Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են խոսել կաթողիկոսն ու իմքայլականները՝ եկեղեցու «կոռումպացվածության հետազոտության» մասին

Մարտ 05,2020 15:30

Կառավարությունն ուսումնասիրում է Հայ առաքելական եկեղեցու բարեգործական ծրագրերն ու ներկրած բեռները, ԲՀԿ պատգամավորը կոռուպցիոն ռիսկի կասկածներ ունի՝ եկեղեցին փակ կառույց է, եթե թաքցնելու բան չունի, պիտի ցույց տա մուտքերն ու ելքերը:

Օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Մայր աթոռ էին գնացել ու հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ինչպես երեկ պարզեցինք հանդիպմանը մասնակցած պատգամավորներից մեկից՝ Հրաչյա Հակոբյանից, կաթողիկոսը հարցադրումներ է արել ու իր մտահոգությունն է հայտնել օրերս կատարված հետազոտության արդյունքների հետ կապված, ըստ որի, Հայ առաքելական եկեղեցին համարվել էր «ամենակոռումպացված կառույցներից» մեկը, ավելի կոռումպացված, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԿԸՀ-ն եւ այլն: Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի այս հետազոտությունն արվել էր հեղափոխությունից հետո՝ 2019-ին, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Համացանցում այս հետազոտությունը բավականին մեծ քննարկումների եւ եկեղեցականների տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Հատկապես բուռն քննադատության էին արժանացրել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի այն տեսակետը, թե եկեղեցու արտոնությունները պետք է վերացնել, ունեցվածքը գույքագրել ու հարկման դաշտ բերել՝ դարձնելով վերահսկելի: Այս հայտարարութանն արձագանքել էին Մայր աթոռից՝ ասելով, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» ակնհայտորեն թիրախավորել է եկեղեցին. «Արեւմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու եւ նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝ իրենց վերագրումների մեջ դիտարկելով եկեղեցին պետական հաստատությունների շարքում, որտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր»:

«Առավոտը» ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարցրեց՝ կառավարության տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է, հնարավո՞ր է գույքագրել եկեղեցու ունեցվածքն ու հարկել: Փոխնախարարը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ այս փուլում ձեւավորված է աշխատանքային խումբ՝ առհասարակ հասկանալու հարկային օրենսդրության կարգավորումները, դրանց կիրառության առանձնահատկությունները՝ եկեղեցու  կողմից իրականացվող գործունեության համատեքստում, որովհետեւ շատ հաճախ իրականացվում են տարբեր բարեգործական ծրագրեր, ներկրվում են բեռներ տարբեր տեսակի եւ խնդիր կա հասկանալու բարեգործական գործունեության շրջանակը, այնուհետեւ կարգավորումները, եթե ընթացակարգային խնդիրներ կլինեն, դրանք հղկել: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, այդպիսի ինչ-որ կոռուպցիոն երեւույթների կամ հարկման դաշտ բերելու… այդպիսիք չեն նպատակադրումները բնավ: Նպատակադրումը հարկման արդար, հավասար մոտեցումներ կիրառելն է ու եթե պիտի լինեն նաեւ արտոնություններ, իսկ այդ արտոնությունները հիմա էլ կան, պարզապես պետք է հասկանալ, հստակեցնել դրանց շրջանակը, որպեսզի չլինեն երկիմաստ մեկնաբանություններ, անորոշություններ: Խնդիր դրված չէ եկեղեցու համար նախատեսված արտոնություններն իսպառ վերացնելու, խնդիրը դրված է եղած կարգավորումները, որոնք միգուցե արդեն հնացել են, առհասարակ ի մի բերելու, որովհետեւ դրանք շատ հաճախ ցրված են տարբեր օրենքների միջեւ»:

Փոխնախարարն ասաց, որ ուզում են ունենալ կանխատեսելի, բոլորի համար նույն կերպ ընկալելի հարկային միջավայր եւ արտոնությունների հասցեականություն. «Հասկանանք, եթե այդ արտոնությունը կիրառվում է, ով է դրա շահառուն, ինչ արդյունք է դա ապահովում եւ եթե դա հիմնավորված է, փաստարկված է, ապա պետք է լինի, եթե ոչ, ապա պետք է չլինի»:

Սոնա Այվազյանը միակը չէ, ով պահանջում է եկեղեցու արտոնությունները վերացնել ու Հայ առաքելական եկեղեցին հարկման դաշտ բերել: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ըստ մեր օրենսդրության, եկեղեցին պետությունից առանձին է գործում եւ ընդհանրապես անհասկանալի է ինձ համար, թե պետությունից դուրս որեւէ կառույց ինչպես պետք է գործի: Այն տրամաբանությունը, որ արվել է մինչ այդ, խիստ խոցելի է եւ այո, կոռուպցիոն ռիսկեր ունի: Եթե հիշում եք, նույնիսկ օդում կախված խոսակցություններ կային կաթողիկոսի ընտրությունների հետ կապված: Այդ խոսակցությունները թեւածում են միշտ օդում: Պարզ քաղաքացին իր հավատը չի պայմանավորի եկեղեցիով: Իհարկե, Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն շատ լուրջ դեր է ունեցել, բայց այս երեւույթները հավատին ավելի վնաս են տալիս, քան թե օգնում են մարդու հավատի ամրապնդմանը: Այս իմաստով, իհարկե, թափանցիկությունը գերադասելի է: Երբ որ քաղաքացին գիտի, որ իր եկեղեցուն աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր, գործարարներ, մեծահարուստներ հանգանակություններ են արել եւ եկեղեցին ունի պայմանական ասած «իքս» գումար իր տնօրինության տակ, եւ դա տնօրինվում է հավատաշինության մեջ, որեւէ խնդիր չկա: Բայց քանի որ դա փակ է, ողջամիտ կասկածներ են առաջանում, որ այո, այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Եվ եթե մենք դեմոկրատական զարգացման ճանապարհն ենք ընտրել, որեւէ ինստիտուտ՝ լինի դա եկեղեցի, թե սովորական դատարան, չպետք է դուրս մնա հանրային վերահսկողությունից: Սահմանադրությամբ մեր ժողովուրդն է իր ինքնիշխան, անկախ կամքով կերտում պետություն: Եթե ժողովուրդը կասկածներ ունի որեւէ կառույցի նկատմամբ, եւ այդ կասկածները, օրինակ, թե եկեղեցին գտնում է, որ անհիմն է, ինչո՞ւ թափանցիկությամբ չապացուցել, որ այստեղ որեւէ խնդիր չկա: Վստահ եմ, որ դա ճիշտ ճանապարհն է»:

Հարցրեցինք՝ եթե իշխանություններն այդ քայլին գնան, դուք վստա՞հ եք, որ այդ թվում ձեր խմբակցության պատգամավորներն աղմուկ չեն բարձրացնի ու ասեն, թե՝ մեր ազգային արժեքները, մեր սրբությունները, մեր եկեղեցին ոտնահարում են՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Մեր ազգային ամենամեծ արժեքը ժողովուրդն է, եւ եթե ժողովրդի հետ կապված մենք խնդիրներ ունենք, պետք է անպայման երկխոսենք ժողովրդի հետ եւ լուծումներ գտնենք: Ես վստահ եմ, որ ժողովուրդը պահանջելու է բոլոր կառույցների թափանցիկություն, որպեսզի ինքը տեսնի՝ այդ հարկերն ո՞ւր գնացին»: Ըստ Սերգեյ Բագրատյանի, դա ժողովրդի՝ տարիներով արարած ֆինանսական ռեսուրսն է ու պետք է վերադարձվի ժողովրդին՝ նոր սերունդ կրթելու համար. «Եթե չկա որեւէ կոռուպցիոն ռիսկ, ինչո՞ւ պիտի թափանցիկ ցույց չտան ե՛ւ մուտքերը, ե՛ւ ելքերը՝ դրանով իսկ ուժեղացնելով եկեղեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031