Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանք եւ ազատազրկում՝ բռնության կոչ անողներին ու բռնություն քարոզողներին. օրինագիծը՝ ԱԺ-ում

Մարտ 05,2020 12:55

ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու օրինագծերը, որոնց հեղինակն է կառավարությունը, այսօր ԱԺ-ում քննարկվում են առաջին ընթերցմամբ: Առավելագույնը երկու ամիս կալանք եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, եւ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում: Եթե նշյալ օրինագծերն ընդունվեն, պատժի տեսակներն այսպիսին կլինեն:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով ներկայում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանց քարոզի եւ դրանք արդարացնելու համար. «Առկա կարգավորումները բավարար չեն՝ մարդկանց կյանքի, առողջության պահպանման, սեռական անձեռնմխելիության պաշտպանության համար: Օրինագծով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել՝ անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով եւ այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար»:

Բռնությունը, Սրբուհի Գալյանի խոսքով, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարքն է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, ստացել է առողջական վնաս, ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք. «Իսկ «կոչ» ասելով նկատի ունենք անձանց գիտակցության եւ կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի հանդեպ բռնություն գործադրելուն, բռնության գաղափարի պաշտպանությանը, բռնություն գործած անձանց արդարացմանը, նրանց պաշտպանությանը: Նման դեպքերում անձը հրապարակային հայտարարում է, որ տվյալ բռնությունը ճիշտ է եւ ենթակա է պաշտպանության: Իսկ «քարոզն» անձի կամ անձանց խմբի դեմ բռնության գործադրման գաղափարի տարածումն է: Քարոզ չի կարող դիտվել մեկ անձի կողմից բռնության գործադրման գաղափարի տարածումը: Անհրաժեշտ է, որպեսի քարոզը տարածվի հանրության լայն շրջանակում»:

Սրբուհի Գալյանը նաեւ շեշտեց՝ խոսքի ազատության  իրավունքը չի ներառում ատելության խոսքը, այն խոսքի ազատության իրավունքի սահմաններից դուրս է. «Այս օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսեւորման՝ բռնության կոչի, այն արդարացնելու եւ այն քարոզելու համար»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը որոշ ձեւակերպումների հետ համաձայն չէր: Նա օրինակով ասաց, որ եթե հեռուստաընկերությունը ցուցադրում է ֆիլմ, որի հերոսը կոչ է անում այսինչ անձին սպանել, ապա ստացվում է, որ հեռուստաընկերության տնօրինությունը պատասխանատվության է ենթարկվելու:

Սրբուհի Գալյանն արձագանքեց, որ այսօր անհանդուրժողականության մթնոլորտը փաստ է. «Շատերը հրապարակային, այդ թվում՝ սոցցանցերով, բռնության կոչեր են անում: Ունենք խնդիր, որը լուծել է պետք: Արարքի հանրային վտանգավորությունն այնպիսին է, որ քրեական պատասխանատվություն պետք է լինի: Արարքում պետք է պարզվի եւ հիմնավորվի մեղքի առկայությունը: Այսինքն, պետք է պարզվի՝ նման արարքով անձինք կամ հեռուստաընկերությունը նպատակ ունեցե՞լ են բռնություն քարոզելու, բռնություն գործադրելու ցանկություն առաջացնելու: Կարծում եմ՝ այս դեպքում պատասխանը «ոչ»-ն է: Իսկ եթե պարզվի, որ անձը նման եղանակով դիտավորություն է ունեցել բռնություն հրահրելու, հանցակազմը տարածվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031