Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան Ռուսաստանին գործարքի է հրավիրում ԼՂ խնդրի շուրջ

Մարտ 05,2020 12:07

Սկիզբը՝ այստեղ:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի համոզմամբ՝ թուրքական կողմի բարձր մակարդակի վերջին հայտարարություններն Արցախի մասով որոշակի տարբերվում են նախորդ տարիների հայտարարություններից եւ բավական վտանգավոր են:

– Լիբիայի հարցում եւս Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բեւեռներում, այս հարցում համաձայնության գալու հնարավորություններ կա՞ն:

– Տարածաշրջանային թերեւս բոլոր հակամարտություններում Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բեւեռներում, ինչը բնավ պատահական չէ։ Հասկանալի է, որ անկախ ամեն ինչից, Ռուսաստանն ու Թուրքիան եղել են, մնում են եւ կմնան որպես տարածաշրջանային մրցակիցներ ու հակառակորդներ։ Եվ թվում էր, թե նման իրավիճակում կողմերը չպետք է կարողանան համագործակցել տարածաշրջանային այդ կոնֆլիկտներում։ Բայց, քանի որ Պուտին-Էրդողան անձնական շփումներն ու հարաբերությունները գերակայում են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, ավելի ծանրակշիռ են, ուստի եւ այդ թերությունը վերածվում է առավելության, եւ կողմերը կարողանում են անգամ արդյունավետորեն համագործակցել։ Կողմերը տվյալ մոդելը փորձարկեցին Սիրիայում, երբ Էրդողանն ընդգծում էր, որ Թուրքիան ազդեցություն ունի սիրիական ընդդիմության վրա, իսկ Պուտինն էլ՝ Բաշար Ասադի վրա, եւ հետեւաբար եթե երկու երկրները միավորեն ջանքերը, ապա կարող են լուծում տալ հակամարտություններին (Էրդողանն այժմ այս տակտիկան փորձում է բանեցնել Արցախյան հիմնախնդրի մասով)։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը գտնում են, որ «տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանային երկրների կողմից, եւ որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) անելիք չունեն այստեղ»։ Արդեն նշել եմ, որ Լիբիան Թուրքիայի համար անհամեմատ ավելի կարեւոր է, քան Իդլիբը, եւ հետեւաբար Էրդողանը փորձելու է Պուտինի միջոցով կասեցնել Հաֆթարի բանակի առաջխաղացումը եւ պահպանել Սարաջի կառավարությունը։ Այս համատեքստում Էրդողանը կարող է զոհաբերել նաեւ Իդլիբը (միգուցե նաեւ առանց Աֆրինին ու Հաթային սահմանակից շերտերի)։ Չեմ բացառում, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ու սակարկությունների նոր դաշտ բացելու նպատակով Էրդողանը փորձում է ակտիվացնել կովկասյան եւ մասնավորապես Արցախյան ուղղությունը։

Ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի համար Լիբիայի մեծ կարեւորությունը։ Թուրքիան այդ երկրում (հատկապես շինարարական ոլորտում) ներդրել է 17 միլիարդ դոլար եւ ցանկանում է պահպանել, չկորցնել դրանք։ Բացի այդ, Թուրքիան Լիբիան Աֆրիկայում դիտարկում է որպես «դարպաս երկիր»՝ նրա միջոցով մայրցամաքի խորքերը ներթափանցելու համար։ Տրիպոլիի կառավարության հետ աշնանը ստորագրած պայմանագրով Թուրքիան ինքնուրույն (ապօրինի) ընդլայնեց իր ջրային սահմանները Միջերկրական ծովում, որով կարող է իրեն իրավունք վերապահել էներգակիրների հետախուզման աշխատանքներ սկսել ջրային տվյալ տիրույթում։ Բացի այդ, իր ջրային սահմանների ընդլայնմամբ Թուրքիան ձգտում է կասեցնել Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի եւ նաեւ Եգիպտոսի կողմից EastMed գազատարի կառուցումը։ Վերջինս շրջանցելու է Թուրքիայի տարածքը եւ Արեւելյան Միջերկրածովի գազը պետք է հասցնի ԵՄ, մինչդեռ Թուրքիան ցանկանում է այդ հարցում դառնալ տարանցիկ երկիր, սակայն նրա հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող տվյալ երկրները չեն ցանկանում գործ ունենալ Թուրքիայի հետ։ Չնայած նրան, որ EastMed գազատարի երկարությունը կազմելու է 1900 կմ (դառնալու է աշխարհի ամենաերկար ստորջրյա գազատարը), այն անցնելու է սեյսմիկ ակտիվ գոտով, բավական մեծ խորության վրա (մինչեւ 3000 մ), լինելու է բավական թանկարժեք նախագիծ (7-10 մլրդ եվրո), սակայն Կիպրոսն ու Իսրայելը ընտրել են հենց այս տարբերակը։

Մինչդեռ Արեւելյան Միջերկրածովի գազը ԵՄ հասցնելու ամենակարճ ուղին Թուրքիան է («Իսրայել-Թուրքիա» հնարավոր գազատարի երկարությունը կազմելու է 500-550 կմ), որի հետ այդ երկրները բարդ հարաբերությունների մեջ են։ Եվ վերջապես, նկատենք, որ Լիբիան իր վերահսկողության տակ պահելու դեպքում Թուրքիան նոր հզոր լծակ ձեռք կբերի ԵՄ-ի դեմ։ Նկատի ունեմ փախստականներին, որոնք Հյուսիսային Աֆրիկայից, հիմնականում հենց Լիբիայից են մեկնում Եվրոպայի հարավ։ Թուրքիան, որն արդեն ԵՄ-ի արեւելքից նրան շարունակ սպառնում է փախստականների հոսք կազմակերպելով, այդպիսով հնարավորություն կունենա ԵՄ-ին սպառնալ նաեւ հարավից (Լիբիա)։ Այնպես որ, Լիբիան Թուրքիայի համար կարող է ծառայել ե՛ւ որպես «վահան» (EastMed գազատար), ե՛ւ որպես «սուր» (դեպի ԵՄ փախստականների հոսքի ուղղորդում)։

– Գանք մեր տարածաշրջանին: Իդլիբ նահանգում ռուս-թուրքական հակամարտությունը կարո՞ղ է մեր տարածաշրջանում իրավիճակի սրացման հանգեցնել: Մոսկվան ու Անկարան մի կողմից համագործակցում են, մյուս կողմից՝ մրցակցում։ Թուրքիան տարածաշրջանում ընդդեմ Ռուսաստանի, եթե գնա գործողությունների, Մոսկվայի պատասխանն ինչպիսի՞ն կլինի:

– Իհարկե, դա կարող է հանգեցնել իրավիճակի սրացման, ինչը Թուրքիայի համար բանակցային նոր դաշտ կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան հասկացել են, որ համագործակցելու դեպքում ավելի մեծ արդյունքներ են գրանցում, քան՝ հակամարտելու դեպքում։ Իհարկե, որոշ դեպքերում պետք է ստեղծել հակամարտության դաշտ, որն էլ իր հերթին կհանգեցնի այդ դաշտում համագործակցության։ Այնպես որ, հիրավի ակնկալում եմ կովկասյան ճակատում Թուրքիայի էական ակտիվացում։

Էրդողանը քաջ գիտակցում է, որ Թուրքիայում իր իշխանությունը հավերժ չէ, նույնը վերաբերում է Ռուսաստանում Պուտինի իշխանությանը, ուստիեւ անհրաժեշտ է շտապել Կովկասին առնչվող ծրագրերն իրագործելու համար։ Այստեղ նա հաշվի է առնում նաեւ այն, որ ժամանակի ընթացքում գնալով ամրապնդվելու են Հայաստանի ներկայիս լեգիտիմ իշխանությունները ներքին ու արտաքին ճակատներում եւ այս համատեքստում նույնպես պետք է շտապել։ Ելնելով այս ամենից՝ այժմ հակված եմ կարծել, որ Էրդողանն անգամ չի սպասելու Սիրիական կամ Լիբիական հակամարտությունների ավարտին եւ հետո նոր միայն իր ուշադրությունը բեւեռի Կովկասի վրա։ Չեմ կարծում, թե Թուրքիան ինքնուրույն քայլերի կգնա Կովկասում, փոխարենը նա կփորձի իր քայլերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ եւ միգուցե փորձեն ազդեցության գոտիների նոր վերաբաժանում իրականացնել Կովկասում։

Այստեղ էլ Էրդողանը գործի կդնի կշեռքի նժարների տակտիկան, երբ ԱՄՆ-ից պահանջում էր կշեռքի նժարներից մեկի վրա դնել Սիրիայի քրդերին, իսկ մյուս նժարի վրա՝ Թուրքիան, եւ տեսնել, թե որ նժարն է ավելի ծանրակշիռ (թե ումից ունի ավելի մեծ օգուտներ)։ Նույն կերպ Էրդողանը Պուտինից պահանջում էր ընտրություն կատարել իր եւ Բաշար Ասադի միջեւ։ Այնպես որ, կշեռքի նժարների այս տակտիկան կարող է բանակցվել նաեւ Կովկասում, երբ Էրդողանը Պուտինից կպահանջի կշեռքի նժարներից մեկի վրա դնել Հայաստան/Արցախը, իսկ մյուսի վրա՝ Թուրքիան։ Ակնհայտ է, որ թե՛ այս, թե՛ վերոնշյալ բոլոր դեպքերում էլ թուրքական նժարն անհամեմատ ավելի ծանրակշիռ է, եւ Էրդողանը քաջ գիտակցում է այս հանգամանքը։

– Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը ժամանել էր Բաքու, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացավ Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի ութերորդ նիստը: Հայտնի է, որ ստորագրել են մի շարք առեւտրային համաձայնագրեր, ինչպես նաեւ՝ ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրեր: Կմանրամասնեք, ի՞նչ համաձայնագրերի մասին է խոսքը:

– Էրդողանի ադրբեջանական այցը գնահատում եմ բավական արդյունավետ։ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին արտոնյալ ռեժիմով առեւտրային համաձայնագիր, ինչին Թուրքիան տենչում էր գրեթե մեկ տասնամյակ։ Թուրքիայի համար վիրավորական էր, որ 2007թ.-ից ազատ առեւտրի համաձայնագիր է կնքել Վրաստանի հետ, մինչդեռ «եղբայրական Ադրբեջանը» համառորեն հրաժարվում էր իր հետ կնքել ազատ կամ արտոնյալ ռեժիմով առեւտրային համաձայնագիր (միգուցե վախենալով, որ Թուրքիան այդ դեպքում տնտեսապես կգրավի Ադրբեջանը, հարվածի տակ կդրվեն Ադրբեջանի իշխանությունների մոնոպոլիաները տնտեսական ոլորտում, թուրք գործարարների նկատմամբ կամայականություններ գործելը կլինի շատ ավելի դժվար, քան տեղաբնակների դեպքում է եւ այլն)։ Էրդողանի այցի արդյունքներով խոսք գնաց նաեւ վիզային համաձայնագրի ստորագրման մասին։ Դեռ նախորդ տարի հաղորդվեց, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից չեղարկում է Թուրքիայի համար վիզային ռեժիմը։ Սա նույնպես շատ կարեւոր քայլ էր Թուրքիայի համար, որին նա նույնպես ձգտում էր հասնել մոտ մեկ տասնամյակ։ Թուրքիան վաղուց էր վերացրել վիզային ռեժիմը Ադրբեջանի քաղաքացիների համար, մինչդեռ Ադրբեջանը մինչեւ վերջերս շարունակում էր վիզա պահանջել Թուրքիայի քաղաքացիներից (պաշտոնապես պատճառաբանում էին Իրանի գործոնով, որ եթե Ադրբեջանը վիզային ռեժիմը վերացնի Թուրքիայի քաղաքացիների համար, ապա նույնը պետք է անի Իրանի քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանը կխզի ցամաքային կապն Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ)։ Ադրբեջանի այդ համառությունը դարձյալ վիրավորում էր Թուրքիային նաեւ նրա համար, որ Վրաստանը Թուրքիայի քաղաքացիներից չէր պահանջում վիզա, իսկ «եղբայրական Ադրբեջանը» պահանջում էր։ Այժմ այս խնդիրը լուծված է, եւ չեմ բացառում, որ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը համաձայնել է պայմանով, որ Թուրքիան կրկնակի թանկացնի Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի գինը։

Նախկինում առիթ ունեցել եմ նշելու, որ Թուրքիան, ըստ իս, հենց արտոնյալ ռեժիմով առեւտրային ու վիզային ռեժիմի վերացման համաձայնագրերի բացակայության պատճառով է տարիներ շարունակ ձգձգել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի իր հատվածի կառուցումը։ Իսկ այդ երկաթգիծը պետք է տեղափոխեր թե՛ ուղեւորներ, թե՛ բեռներ, եւ հետեւաբար այն առնչվում էր տվյալ երկու խնդրին (թուրքական կողմն Ադրբեջանից պահանջում էր համաձայնել նաեւ Նախիջեւանի հետ սահմանին Թուրքիայի կողմից ազատ առեւտրի գոտի հիմնելուն եւ արդեն հասել է դրան)։ Այժմ այս կարեւոր խնդիրները լուծվել են, ԲԹԿ-ն նույնպես գործում է թեթեւ ռեժիմով (2 տարում տեղափոխել է ընդամենը 275.000 տ բեռ՝ տարեկան 3-6.5 մլն տ-ի փոխարեն)։ Թուրքիան, ձգձգելով ԲԹԿ-ի կառուցումը, այդպիսով ձգձգում էր նաեւ «Կարս-Իգդիր-Նախիջեւան» (ԿԻՆ) երկաթգծի կառուցումը, որը պետք է հանդիսանա նրա շարունակությունը։ Էրդողանի այցի արդյունքներով երկու երկրները հուշագիր ստորագրեցին ԿԻՆ երկաթգծի կառուցման մասին եւ կարծում եմ, որ շուտով կտրվի դրա կառուցման մեկնարկը։ Թուրքիան ԿԻՆ երկաթգծի միջոցով կարող է հավակնել նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի մաս դառնալուն։ Էրդողանի այցի արդյունքներով կողմերը նաեւ պայմանագիր ստորագրեցին «Իգդիր-Նախիջեւան» գազատարի կառուցման մասին, ինչի մասին խոսվում էր ավելի քան մեկ տասնամյակ առաջ։

Այսպիսով, Թուրքիան շեշտակի ամրապնդում է իր դիրքերը Նախիջեւանում, եւ հնարավոր է՝ մի օր էլ փորձի այն ընդգրկել իր կազմում։ Էրդողանի այցի արդյունքներով ստորագրված համաձայնագրերը միայն մեծացնելու են Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար հետագայում։ Այդ կարեւորությունը շարունակ աճելու է՝ հաշվի առնելով նաեւ այն, որ նախորդ տարվա տվյալներով՝ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրը՝ շրջանցելով Իրանը (դա տեղի ունեցավ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի թողունակության մեծացման եւ «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցման շնորհիվ)։ Այս ամենը, բնականաբար, ծանրացնում է ադրբեջանական նժարը Թուրքիայի համար եւ ավելի բարդացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

– Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ հանդես եկավ հակառուսական հայտարարություններով: Իսկ Բաքվում արդեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել էին Արցախյան հիմնահարցը: Էրդողանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի խնդիրն է: Նրա խոսքով՝ «Անկարայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ երազանք է»: Հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական հարաբերություններն այս փուլում անդրադառնան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Էրդողանն իր վերջին հայտարարություններով, կարծես, Մոսկվային ցույց տվեց, որ իրենց դաշնակիցը Հարավային Կովկասում Ադրբեջանն է: ԼՂ խնդիրը լրացուցիչ լծա՞կ է՝ ազդելու Մոսկվայի վրա:

– Ես կասեի լրացուցիչ համագործակցության դաշտ է ապահովելու։ Թուրքիան ընդգծում է, որ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, Ռուսաստանն էլ՝ հայկական կողմերի վրա, ուստի եւ ջանքերը միավորելու դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան «կարող են» արդյունքներ գրանցել։ Այլ կերպ ասած՝ առաջարկվում է համագործակցության «սիրիական մոդելը»։ Իր վերջին հայտարարություններով, որոնք մտահոգիչ են մեզ համար, Թուրքիան նախ ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը «նաեւ իր խնդիրն է», այսինքն՝ «իրավասու է» ակտիվորեն միջամտել տվյալ խնդրի կարգավորմանը։ Եվ երկրորդ՝ Թուրքիան սկսել է Ռուսաստանին գործարքի հրավիրել այս խնդրի շուրջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «պետք է օգտագործի» իր ունեցած ազդեցությունը։ Այստեղ Թուրքիան պատրաստ է բավարարվել երկրորդ համարով, առաջին համարը, առաջին քայլն անելու հնարավորությունը զիջելով Ռուսաստանին։ Նկատի է առնվում այն, որ առաջին հերթին Ռուսաստանը «պետք է հայկական կողմերին հարկադրի» գնալու տարածքային զիջումների, եւ հետո նոր Թուրքիան կմտնի խաղի մեջ (Թուրքիան ինքը չունի այդպիսի ճնշման հնարավորություն եւ համարում է, թե Ռուսաստանը «ունի»)։

Թուրքական կողմի այս ծրագրերում, բնականաբար, տեղ նախատեսված չէ հայկական կողմի/կողմերի ձայնը հաշվի առնելուն, նրան թվում է, թե «արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միայն Ռուսաստանի համաձայնությունը ստանալը»։ Այնպես որ, թուրքական կողմի բարձր մակարդակի վերջին հայտարարություններն Արցախի մասով որոշակի տարբերվում են նախորդ տարիների հայտարարություններից եւ բավական վտանգավոր են։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան փորձում է մի նոր «Մոսկվայի պայմանագիր» առաջարկել Ռուսաստանին (չեմ բացառում, որ թուրքական կողմը կարող է առաջարկել այսպիսի գործարք. «Նախիջեւանը՝ Թուրքիային, Արցախը՝ Ռուսաստանին»)։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031