Ըստ Կարեն Օհանջանյանի՝ «բանակցությունների վարման մշակույթը կայանում է նրանում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ հակառակորդին չզիջես քո շահերը, ազգային հետաքրքրությունները»:
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեբատը: Ի՞նչ տպավորություն ստացան այդ քննարկումից, Արցախում դրա շուրջ ինչպիսի՞ կարծիքներ են իշխում, հարցրեցինք «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանին: Մասնավորապես, այդ դեբատից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց 6 սկզբունքներ, «Մյունխենյան սկզբունքներն» ինչպե՞ս են ընդունվում Արցախի հասարակության մոտ:
«Ես նորմալ եմ համարում Հայաստանի վարչապետի մասնակցությունը դեբատներում: Կարեւորը ոչ թե այն է, թե ինչպես է նա խոսել, այլ այն, ինչպես է պաշտպանել հայության շահերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում: Եվ նրա երկխոսությունը մեկ անգամ եւս ինձ համոզում է, որ նա չի դավաճանի իր ազգի շահերը», նշեց Կարեն Օհանջանյանը:
Ապա մեր զրուցակիցը հավելեց. «Ինչ վերաբերվում է վարչապետի հնչեցրած սկզբունքներին, կան մարդիկ, որոնք նրան համարում են ոչ ուժեղ, իսկ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ընդունելի են համարում: Ինձ համար երբեք բանակցությունների պայմանները եւ սկզբունքները չեն խաղացել եւ չեն խաղում կարեւոր դեր: Էմմա, դու լավ գիտես, որ ես առաջիններից էի, ով սկսեց բանակցային գործընթացը՝ ինչպես ոչ կառավարական կազմակերպությունների, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ: Եվ ես եկել եմ այն եզրակացության, որ բանակցությունների ժամանակ պետք է խոսել ամեն ինչի մասին: Դու չես կարող բանակցության գնալ հակառակորդի հետ եւ ստիպել, որ խոսակցություն ունենալու եք միայն Արցախի ճանաչման շուրջ, այդ ժամանակ բանակցությունները կորցնում են իմաստը: Հակառակորդին հետաքրքիր չէ բանակցությունները վարել միայն ճանաչման շուրջ, նրան հետաքրքրում են այլ հարցեր եւս, որոնք մեզ հետաքրքիր չեն: Բանակցությունների վարման մշակույթը կայանում է նրանում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ հակառակորդին չզիջես քո շահերը, ազգային հետաքրքրությունները: Սրանք են իմ սկզբունքները»:
Կարդացեք նաև
«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի՝ մարտի 6-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ