Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացնում ենք ձեզ, պարոն վարչապետ, որ անկախ քաղաքական հայացքներից` ձեր կողքն ենք լինելու». Սասուն Միքայելյան

Մարտ 05,2020 17:54

«Այն, ինչ-որ շատ հետաքրքիր է, անթույլատրելի է, որ այստեղ պատմեմ»,- այսօր ԵԿՄ-ում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինիս խնդրել էինք մի հետաքրքիր դեպք հիշել Վազգեն Սարգսյանի հետ կապված:

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի օրը ԵԿՄ-ում էին հավաքվել նորացված ԵԿՄ-ի տարածքային կառույցների ղեկավարներն ու նրանց տեղակալները, վարչության անդամները: ԵԿՄ այցելեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն վարչապետ, մեզ համար այսօր պատիվ է Սպարապետի ստեղծած երկրապահական ընտանիքում նշելու նրա ծննդյան 61-րդ տարեդարձը»,- իր խոսքն այսպես սկսեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով ԵԿՄ-ի պատմությանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ պատերազմում, հաղթանակից հետո երկրապահներն անցան իրենց առօրյա գործերին, բայց ցավոք, ՀՀ-ում տեղի ունեցավ «հոկտեմբերի 27-ը» եւ երկրի վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների, պատգամավորների, նախարարների գնդակահարությունը փոխեց Հայաստանի ընթացքը: «Այդ օրվանից սկսած՝ նախորդ հանցավոր ռեժիմը փորձեց ԵԿՄ-ն ծառայեցնել իր ռեժիմի ամրապնդմանը: Կասեի, որ մասնակի նրանց դա հաջողվեց, բայց շնորհիվ մեր այն ընկերների, որոնք երազում էին ունենալ հզոր պետություն, Սպարապետի մտերիմ գաղափարակից ընկերների, չհաջողվեց դա վերջնական իրագործել»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Ապա, Սասուն Միքայելյանի հավաստմամբ, թավշյա հեղափոխության արդյունքում, ԵԿՄ 12-րդ համագումարում, հաջողվեց համախմբել մասնատված կառույցը: Այսօր ԵԿՄ-ն համագործակցում է երկրապահական չորս կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված են ԵԿՄ վարչության կազմում: Մյուս կառույցների միավորման հարցով էլ քննարկումներ են ընթանում:

«Մենք որոշել ենք հանդես գալ այլ ձեւաչափով, համալրել ԵԿՄ-ն եւ դառնալ կուռ կառույց բանակի ռեզերվում, չխանգարելով բանակի նոր ռեսուրսին: Այս ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք այդ գործունեությամբ զբաղվենք»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ ՀՀ նոր իշխանությունների մասին էլ, նա ասաց. «Մենք երբեք որեւէ իշխանության կցորդ չենք դառնա, բայց մեզնից ծնվել է վարչապետ, որն ընտրվել է ժողովրդի ձայների մեծամասնությամբ, կազմել է կառավարություն Կարեն Սերոբիչի հետ: Եվ տեսել ենք, թե ինչպես այդ ամենը մեկ օրվա մեջ քանդվեց: Մենք, պարոն վարչապետ, լինելու ենք այն իշխանությունների հետ, որն ընտրվել է ժողովրդի կողմից: Մենք մեր գործունեությամբ կնպաստենք ներկայիս իշխանություններին, որպեսզի մեր պետությունը գնա դեպի ամրապնդում, դեպի հզորացում: Մենք պարտավոր ենք կանգնել մեր պետության կողմից: Հավատացնում ենք ձեզ, պարոն վարչապետ, որ անկախ քաղաքական հայացքներից, ձեր կողքն ենք լինելու, որպեսզի այն, ինչ արվել է թավշյա հեղափոխության ժամանակ, մենք կարողանանք բոլորս համախմբված այս ամենը հասցնենք ավարտին, ունենանք հզոր պետականություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում խոսեց ԵԿՄ-ի դերի մասին: Ըստ նրա, ԵԿՄ-ն պետք է դառնա ՀՀ ԶՈւ-ի ամենաօպերատիվ ռեզերվը. «ԵԿՄ-ն այն կազմակերպությունն է, որն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին։ ԵԿՄ-ն պետք է լինի մեր հաղթանակների պահապանը եւ այդ հաղթանակների ռեզերվը»: Հաղթանակի ոգին զինված ուժերին հաղորդելը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է դառնա ԵԿՄ-ի թիվ մեկ անելիքը եւ չպետք է կապված լինի որեւէ քաղաքական ուժի կամ իշխանության օրակարգի հետ: Դա պետք է կապված լինի պետության, հայ ժողովրդի անվտանգային եւ զարգացման օրակարգի հետ։

Պաշտոնական արարողությունից հետո, վարչապետը ԵԿՄ վարչության անդամների հետ սեղանի շուրջ շնորհավորեցին Սպարապետի ծնունդը:

Այնուհետեւ վարչապետը գնաց`չպատասխանելով լրագրողների հարցերին:

Այլ մանրամասները` տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031