Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ստրասբուրգում կարևոր աշխատանքային հանդիպում ունեցա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Հանդիպմանը քննարկեցինք ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Քննարկված հարցերից են, մասնավորապես, դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:
Առանձին անդրադարձ եղավ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Ինքս բարձր գնահատեցի Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը Քրիստոս Ջիակոմոպուլոսի գլխավորությամբ անգնահատելի կարևոր դեր այս ծրագրերի ու Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ աշխատանքի հարցում:
Քննարկեցինք կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, հասարակությունում կանանց շարունակական ներգրավմանը վերաբերող հարցեր: Այստեղ ընդգծեցի Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության հետ Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի գլխավորությամբ:
Քննարկեցինք նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Իհարկե, կարևորեցինք համատեղ աշխատանքը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պրոֆեսիոնալ թիմի հետ: Կարևոր է նաև մեր աշխատանքը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի և Ծրագրերի հարցերով գլխավոր տնօրինության հետ Վերենա Թեյլորի գլխավորությամբ:
Ուրախ եմ, որ գլխավոր քարտուղարը կարևորեց Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատեց Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում»: