Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին հանդիպած տասնյակ քաղաքացիներ չեն իմացել, որ ապրիլի 5-ին հանրաքվե կա

Մարտ 05,2020 14:37

«Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է բանկերում ապահովել հերթ կանգնելու կուլտուրան:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պատասխանից հետո, որ բանկերում այդ հարցը լուծվել է եւ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու համար, Փաշինյանը հորդորեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել:

Նա նաեւ կոչ արեց պատրաստել հոլովակներ, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել:

Նրա խոսքով, Մաշտոցի պողոտայով քայլելիս հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնցից շատերը տեղյակ չեն եղել, որ ապրիլի 5-ին հանրաքվե է նշանակված. «Ստացվում է, որ այդ ծրագրերը անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետեւ գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք եւ գրենք, որ ծրագիրը կատարված է, տեղյակ չեն մարդիկ, եւ այդ չտեղեկացվածության մեղավորը մենք բոլորս ենք»:

Ըստ նրա, մի հատ էլ ռազմավարություն պետք է մշակել՝ ինչ անել, որ իր հանձնարարականին 2-րդ, 3-րդ կամ 4-րդ անգամ չանդրադառնա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ բանկային համակարգում մի խնդիր կա, այն է՝ այսօր կանխիկ տրամադրվող ծառայությունները ավելի էժան են, քան անկանխիկ, մինչդեռ պետք է հակառակը լինի. «Դրա պատճառն այն է, որ իրենց եկամուտի աղբյուրը կանխիկ է, քանի որ աշխատավարձների մի ստվար հատված կա, որ կանխիկ ենք տալիս: Դա նաեւ քաղաքակրթության հարց է, բանկում կոմունալ վճարելը խայտառակություն է քաղաքակրթական իմաստով»,-ասաց նա:

Վարչապետն արձագանքեց՝ դա նույնն է, որ գնաս ընտրությունների եւ քարոզարշավ չանես. «Մենք ասում ենք, մենք լսում: Մի տարի հետո ասում են՝ փուլ-փուլ անում ենք, ձեր փուլ-փուլ անելը մինչեւ 2053 թիվը կտեւի: Ես դնում եմ հետեւյալ խնդիրը՝ լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ եւ չդադարեցնել, սկսել հիմա եւ չավարտել այնքան ժամանակ, մինչեւ դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չլինի»:

Փաշինյանը խոսելով բենզալցակայաններում եղած խնդիրների մասին՝ ասաց, որ բազմաթիվ ոլորտներ կան, որ տուգանվելը ձեռնտու է. «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն»: Ըստ նրա պետք է տուգանքները այնքան լինեն, որ խուսափի գնա այդ քայլին եւ տուգանվելու դեպքում կանգնի փակվելու հարցի առաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031