Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նախքան կառավարության նիստի հարցերին անցնելը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց՝ «Գոլդեն Փելես»-ում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներից, ապա հետաքրքրվեց նաեւ կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներից։ Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակվում են իրականացվել՝ սկսած սահմանային հսկողությունից, վերջացրած երկրում արձանագրված մեկ կորոնավիրուսի հաստատված դեպքով:
Նա նաեւ հայտնեց, որ հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների ինքնազգացողությունը եւ առողջությունը լավ է։ «Որեւէ մեկը գանգատ չունի, այդ թվում կորոնավիրուսով հաստատված պացիենտը։ Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը։ Համարելով, որ այն վարակիչ է, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ, այսինքն՝ համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է, որ չհանդիպի։ Մինչ օրս կատարվել է 162 նմուշ, ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում կհայտնենք»,-ասաց նախարարը:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն ամեն ինչով ապահովա՞ծ են։ Թորոսյանն ասաց՝ այո՝ նշելով, որ, նույնիսկ գրքեր, ինտերնետ, հեռուստացույց ունեն: Ասաց նաեւ, որ մինչեւ մարտի 14-ը նրանք կմնան հյուրանոցում։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ