Կորոնավիրուսի պատճառով IWF-ն չեղարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս մասին տարածած հայտարարության մեջ նշել է, որ կորոնավիրուսի (COVID 19) տարածումն ամբողջ աշխարհում գտնվում է իր ուշադրության կենտրոնում եւ որ իր համար առաջնայինը մասնակիցների առողջությունն է ու անվտանգությունը:
«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ցանկացած միջազգային խոշոր մրցաշար անցկացնելիս անպայման հաշվի առնել այդ իրադարձության անհատական բնութագիրները: Պատանիների աշխարհի առաջնությանը, որի մեկնարկը նախատեսված էր մարտի 13-ին, մասնակցելու էր ավելի քան 80 երկրի պատվիրակություն: Մրցման ընթացքում շատ մարդիկ են շփվելու ծանրաձողի ու ծանրաքարերի հետ ու այստեղ հարկ էր հաշվի առնել նաեւ մարզիկների տարիքը: Այս պարագայում միջազգային ֆեդերացիան չէր կարող վստահ լինել, որ բոլոր մարզիկները կմասնակցեին աշխարհի առաջնությանը:
Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացրել առաջին հերթին հյուրընկալող երկրի ֆեդերացիայի հետ եւ Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Նիկու Վլադի խնդրանքով միջազգային ֆեդերացիայի գործկոմը համաձայնել է չեղարկել ծանրամարտի աշխարհի 2020 թվականի պատանեկան առաջնությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում»,-ասված է IWF պաշտոնական կայքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ