Լրահոս
Օրվա լրահոսը

«Կունենանք հերթական քաղբանտարկյալը»․ դատախազը միջնորդում է կալանավորել Գյումրու թիվ 19 դպրոցի կին տնօրենին

Մարտ 05,2020 17:04

Ինչպես տեղեկացրել ենք, վերջին շրջանում լարված իրավիճակ է Գյումրու թիվ 19 դպրոցում․ կոլեկտիվը գործադուլ է հայտարարել՝ դեմ կանգնելով իր պաշտոնում վերականգնված տնօրենի՝ Նարինե Մեսրոպյանի վերադարձին։

Նրան անցած տարվա փետրվարին պաշտոնազրկել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն անվստահություն էր հայտնել՝ հիմք ընդունելով Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդագիրը։

Դատախազը տնօրենին պաշտոնանկ անելու համար որպես հիմք ընդունել էր հարուցված քրեական գործը, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։

Քրեական հետապնդումը դադարեցվել էր, սակայն, դատախազը, գտնելով, որ Նարինե Մեսրոպյանի պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը, միջնորդել էր պաշտոնազրկել նրան։

Նարինե Մեսրոպյանը, սակայն դատի էր տվել ու իր պաշտոնում վերականգնվել դատարանի վճռով։ Այժմ կոլեկտիվը դեմ է դուրս եկել նրան, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը նոր միջնորդագիր է հասցեագրել մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ Նարինե Մեսրոպյանին դարձյալ պաշտոնազրկելու։

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Նարինե Մեսրոպյանն ու նրա փաստաբանները։

Փաստաբան Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մարզպետի՝ Նարինե Մեսրոպյանին աշխատանքից ազատելու հրամանը վիճարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չորս տարբեր հիմքերով․ մասնավորապես խտրական վերաբերմունք է դրսևորվել Նարինե Մեսրոպյանի նկատմամբ, և երկրորդն այն էր, որ դատախազի միջնորդագիրը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու, որովհետև ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը որևէ նման հիմք չի նախատեսում։

Փաստաբան Տիգրան Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Նարինե Մեսրոպյանի՝ փետրվարի 25-ին աշխատանքի վերականգնվելուց մեկ օր անց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի շրջանակներում նշանակված դատական նիստում դատախազները միջնորդել են փոխել տիկնոջ խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին) և կալանավորել նրան՝ հիմքում ընդունելով այն հանգամանքը, որ Նարինե Մեսրոպյանը վերականգնվել է իր աշխատանքում։

«Մի քանի ամիս է՝ ինչ Նարինե Մեսրոպյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, սակայն խափանման միջոցի պայմանները որևէ կերպ չեն խախտվել նրա կողմից և խափանման միջոցն ավելի խիստ խափանման միջոցով փոխելու միջնորդություն ներկայացնելը կամ դրա փորձը գտնում ենք, որ ամբողջությամբ անհիմն է»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև Շիրակի դատախազի ներկայացրած նոր միջնորդագրին։

«Նարինե Մեսրոպյանի վերականգնումից հետո կրկին աշխատանքից ազատելու հարց է բարձրացվել դատախազության կողմից, կրկին միջնորդագիր է ներկայացվել Շիրակի մարզպետին այն պայմաններում, երբ առաջին ատյանի դատարանը հստակ արձանագրել է, որ դատախազի միջնորդագիրը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքից ազատելու համար, որովհետև Աշխատանքային օրենսգիրքը պարզապես նման հիմք չի նախատեսում»,- ասաց փաստաբանը։

Փաստաբան Էդգար Թումասյանն էլ ասաց․ «Խափանման միջոցի դեպքում հարցը լինում է անհապաղ, եթե վերաբերում է անձի՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելուն, բայց անձի կալանավորելու հարցը չի կարող հանդիսանալ որպես անհապաղ քննարկման միջնորդություն։ Եթե խոսքը գնար Նարինե Մեսրոպյանի կալանքի տակ գտնվելու հարցը փոփոխելուն, դա կլիներ անհապաղ»։

Փաստաբանը նաև նշեց, որ պրակտիկայում հազվադեպ են լինում դեպքեր, երբ դատական ակտով հիմնավորվում է անձի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու հանգամանքը։

«Հիմա մենք ունենք օրինական ստացած դատական ակտը և առաջին ատյանի դատարանի դատական ակտով, վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ Շիրակի մարզի դատախազի և Շիրակի մարզպետի գործողությունների հետևանքով խտրական վերաբերմունք է դրսևորվել Նարինե Մեսրոպյանի նկատմամբ։

Այսինքն` այս հանգամանքն արդեն իսկ հաստատված է օրինական ուժ ստացած դատական ակտով։ Երկրորդ՝ այդ նույն դատական ակտերով դատարանները փաստել են, որ Շիրակի մարզի դատախազի միջնորդագիրը չի կարող հիմք հանդիսանալ անձին աշխատանքից ազատելու մասին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ երկրորդ միջնորդագիրը ներկայացնելուց առաջ Շիրակի դատախազը պիտի ծանոթանար դատական ակտերին, որտեղ նշված է՝ «դու չունես նման լիազորություն»։

«Անտեսելով օրինական ուժ ստացած դատական ակտը՝ դատախազը նույն հանգամանքներով, նույն փաստերով կրկին ներկայացնում է միջնորդագիր՝ արդեն իսկ համոզված լինելով, որ 3 դատական ատյանով արդեն իսկ փաստվել է, որ լիազորությամբ օժտված չէ, էլ ո՞նց է լինում խտրական վերաբերմունքը։

Ես չեմ վարանի հայտնել, որ Նարինե Մեսրոպյանի նկատմամբ ես կոնկրետ տեսնում եմ քաղաքական հետապնդման տարրեր։ Քաղաքական հետապնդման միջազգային չափանիշը փորձեմ ներկայացնել․ քաղաքական հետապնդման միջազգային մեկնաբանությամբ հետևյալն է, երբ որ նույն օրենք նույն հանգամանքներում տարբեր անձանց նկատմամբ կիրառվում է տարբեր կերպ՝ ելնելով անձի կուսակցական կամ որևէ այլ պատկանելությունից»-, ասաց Էդգար Թումասյանը։

Քիչ հետո կընթանա դատական նիստը։ Փաստաբանը նաև նշեց, որ եթե դատարանը բավարարի դատախազների միջնորդությունն ու կալանավորի Նարինե Մեսրոպյանին, Հայաստանում կունենան հերթական քաղբանտարկյալը։

Նարինե Մեսրոպյանն էլ հայտնեց, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նրա պարզաբանումները՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031