Լրահոս
Օրվա լրահոսը

Անառողջ հասարակության նշանները

Մարտ 05,2020 10:00

Ասե՞լ, թե՞ չասել մարդկանց ճշմարտությունը: Իշխանությունների մասին ճշմարտությունն ասելն առանձնապես դժվար չէ՝ մանավանդ այսօր: (Ուրիշ հարց, որ մինչեւ հեղափոխությունն այդ ճշմարտությունը ժողովրդին դուր էր գալիս, իսկ հիմա դա համարվում է գրեթե դավաճանության նման մի բան):

Ընդդիմության մասին առանձնապես խոսելու բան չի մնացել, որովհետեւ ընդդիմադիր հայացքներ ունեցողներն այսօր Հայաստանում դարձել են հազվագյուտ տեսակ:

Ամենաբարդը ժողովրդին իր մասին ճշմարտությունն ասելն է: (Իհարկե, դա պետք է անել ամենայն հարգանքով, առանց մեծամտության եւ սնոբիզմի): Դա դժվար է, որովհետեւ չի կարող արժանանալ ծափահարությունների եւ «սրտիկների»: Բայց ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս օգնել հիվանդին, եթե չասես նրան իր հիվանդության մասին:

Եվ, ուրեմն, արձանագրենք՝ մեր ժողովուրդը, աշխարհի մնացած ժողովուրդների նման, հեշտությամբ է ենթարկվում մանիպուլյացիաների եւ հակված է խուճապի: Երկուշաբթի օրը սուպերմարկետների վրա «հարձակումը» դրա վառ ապացույցն է:

Թվում է, թե դա ուղղակի զանգվածային պսիխոզի անհեթեթ դրսեւորում է՝ մի՞թե մարդիկ մտածում են, որ կորոնավիրուսը միջուկային գրոհի նման մի բան է, եւ անհրաժեշտություն կառաջանա մի քանի ամիս նստել նկուղում: Ամենայն հավանականությամբ, ոչ մի բան էլ չեն մտածում, պարզապես խուճապի մեջ են, եւ վերջ: Կարելի է ծիծաղել եւ մոռանալ դրա մասին:

Բայց ես այստեղ տեսնում եմ երկու վտանգ, հասարակական հոգեկան անառողջության նշաններ: Առաջին՝ մարդիկ ելնում են ռեսուրսների անբավարարության, դեֆիցիտի կանխավարկածից՝ «վայ, մակարոնները տարան, ինձ չի հերիքի»: Երբ մարդու աչքը միշտ «ուրիշի ամանի մեջ է», եւ նա համոզված է, որ այդ «ուրիշը» գաստրոնոմիական հաճույքներ է վայելում ի՛ր հաշվին, դա մշտական սթրեսի աղբյուր է, եւ մեծապես խոչընդոտում է մարդու ստեղծագործական էներգիայի դրսեւորմանը: Այդպես հնարավոր չէ կերտել ո՛չ սեփական, ո՛չ էլ երկրի բարեկեցությունը:

Երկրորդ՝ այն մարդը, որը մակարոնի մի քանի արկղ գրկած փակվել է իր տանը, նա, հավանաբար, կորոնավիրուսով չի հիվանդանա: Բայց նրա ուղեղում եւ ամբողջ օրգանիզմում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որոնք թերեւս կորոնավիրուսից ավելի վտանգավոր են: Նա, այդ բառի գրեթե ուղիղ իմաստով, թունավորվում է վախով:

Այստեղից՝ իմ առաջարկը: Լսել բժիշկներին եւ պահպանել հիգիենայի կանոնները: Ապրել սովորական ակտիվ կյանքով: Հնարավորինս քիչ մտնել սոցիալական ցանցեր: Վերջին առաջարկս ուժի մեջ է նաեւ կորոնավիրուսի պատմության ավարտից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Չսափրվածներին (անթրաշներին) և մորուքավորներին շտապ սափրվե՞լ:
    Այո՞, թե՞ Ոչ:

  2. Artur Lazarian says:

    Գերմանիայում որ յանկարծ տօն օրերը շաբաթ-կիրակիի կողքն էր լինում (օրինակ՝ Զատիկին չորս օր ոչ աշխատանքային է), խանութներում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Կրած տանում են, կարծես պատերազմ է ու երկիրն էլ շրջափակման մէջ է։ 😊

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031