Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլական պատգամավորը պարզաբանում է, թե ինչպես է ջահել-ջահել՝ 18 տարեկանում դարձել ՀՀԿ-ական ու պատմում Մարուքյանի «հոգեկան հուզմունքի» պատճառը

Մարտ 05,2020 15:54

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը պատմում էր, թե ՀՀԿ անդամ լինելով՝ ինչպես են իրեն աշխատանքից փորձել ազատել, ինչ ճնշումերի են ենթարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին, ինչպես են իր հայրիկին համալսարանից հեռացրել ու ինչպես է ինքը իր ճանապարհը հարթել՝ սեփական ուժերով՝ աշխատելով մարքեթինգի մասնագետ. «Գլուխս բարձր է, որովհետեւ որեւէ բան չեմ գողացել, երբեք չեմ կեղծել, տերեր ման չեմ եկել», – ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Պապոյանը թեժ վիճաբանություն էր ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որը նրան ՀՀԿ-ական էր կոչել:

Հարցին՝ դուք ՀՀԿ անդամակցությունը դադարեցրե՞լ եք՝ Պապոյանը պատասխանեց. «Ես 2008-ից իրենց հետ որեւէ առնչություն չեմ ունեցել: Ինձ մեղադրել նրանց հետ կապի մե՞ջ, ես 12 տարի որեւէ կապ չեմ ունեցել, ես ընդհանրապես չեմ ճանաչել, չեմ շփվել ՀՀԿ-ական որեւէ պաշտոնավորի հետ»:

Հարցին՝ դիմում գրե՞լ եք ՀՀԿ մուտք գործելու՝ Պապոյանը պատասխանեց կամուկացով. «Ենթադրում եմ, այո»:

Իսկ դուրս գալու դիմում չի գրել՝ համարելով, որ 2008-ից, միեւնույն է, որեւէ կապ չունի ՀՀԿ-ի հետ ու հավանաբար դրա համար էր Մարուքյանը Պապոյանին կոչում ՀՀԿ-ական. «Կարող է գնա ճշտի՝ հիմա էլ եմ ՀՀԿ-ական: Բայց իմ տեղեկություններով՝ հեռացրել են ինձ: Երբ՝ չգիտեմ, ինձ այդպես են տեղեկացրել»:

Երբ դուք ՀՀԿ-ական էիք դառնում, այն ժամանակ ՀՀԿ-ն գողացող, թալանչի՞ էր, թե՞ ոչ՝ Պապոյանը պատասխանեց, որ ինքը 2006-ին է անդամակցել ՀՀԿ-ին. «Շատ բաներ են 2006-ին ուրիշ եղել, բայց նաեւ ես եմ ուրիշ եղել ե՛ւ տարիքային առումով, ե՛ւ մտածելակերպով, ե՛ւ աշխարհայացքով եւ գաղափարական, այլ առումներով: Ես որեւէ մեկնաբանություն չեմ տա, իմ ընկերը խնդրել է անդամակցել, շատ մոտ ընկերս, ընդառաջել եմ»:

Հարցին՝ կարո՞ղ է հիմա էլ է մի ընկեր խնդրել, որ «Իմ քայլը» մտնեք՝ Պապոյանը պատասխանեց վստահ. «Ոչ: 18 եւ 33 տարեկանը տարբեր են: Այդ մասով որեւէ բան գաղտնի չի եղել»:

Հարցրեցին՝ երբ ՀՀԿ-ական են ձեզ ասում, դա վիրավորա՞նք է՝ Պապոյանը պատասխանեց, որ որեւէ կուսակցության մեջ լինելը վիրավորական չէ, բայց եթե դա շահարկվում է, այլ հարց է:

Պապոյանը հիշեցրեց, որ Մարուքյանը, լինելով ընդդիմադիր, ո՞նց է հաղթել իշխանական պատգամավորին ու ընտրվել անկախ պատգամավոր: Ճշտեցին՝ դուք կասկածի տա՞կ եք դնում այդ հաղթանակը՝ պարզվեց՝ այո: Այդ դեպքում թե ինչո՞ւ է իրենց քաղաքական թիմի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին համագործակցել «այդ կասկածելի անցյալով» քաղաքական գործչի հետ եւ «Ելք» դաշինք կազմել՝ Պապոյանը պատասխանեց. «Մենք հիմա չենք համագործակցում: Ես ասեցի այն, ինչ ասացի, ես անձամբ…դա էլ էական չի, մենք հիմա չենք համագործակցում»:

Պապոյանն ասաց, որ կարող է կոպեկ առ կոպեկ հիմնավորել, թե երբ, որտեղ ու ինչքան աշխատավարձ է ինքը ստացել. «Ի տարբերություն ոմանց, ջղաձգումների մեջ չեմ ընկնում ապօրինի գույքի նախագծից: Ջղաձգումների մեջ իրենք էին ընկել, երբ որ ես խոսում էի, տարրական կուլտուրան չէին պահում ու խլրտոցներ էին անընդհատ լսվում…Ես ասում եմ՝ վաճառող եմ եղել, Էդմոն Մարուքյանն ինձ ասում է՝ ինչի՞ չես ՀՀԿ-ի ժամանակ հարցեր բարձրացրել: Ես էլ ասում եմ՝ ԿԲ խորհրդի անդամ էիք, պատգամավոր էիք, վարչության պետ էիք աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, բաժնի պետ, սոցապի պետ էիք աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, քաղաքապետարանում բաժնի պետ էիք աշխատում, գնայիք բարձրացնեիք: Ըստ երեւույթին, երեկվա իմ ելույթից հետո շատ նեղվելով որոշ մարդկանց՝ ապօրինի գույքը վերադարձնելու հեռանկարից, տեղից հոգեկան հուզմունքի մեջ գտնվող պարոն Մարուքյանը բացականչություններով էր հանդես գալիս, թե իբր ես ՀՀԿ-ական եմ՝ մատներն էլ այս կողմ, այն կողմ ծռելով: Ես ընդամենը պատասխանել եմ, չէի կարող անպատասխան թողնել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/216911276168742/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ջախջախիչ հարված Մարուքյանին։ Ապրե՛ս, հարգանքներս քեզ ծնած ծնողներիդ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031