Aravot.am-ն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ մասին էր հայտարարում ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարը՝ նշելով, որ ԱԱԾ-ն ահաբեկիչների ցանկ ունի: Կառավարության նիստից հետո պարոն Գրիգորյանը պատասխանելով այս հարցին, ասաց՝ ՀՀ քաղաքացին այս պահին մտահոգության պատճառ չունի, որովհետև ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ. «Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են եւ այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»:
Անդրադառնալով, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանների փակ լինելու խնդրին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ կախված է, թե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հարեւան երկրներում ինչպես կընթանա. «Ամենօրյա ռեժիմով իրավիճակը փոխվում է եւ, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին բարձր մակարդակի վրա է: Եթե տեսնենք, որ հարեւան երկրում իրավիճակի փոփոխություն կա, ապա որոշում կկայացվի փոփոխություններ կայացնելու»:
Հարցին՝ վարչապետը հայտարարեց համակարգի վերին օղակներում դավաճաններ կան, ովքե՞ր են նրանք, կա՞ն կոնկրետ անուններ, պարոն Գրիգորյանն ասաց, որ իրենց կառավարության չափ բաց ու թափանցիկ որեւէ կառավարություն չի եղել. «Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր եւ ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են եւ բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ: Գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչեւ որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլեւս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում»:
Թե ինչու պետական դավաճանության համար քրեական գործեր չկան՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ»: Նա հույս հայտնեց, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը կլուծվի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ