Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը Աբովյանի նորակառույց բնակելի թաղամասում շրջայց կատարելիս՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և առաջիկայում օրենքով սահմանված հնարավոր բոլոր տարբերակներով բողոքարկումներ կիրականացնեն:
Հիշեցնենք՝ դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315 2 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:
Լրագրողների հետ զրույցում Վահագն Գևորգյանը, ցույց տալով բնակելի թաղամասի հողատարածքները, տեղեկացրեց, որ դրանք 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների և մանրամասնեց. «Մուլտի գրուպ» կոնցեռնը կանխիկ գումարով ձեռքբերում արեց այս հողատարածքները և դիմեց քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու հետ կապված, ինչը մենք ողջունեցինք: Հետխորհրդային ժամանակահատվածում մոտ երեսուն տարի Աբովյան համայնքում բնակելի կառուցապատման շինարարություն ընդհանրապես չէր եղել: Եվ, ընդհանրապես, Երևանից դուրս նման ծավալի շինաշխատանքներ որևէ համայնքում չեն ծավալվել: Հաշվի առնելով, որ ես եմ պաշտոնատար անձը, ես պետք է կասեցնեի, կամ քանդման որոշում կայացնեի՝ հարուցվել է քրեական գործ: Բայց ասեմ, որ երկու անգամ վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին՝ մի դեպքում շինարարական աշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու, մյուս դեպքում համայնքային հողից դուրս գալու հետ կապված: Վիճարկելի է այդ համայնքային հող դուրս գալը, քանի որ կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ, փորձաքննություն է իրականացվում, և առաջիկայում կպարզվի»:
Լրագրողները հիշեցրին, որ մեղադրանքում ամրագրված է, թե համայնքի ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ վարչական տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ, Աբովյան համայնքի ղեկավարն արձագանքեց. «Եթե կլինի ՀՀ-ում մի իրավաբան, որ կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ինչ է նշանակում վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը, ես ուղղակի չեմ հասկանում: Կարող է գա ժամանակ և պարզվի, որ նույն դատախազական, քննչական մարմինների կողմից հարուցված քրեական այս գործը կրել է ձևական բնույթ: Ըստ էության վարույթ է իրականացվել, և օրենքն ու օրենսգիրքը ասում են՝ նման դեպքերում դու պետք է գնաս ու վարչական տույժ կիրառես 200.000 դրամ մի դեպքում, 400 հազար մի դեպքում և տաս կասեցում, ինչը մեր կողմից կատարվել է՝ ըստ ժամանակացույցի»:
Կարդացեք նաև
Վահագն Գևորգյանը չցանկացավ քրեական գործից այլ մանրամասներ, տվյալներ ներկայացնել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով:
Հիշեցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ասում է, որ «Մուլտի գրուպը» մի անգամ իր հողատարածքում ապօրինի, երկրորդ անգամ մի մասը իր տարածքում, մյուսը համայնքապատկան հողերի տարածքում շինարարություն է իրականացրել, և համայնքի ղեկավարը 2019-ի հունիսի 8-ից չի տուգանել, Վահագն Գևորգյանն արձագանքեց. «Շինարարությունը տևական ժամանակ կասեցված է: Մենք երկու անգամ տուգանել ենք «Մուլտի գրուպին»՝մի դեպքում իր սեփական հողերի վրա առանց շինթույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու համար, երկրորդ դեպքում, երբ մարզպետարանի և քաղշին տեսչության կողմից ստուգման արդյունքները եկան, որ համայնքային հողի վրա իրականացվում է կառուցապատում: Մեզ համար պարզաբանումներ ստանալու նպատակով մենք գրավոր դիմել ենք «Մուլտի գրուպ» կոնցեռնին՝ աշխատանքները ժամանակավորապես կասեցնելու հետ կապված, ինչը տևական ժամանակ կասեցված է: Մենք որոշում ենք կայացրել և՛ համայնքային հողի վրա կառուցված շենք-շինությունների և՛ «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփական համարվող հողատարածքների վրա կատարված շինություններին տանք ինքնակամի օրինականացում: Հիմա այստեղ նախատեսվում է 19 բազմաբնակարան շենքի կառուցում»:
Խոսելով 315-րդ հոդվածի բաղադրիչների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց. «Հոդվածն ունի երկու կոմպոնենտ: Մի դեպքում համայնքի ղեկավարի կամ պաշտոնատար անձի կողմից պետք է լինի դիտավորություն: Դիտավորությունը եկեք բացառենք, քանի որ երկու անգամ վարչական տույժ ենք կիրառել և կասեցրել շինարարությունը: Եվ որ շատ կարևոր է, պետք է լինի համայնքին տրված վնաս: Այսինքն՝ կառուցապատողն իր գործունեությամբ կամ համայնքի ղեկավարն իր անգործությամբ համայնքին պատճառել է վնաս: Եթե մի պահ վերցնենք, որ կառուցված շենք-շինություններն ինքնակամ կառուցված են, այսինքն՝ տվյալ դեպքում համայնքի ղեկավարն ի՞նչ գործառույթներ ունի. կամ պետք է դիմի դատարան, որ քանդեն շենք-շինությունները, կամ ինքնակամի օրինականացում տա: Որոշեցինք չքանդել, քանի որ ծրագիրը լավն է, և մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի՝ կյանքի կոչումը Աբովյան համայնքում: Վնաս չկա՝ ըստ էության, քանի որ «Մուլտի գրուպն» արդեն անցյալ տարի դիմել էր համայնքապետարան, որ եթե նույնիսկ մենք ունենք կադաստրային շեղումներ, նույնիսկ այս շենքերով, ոմանք կճանաչվեն ինքնակամ շինություններ, «Մուլտի գրուպը» պատրաստակամություն էր հայտնել կադաստրային արժեքի տույժ-տուգանք վճարել և շենքերն օրինականացնել: Եվ համայնքը նշված վճարները մուծելու համար դիմում է և ստանում համայնքային սեփականության վկայական: Այսինքն՝ երկու դեպքում էլ համայնքին տրված անգործության արդյունքում մենք վնաս չունենք»:
Վահագն Գևորգյանը նշեց, որ չափագրման աշխատանքներից հետո կընթանա շենք-շինությունների օրինականության գործընթացը:
Ճշտմանը՝ որքա՞ն տարածք է զավթել «Մուլտի գրուպը», համայնքի ղեկավարը պատասխանեց՝ նախնական տվյալներով՝ մոտ 2000 քմ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ