Այսօր, ինչպես հայտնել ենք, միջադեպ եղավ «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ: Իմքայլականը ԼՀԿ-ին մեղադրեց, որ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոններ են զբաղեցրել, իրենց խմբակցության անդամները բանտապետ, սոցապի պետ են եղել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը ոստիկանության գնդապետ է, Սերժ Սարգսյանի օրոք քրեակատարողական հիմնարկի պետ է եղել, ուստի մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արձագանքում կոնկրետ իր հասցեին այդ քննադատությանը: Նա պատասխանեց. «Իմ կենսագրությունը նախորդ իշխանությունից չի սկսվում: Իմ կենսագրությունը սկսվում է 1979 թվականից: Ասեմ՝ իմանաք, Ստալինը չէր, Բրեժնեւն էր, ես համակարգ ընդունվել 79-ից, աշխատել եմ, իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ, մինչեւ հեղափոխությունը՝ 90-ական թվականները, մինչեւ իրենք եկել են: Ես էլի շարունակել եմ աշխատել մինչեւ 2008-ը: 2008-ի մարտի դեպքերից սկսած՝ կարծիք հայտնելու համար ինձ հանել են աշխատանքից, հետապնդել են իմ ընտանիքին, իմ եղբորը, իմ բարեկամներին, քեռուս տղուն կալանավորել են, որն ընդհանրապես մարտի 1-ի դեպքերի հետ կապ չուներ, բերել են մարտի 1-ի համար դատապարտել են ու այսպես շարունակաբար: Ես անցել եմ ճանապարհ, անցել եմ պատերազմ, մասնակցել եմ պատերազմին, ինձ բոլորը ճանաչում են: Կռվել եմ մինչեւ վերջ՝ լինելով պրոֆեսիոնալ ոստիկան: Նրանից հետո, թե ովքեր են եղել նախագահ, վարչապետ, ի՞նչ կապ ունի ինձ համար: Ինձ հանել են 2008-ի մարտի դեպքերի հետ կապված՝ անօրինական, 6 տարի պահել են կադրերի տրամադրության տակ: Ես ոչ քաղհայցով, ոչ մի տեղ չեմ գնացել, չեմ բողոքել, որ ինձ անօրինական հանել են, մինչեւ 2014-ի օգոստոսի 6-ը, երբ Հովիկ Մանուկյանը դարձավ արդարադատության նախարար: Նա ինձ հրավիրեց աշխատանքի, ասաց՝ քանի որ պրոֆեսիոնալ եք, ուզում եմ ձեզ նշանակել ՔԿՀ-ներից մեկում պետ: Ես իրեն խնդրեցի, ասացի՝ պարոն Մանուկյան, ես իշխանության հետ խնդիր ունեմ, ինձ անօրինական հանել են, ասել է՝ ոչ մի պրոբլեմ չկա: Ինձ դրանից մի շաբաթ հետո նշանակել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ: Հենց Հովիկին հանել են, ինձ էլ են հանել ու ոչ թե հանել են, ամեն ինչ արել են, չեն ուզում փակագծերը բացեմ, որ դուք իմանաք, հետապնդել են»:
Երբ ապօրինի աշխատանքից ազատել են, թե ինչու չի վիճարկել՝ Ստեփանյանն այսպես բացատրեց. «Վիճարկելու խնդիր չկա, ես պրոֆեսիոնալ սպա եմ: Ուղղակի ինձ խաբել են: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ինձ կանչել է, ասել՝ գնում ես 2 ամիս հանգստանում ես ու նորից վերադառնում: Անօրինական, որի իրավունքը չունեին: 6,5 տարի պահել են կադրերի տրամադրության տակ»:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հետ իրեն կապելուն՝ Ստեփանյանն ասաց. «Ինձ կարող են կապել Ստալինի հետ, Լենինի հետ, Բրեժնեւի հետ, լա՞վ է այդպես, ես աշխատել եմ՝ իրենք եկել են, ես պրոֆեսիոնալ եմ, իրենք դրսից են եկել: Ես մարտական գործողությունների եմ մասնակցել, պետական պարգեւներ եմ ստացել ու ոչ թե գնացել խնդրել եմ՝ տվել են: Թող իրենք իրենց անցյալը մի հատ հիշեն: Ինձ ձայն են տվել, թե այդքան չընդունված մարդ էի, ո՞նց էին ինձ այդքան ձայն տվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ