«Այս օրինագիծը հում է եւ թույլ է տալիս երկակի-եռակի չափանիշներ կիրառել: Ասում եք՝ «բռնության արդարացում»: Հիմա ես արդարացնում եմ այն, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, եւ հիանում եմ դրանով: Միշտ արդարացնելու եմ դա: Հիմա ես, ըստ այս օրենքի, արդարացնո՞ւմ եմ բռնությունը»,-Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին այսօր նման հարցադրում հղեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է բռնության կոչի, դրա քարոզի եւ բռնությունն արդարացնելու համար կալանքի, տուգանքի, ազատազրկման տեսքով քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծերի փաթեթը:
«Այո»,-պատասխանեց Սրբուհի Գալյանն Արման Աբովյանին: «Ըհն, վերջ…շնորհակալություն»,-արձագանքեց պատգամավորը:
Սրբուհի Գալյանը շարունակեց. «Ձեր արարքը ենթակա է որակման որպես բռնության կոչ: Բայց արդյոք վարույթն իրականացնող մարմինն այդպե՞ս կգնահատի: Կարծում եմ՝ վիճելի է, որովհետեւ գոյություն ունի վնասի վտանգավորության հանցագործություն հասկացությունը: Իմ գնահատմամբ՝ ձեր արարքը, որը չի ենթադրում լայն զանգվածների մոտ բռնության գործադրման հավանականություն, չի որակվի որպես բռնության կոչ, իսկ որակվելու դեպքում՝ քրեական գործը կկարճվի: Ամեն դեպքում, նման օրինակները վատ իմաստով ելք չեն ունենա»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ Արման Աբովյանին ասաց, որ իր արարքը իրական վտանգ չի ենթադրում: Արման Աբովյանն այնքան էլ չհամաձայնեց. «Օրենքի կանոնները ծայրահեղ իրավիճակների համար էլ պետք է դիտարկել: Հավատացնում եմ, որ օրենքի որոշ դրույթներ շատ լղոզված են, վիճահարույց բաներ կան: Նաեւ շեշտեմ, որ բռնության կոչերը պետք է լինեն պատժելի, բայց խնդիրը սահմաններն ու որակումներն են, որոնց պարագայում օրենքը թերի է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ