Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյանը` բանակում хлеборез լինելու, սուտասանների հետ չշփվելու ու երջանկության մասին

Մարտ 05,2020 23:00

ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո հետաքրքիր ու կոլորիտային դրվագներ պատմեց: Օրինակ, հիշեց իր մանկության տարիները, երբ տղաներով ֆուտբոլ էին խաղում: «Այս պատմությունն այդքան էլ ուրախ չի, բայց տխուր էլ չի: Հիշում եմ՝ մի անգամ էլ սովորականի նման վազեցի բակ, բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք ֆուտբոլ խաղալ: Մեկ էլ քիչ անց բոլորը խաղը կիսատ թողեցին` թե գնացինք: Ասում եմ` էս ո՞ւր եք գնում: Ասում են` Բաքվի ժամն է, մենք գնում ենք… Սկզբում չհասկացա, դա ինչ է, որովհետեւ մեր տանը ռադիո չէին լսում: Հետո իմացա, որ ամեն օր ժամը 5-ին համարյա ամբողջ քաղաքը Բաքվի երաժշտություն է լսում: Բարձրացա վերեւ ու լսեցի մի փոքր… դա մի սարսափելի երաժշտություն էր, մտածում էի, թե հայկական հրաշալի երաժշտությունը թողած՝ ինչու են այս ահավոր կլկլոցները լսում»:

Հարցրինք, թե ինքն ի՞նչ երաժշտություն է լսում կամ իր համար երգում: «Ես Գալանտերյան եմ շատ սիրում, ռոմանսները եւ, երբեմն, ինքնաբուխ երգում եմ` թե տխուր, թե ուրախ պահերին»,- ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Էլբակյանը մի դրվագ էլ հիշեց այն տարիներից, երբ ինքը Սունդուկյան թատրոնի դերասան էր, նաեւ հոր` թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանի կարեւոր խորհուրդը մտաբերեց. «Սունդուկյան թատրոնում աշխատելն այդքան հեշտ չէ, այն ժամանակ ավելի դժվար էր, որովհետեւ թատրոններ քիչ կային, դեր ստանալը բավականին բարդ բան էր, մանավանդ հրաշալի դերասաններ կային, մեծ մրցակցություն էր… Հիշում եմ` ինչպես հիասթափվեցի, որ դարերով պետք է սպասեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ դրսեւորել իմ ներսում եղածը:

Հորս ասացի, որ որոշել եմ թողնել այս մասնագիտությունը, ուզում եմ բժիշկ դառնալ, մանավանդ մորս կողմի բոլոր բարեկամները բժիշկներ էին, Գեւորգ Էլբակյան պապս էլ եւ քիմիկոս էր, եւ բժիշկ էր, եւ գրականությամբ էր զբաղվում:

Հայրս բան պատմեց` որ մի անգամ փողոցով քայլում էր, շատ տխուր էր, ինքն էլ էր որոշել թատրոնից հեռանալ: Մեկ էլ հանդիպում է Հրաչյա Ներսիսյանին: Հայրս ասում է` բարեւեցինք իրար, Հրաչյան հարցրեց՝ ինչո՞ւ ես տխուր Էդգար, ասացի՝ որոշել եմ թողնել այս մասնագիտությունը, դժվար գործ է: Ասաց` գիտե՞ս ինչ, Էդգար, ես ամեն օր ուզում եմ հեռանալ թատրոնից, բայց վերադառնում եմ թատրոն ամեն օր…Այդպես էլ հայրիկիս հետ է եղել, ինձ հետ եւս նույնը եղավ, բայց երբ առաջին լուրջ դերը ստացա, որով կարող էի դրսեւորվել, ամեն ինչ փոխվեց:

Պրեմիերայից հետո հայրս մի խորհուրդ տվեց: Ասաց, գիտե՞ս ինչ կա` փողի հետեւից մի ընկի, գլուխդ կախի, աշխատի, փողը կընկնի քո հետեւից, փառքի հետեւից մի ընկի, գլուխդ կախի, աշխատի, փառքը կընկնի քո հետեւից, բայց հենց հասար փառքի, պիտի կարողանաս դիմանալ: Իսկ ի՞նչ ասել է դիմանալ, այսինքն` չմեծամտանալ, փորձել գնահատել ուժերդ, լավ ճանաչել ինքդ քեզ, եւ ամեն անգամ ինչ գործ էլ, որ անես, սկսես զրոյից, գնաս մտքի հետեւից, ոչ թե սեփական անձը փառավորելու»:

Արմեն Էլբակյանն ասում էր, որ փոքր տարիքից շատ է զբաղվել ընթերցանությամբ ու իրեն առանց ամաչելու գրականության մարդ է համարում, ասում է՝ գրելու ձիրք էլ ուներ, պատմվածքներ է գրել, ու գրելու ձիրքը, այս աշխարհին գրողի աչքերով նայելն էլ իրեն բերել է ռեժիսուրա. «Ռեժիսորը մի մարդ է, որը փորձում է մեկնել այս աշխարհը եւ այն գրական նյութը, որը պետք է բարձրացնի բեմահարթակ: Ի վերջո, ռեժիսորի համար պիեսն ընդամենը առիթ է բեմադրություն անելու համար: Դրա համար էլ միեւնույն ժամանակաշրջանում, նույն քաղաքում կամ աշխարհի տարբեր ծայրերում ծնվում են տարբեր համլետներ, լիր արքաներ, օթելոներ, ինչը ռեժիսորի եւ նրա ստեղծագործական խմբի համատեղ աշխատանք է, նրանց մեկնությունը, նրանց ժամանակի զգացողությունը եւ վերաբերմունքը գործի հանդեպ»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին ձեռքի տակ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պիեսն է, որին 40 տարի առաջ անդրադարձել է եւ նորից է վերադարձել այս ստեղծագործությանը, քանի որ այն խիստ ժամանակակից է եւ հույս ունի, որ ստեղծագործական խմբով բեմահարթակ կբարձրացնեն:

Մեր հարցին` ո՞ւմ հետ երբեւէ ընկերություն չի անի, արվեստագետը պատասխանեց. «Ես անհավատի ու սուտասան մարդկանց հետ ընկերություն չեմ անի»:

Մեր զրույցի ժամանակ կանանց էլ անդրադարձ եղավ: «Խելոք տղամարդիկ կանանց լսում են, բայց դա չի նշանակում, որ պետք է վարվեն միայն այնպես, ինչպես կանայք են ասում, ոչ թե նրա համար, որ տղամարդիկ կանանցից խելոք են, այլ պարզապես տղամարդիկ ուրիշ բիոլոգիա ու ներքին էներգիա ունեն, կանայք` ուրիշ: Կարեւորը, որ այդ երկուսի միասնությունից է ծնվում աշխարհի հրաշալիքը` մարդը»:

Կես կատակ-կես լուրջ հարցրինք, թե երբեւէ իր ձեռքով ուտելիք պատրաստած կա՞: «Կարագ, հաց ու պանիր…Քանի որ մի երեխա եմ եղել, ինձ երես են տվել, անգամ հաց կտրել չգիտեի»,-պատասխանեց Արմեն Էլբակյանը:

Հիշեց նաեւ իր բանակային տարիները. «Երբ բանակում ծառայում էի, էս տեսակ պաշտոն կար` хлеборез, այսինքն՝ հաց կտրող, դա ամենալավ պաշտոնն էր: Երբ ինձ ուղարկեցին Թիֆլիս ծառայության, հրամանատարն իմացավ, որ դերասան եմ, կինն էլ հայ էր, ինձ ճանաչում էր, տեսել էր հեռուստատեսությամբ, ամուսնուն ասել էր, թե ով եմ ես, եւ սա որոշել էր` ինձ դարձնել хлеборез: Ընկերներիցս մեկը նամակ գրեց այդ առիթով ռուսերեն, մոտն էլ չափածու լավ էր ստացվում, նամակն էլ այսպես էր սկսվում` Армену бармену… Xлеборез-ին բարմեն էր դարձրել, բայց ես հաց կտրել չէի կարողանում…: Հրամանատարն ասաց` ոչինչ, մի զինվոր կուղարկեմ, դու միայն հետեւի, որ ազնիվ լինի ամեն ինչ…Ես ազնվաբար փորձում էի զինվոր դառնալ, որովհետեւ փոքր հասակից սիրում էի զինվորներին: Մայրիկիս ընկերուհիներից մեկը ինձ զինվորական գեներալի շորեր էր կարել, երբ 4 տարեկան էի, ես այդ գեներալի հագուստը հագնում էի, ու երբ շքերթը մեր Ամիրյան փողոցով էր անցնում, պատուհանից բոլորին բարեւում էի զինվորականներին հատուկ ձեւով, զինվորներն էլ ծիծաղում էին: Ես միշտ սիրել եմ բանակը, հիմա էլ եմ սիրում, հպարտանում եմ, որ բանակ ունենք, եւ երջանիկ եմ, որ թեկուզ փոքր, բայց անկախ պետություն ենք: Հույս ունեմ, որ մեր ապագան լավը կլինի»:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, Արմեն Էլբակյանը պատասխանում է. «Ես չեմ կարծում, որ աշխարհում անհաջողակ մարդիկ կան, քանի Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել ու թույլ տվել, որ այս աշխարհ գան: Բոլորն էլ արդեն հաջողակ են, որ ծնվել են եւ տեսնում են այս հրաշք աշխարհը: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ առիթ եմ ունեցել շատ հետաքրքիր մարդկանց տեսնելու, շփվելու եւ իրենցից շատ բան սովորելու, օրինակ՝ Վարդան Աճեմյանին, հայրիկիս, մյուսներին: Նրանք իմ կյանքում շատ մեծ դեր են խաղացել: Ի դեպ, ես յուրաքանչյուր մարդու հետ շփվելիս միշտ փնտրում եմ այն գեղեցիկը, որ նրա մեջ կա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

 Լուսանկարները Նարեկ Ավագյանի եւ Արմեն Էլբակյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031