«Երբ ես ընդունվել եմ քրեակատարողական հիմնարկի պետ, ես կարգուկանոն եմ հաստատել: Նուբարաշեն ՔԿՀ-ում ես ընդունել եմ 1200 դատապարտյալ, որից 93-ը՝ ցմահ: Ինձ բոլորը հարգել են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը, որը ՀՀԿ-ի իշխանության ժամանակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է եղել:
Նա ասաց. «Այսօրվա իշխանությունից մարդիկ՝ հենց վարչապետը եկել է ինձ մոտ ու տեսել է, թե ես ոնց եմ վերաբերվում կալանավորներին, դատապարտյալներին»:
Մենք հետաքրքրվեցինք՝ քրեական ենթամշակույթի մասին են խոսում, ձեր՝ բանտապետ աշխատած ժամանակ քրեակատարողականում այդ մշակույթը չի՞ «թեւածել», «զոն նայողներ» չե՞ն եղել՝ Ռուբիկ Ստեփանյանը պատասխանեց. «Հիմա մեկը ինձ պատգամավոր է ընտրել, իրենց էլ իրենք են ընտրում, դրսում որ ընտրում են իրենց, իմ մեղքը ո՞րն է: Իրենք մեկին շեֆ են սարքում, մեկին՝ գող են սարքում, մեկին՝ «ավտարիտետ», ես ի՞նչ պիտի անեմ: Ասենք, կամերում մեկը մյուսին սարքում են հեղինակություն, իմ մեղքը ո՞րն է: Կամ դրսում որ մեկը մեկին հեղինակություն են սարքում: Այսօր երիտասարդությունը սաղ ասում են՝ «բարեւ ախպեր ջան, ոնց ես…», սաղ ենթամշակույթ են, դրա դեմը կարա՞ն առնեն»: Փորձենք բոլորս առնենք: Ենթամշակույթը կա, կշարունակվի, դրա համար էլ օրենքն ընդունել են, փորձենք դեմն առնենք: Եթե օրենքը կգործի՝ շատ լավ է: Այստեղ խնդիր կա, որ անմեղ մարդիկ չտուժեն: Մեկը ասի՝ ես «ավտարիտետ» եմ, բռնեն տանեն»:
Մեր դիտարկմանը, որ գողականների բանուգործը միայն «բարեւ-բարի լույսը» չի, փող է պտտվում՝ Ստեփանյանը պատասխանեց. «Դե ես չեմ կարող ասել իրենց «աբշյակը» ոնց է անում: Բայց նախնական ասել են՝ ախպեր ջան, հենց հարցնեն, ասա՝ ես ոչ գող եմ, ոչ էլ բան եմ, ի՞նչ եք ուզում ընձնից, այ այդպիսի ինֆորմացիաներ էլ կան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ