ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հերքում է մամուլի տեղեկությունները, որ ինքը եւ ԵԿՄ վարչության անդամներն այս օրերն այցելում են մարզեր եւ ԵԿՄ կառույցների միջոցով առաջիկա հանրաքվեի կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում: Այսօր, Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի օրը, լրագրողների հետ զրույցում, ԵԿՄ նախագահն ասաց`մարզեր այցելել է, այցելում է եւ այցելելում է, բայց դա որեւէ կապ չունի հանրաքվեի հետ, այդ այցերը պայմանավորված են ԵԿՄ կառույցների կազմակերպական հարցերով:
«Ես պարզ մարդ եմ, ուրիշ ուղղությամբ մի տարեք: Ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել, որ մեր սահմանադրական իրավունքները խախտվել են, և մենք պարտավոր ենք գնալ ժողովրդին ձայնի իրավունք տալ, որ որոշի՝ սահմանադրական փոփոխություններ կատարի՞, թե՞ ոչ: Ես ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ մեր սահմանադրական իրավունքները խախտվել են եւ մենք պարտավոր ենք գնալ ժողովրդի ձայնով, որ ժողովուրդը որոշի՝ այս վիճակը փոխի, թե ոչ: Այսօր երկրում իշխանափոխություն է եղել, իսկ ՍԴ-ն մեզ ուրիշ ճանապարհով է տանում: Ինչ հարց լինում է, ՍԴ-ն ուրիշ ճանապարհով է տանում: Բնականաբար, էս ժողովուրդը չի կարող սպասել մինչեւ 2035 թվականը, որ ըստ իրենց ցանկության բերել ժամկետ են դրել, որ իրենց իշխանությունը պահեն: Մենք հնարավորություն ենք տալիս, որ ժողովուրդը մեզ հնարավորություն տա փոխել այդ վիճակը»,-ասաց նա:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ որոշում է կայացրել ՍԴ-ն, որ այլ ճանապարհով է տարել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես այս տարիների ընթացքում գիտեք, թե ինչ ճանապարհներ եմ անցել դատարաններով, դատապարտվելով, որ արհամարհվել է մեր սահմանադրական իրավունքները: Ես ՍԴ-ից ոչ մի նորմալ բան չեմ տեսել: ՍԴ-ն իրար փոխանցելով, նախկին իշխանությունների ձեռագրով եկել հասել են էստեղ»:
Aravot.am-ի մյուս հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրգործից հետո՞ սրվեց ՍԴ անդամներին փոխելու հարցը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել՝ երեւի մենք ուշացրել ենք այս հանրաքվեն: Հանրաքվեն պետք է շուտ լիներ»: Հիշեցրեցինք, որ մինչեւ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, թե ՍԴ հարցն ակտուալ չէ, իշխանության օրակարգում չէ, Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Ես Միքայելյան Սասունն եմ, ինձ հարց ունե՞ս: Ես պատասխանատու չեմ՝ ով ինչ է ասել»:
Կարդացեք նաև
Պատասխանելով ԵԿՄ-ին վերաբերվող հարցին էլ, Սասուն Միքայելյանն ասաց. «Նախորդ իշխանությունները մեզ մասնատել են. այսօր մարդիկ կան, որ գիտակցաբար միանում են: Ես չեմ եկել ԵԿՄ նախագահ ու ասել՝ ձեր կառույցը լուծարեք, եկեք միացեք Երկրապահին, ոնց որ նախորդ իշխանությունների ժամանակ էին անում: Ես եկել եմ ԵԿՄ, ասել եմ՝ եկեք համագործակցենք, տղերք: Անգամ նշել եմ՝ եթե պետք լինի, կգանք վարչության նիստ կանենք աֆղանցիների մոտ, պետք լինի «Տիգրան Մեծ»-ի մոտ կանենք, պետք լինի ապրիլյան պատերազմի մասնակիցների կազմակերպությունում կանենք»:
Դիտարկմանը`կարծիք կա, որ ԵԿՄ-ն պետք է ապառազմականացնել, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Եթե կարողանանք էս կառույցը նորմալ համալրել բանակի հետ, հետագայում եթե խնդիրներ լինեն երկրի սահմանների հետ կապված` մեծ դերակատարություն կունենա, որ արդեն ունեցել է: Մենք երբեք չենք խանգարի բանակի մոբիլիզացիոն ռեսուրսին եւ միշտ կլինենք բանակի կողքին»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ