«Չավուշլօղլուի, Մինսկի խմբի համանախագահների եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպման վերաբերյալ ի սկզբանե պետք է նշել, որ սա ամենեւին էլ աննախադեպ չէր ու առաջին հանդիպումը չէր…Նման հանդիպումներ միշտ էլ եղել են:
Չնայած Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է ձեւավորման օրվանից, սակայն մանդատը` Արցախի հարցի կարգավորմամբ զբաղվելու եւ միջնորդի դեր ստանձնելու, պատկանում է միայն համանախագահներին: Մյուս անդամներն առանձնապես իրավասություններ չունեն, այդ թվում եւ Թուրքիան: Եռանախագահության այս ձեւաչափն էլ գործում է 1997 թվականից…
Թուրքիան չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` առանց բոլոր կողմերի համաձայնության, մանավանդ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը մշտապես դեմ են հանդես եկել նման տեսական հնարավորությանը, որովհետեւ միջնորդ երկրները չպետք է ունենան միակողմանի դիրքորոշում: Մինչդեռ Թուրքիան ունի միակողմանի դիրքորոշում Արցախի խնդրի հարցում եւ բացառապես սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը: Նման երկիրը չի կարող լինել միջնորդ, քանի որ միջնորդ երկրի դեպքում կարեւորագույն հանգամանքը չեզոքությունն է»,- «Տեսակետ» ակումբում «Չավուշօղլուի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ ԼՂ հարցի արծարծումը» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նաեւ հավելեց. «Թուրքիան չի կարող արդեն հաստատված ձեւաչափում իր ցանկությամբ որեւէ փոփոխություն իրականացնել, իսկ նման հանդիպումներ տեղի են ունենում, երբ տարածաշրջանում լարվածություն է լինում: Կարծում եմ, որ այս դեպքում էլ մեծ դեր են խաղացել Իդլիբում` Սիրիայում ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ սրվող հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Հովհաննիսյանի խոսքերով, թուրքական կողմը Արցախի հարցում ունի կոնկրետ դիրքորոշում, եւ մենք չպետք է սպասենք, որ այդ երկիրը երբեւէ այլ տիպի հայտարարություն կկատարի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ արտգործնախարարությունը մշտապես ուշացած է արձագանքում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից արված հայտարարություններին, Տարոն Հովհաննիսյանը չհամաձայնեց, ասաց նաեւ, որ չի ցանկանում ՀՀ ԱԳՆ-ի փաստաբանի դերը ստանձնել: «Օրինակ Բրատիսլավայում հայտարարությունը տարածվել էր արտգործնախարարների հանդիպման օրը, ադրբեջանական կողմը տարածել էր այն, եւ հաջորդ օրը պատասխանը տրվել է: Նույն օրը երեկոյան նախատեսվում էր հանդիպում, 5-10 րոպե կամ երկու ժամ հետո հայկական կողմի պատասխանելու իմաստը չեմ հասկանում: Այսինքն, ադրբեջանական կողմի ամեն հայտարարությանը միանգամից մի քանի րոպեի ընթացքում պետք է պատասխանե՞նք: ԱԳՆ-ն իր հիերարխիան ունեցող կառույց է, այնտեղ ամեն տեքստ պետք է հստակ մշակվի, եւ ինչ-որ մեկը նստած չէ, որ արագ տեքստ գրի եւ պատասխանի»:
Ադրբեջանագետը հիշեցրեց, որ ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը թվիթերում գրառում է արել, նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակն է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարության առիթով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ