանեց․ «Ես 13 տարի աշխատել եմ այդ կոլեկտիվի հետ, շատ համերաշխ կոլեկտիվ է եղել, երբևիցե որևէ մեկից բողոք չեմ ունեցել։ Իմ անձի հետ կապված որևէ մեկը չի բողոքել, որևէ ատյանում չի եղել այդպիսի բան, թե ինչով է պայմանավորված նման բարոյահոգեբանական մթնոլորտը, այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ։

Պիտի նշեմ, որ կոլեկտիվի անդամների մի մասը՝ մոտ 15 հոգի ինձ ընդհանրապես չի ճանաչում, ինձ հետ չեն աշխատել, նրանք աշխատանքի ընդունվել են այս տարվա սեպտեմբեր ամսից և հիմա իրենք էլ չեն ուզում ինձ հետ աշխատել, պահանջում են իմ հրաժարականը», -ասաց Նարինե Մեսրոպյանը։

Հարցին ընկե՞լ են ձեր հետևից, եթե այո, ինչո՞վ է պայմանավորված, Նարինե Մեսրոպյանն ասաց՝ չեմ կարող ասել։ Մեր հարցին ի պատասխան՝ կա՞ պաշտոնակռիվ տվող անձ ձեր աթոռի համար, նա խորհրդավոր ժպտաց։

Մեր հարցին, թե ի՞նչ քաղաքական հետապնդում է իրականացվում ձեր հանդեպ, ինչպես որ ասում են փաստաբանները, բանախոսն ասաց, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է։

Մեր հարցին՝ որևէ մեկնաբանություն ունե՞ք այն քրեական գործի մասին՝ համաձայն որի, դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին, պատասխանեց․ «Երբ որ ամեն անգամ ԶԼՄ-ներով ասում էին, որ 16 աշակերտներ տևական ժամանակ գրանցված են եղել, բայց չեն հաճախել դպրոց, նախաքննության ավարտի ժամանակ ընդամենը մնաց մեկ աշակերտի հետ կապված խնդիր և վնասը կազմեց 200 հազար 700 դրամ, պետական բյուջեում վնասը վերականգնվեց և գործը կարճվեց»։

Նոր քրեական գործի մասին Նարինե Մեսրոպյանն ու նրա փաստաբանները չխոսեցին՝ նշելով, որ Նարինե Մեսրոպյանը որևէ կարգավիճակ չունի և տեղեկատվության չեն տիրապետում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031