Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու կարիքների գնահատումն արմատապես փոխվում է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը:
Այս նախագծերը հիմնովին փոխելու են հաշմանդամություն ունեցող անձանց՝ միջավայրի մատչելիության, կարիքների գնահատման եւ այլ խնդիրների լուծման մեթոդները:
Առաջին անգամ անկախ Հայաստանում սահմանվում է հաշմանդամության հիմքով խտրականությունն ու այն արգելվում կոնկրետ օրենքով:
Կարդացեք նաև
Ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին օրենքի նախագծի, հաշմանդամության հիմքով խտրականությունն է՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ/կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը եւ/կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը։ Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաեւ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։ Սա նշանակում է, եթե անձը նշված հիմքերից որեւէ մեկով ենթարկվել է խտրականության, ապա իր իրավունքը վերականգնելու համար կարող է դիմել իրավապահ մարմիններին:
Այս նոր օրենքով սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքներն ապահովել ունիվերսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Նախագծում սահմանվել են նաեւ ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքների համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա պետք է կատարվի խելամիտ հարմարեցում՝ գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով։
Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Այս ամենն իրականացնելու համար օրենքով նախատեսվում է ստեղծել մատչելիության վերահսկողության եւ խթանման նպատակով մատչելիության հանձնաժողով, որի գործառույթներից են համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը եւ զարգացումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, վերհսկողությունը եւ այլն: Մատչելիության հանձնաժողովն, ըստ նախագծի, կնպաստի մշակված նորմերի կիրառմանը՝ տուգանքների նշանակման, համապատասխան խորհրդատվություն տրամադրելու, մեթոդական ուղեցույցներ մշակելու եւ այլ գործողությունների միջոցով:
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծն էլ արմատապես փոխելու է հաշմանդամության կամ կարիքների գնահատման մինչ օրս գործող համակարգը, որից տարիներ շարունակ քաղաքացիները դժգոհում են:
Օրենքի ընդունումից հետո այլեւս չի սահմանվելու հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ կարգ եւ հաշմանդամ երեխա կարգավիճակը, գնահատվելու է անձի ֆունկցիոնալությունը: Գնահատման արդյունքում անձը կամ կճանաչվի հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) կամ չի ճանաչվի, որոշվելու է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթեւ, միջին, ծանր, խորը եւ ըստ այս գնահատման էլ մշակվելու է ծառայությունների անհատական ծրագիրը: Անհատական ծրագիրը, ինչպես օրենքի նախագծում է նշված, պետք է հիմնված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը խթանելու նպատակի վրա: Այն կազմվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա եւ կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական եւ վերականգնողական ծառայությունների, ներառյալ աջակցող միջոցները, ինչպես նաեւ իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ:
Եվ առաջին անգամ այս ոլորտում կարեւոր փոփոխություն է կատարվում՝ ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների՝ սեռով, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
Ըստ օրենքի, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով:
Չեն լինելու բժշկասոցիալական փորձաքննության ներկայիս հանձնաժողովները: Եվ որպեսզի այս ոլորտում կոռուպցիոն գործարքները բացառվեն, կամ գոնե նվազագույնի հասցնեն, օրենքով նախատեսվում է ԲՍՓ-ի փոխարեն ստեղծել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր, այն մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի միջոցով պատահական սկզբունքով էլ ընտրվելու են անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները: Հետո այս մասնագետների ռեեստրից պատահական ընտրության արդյունքում ձեւավորվելու է գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են համապատասխան մասնագետները:
Այս ոլորտի ներկայումս գործող օրենքը ընդունվել է դեռեւս 1993 թվականին, եւ դրա նույնիսկ վերնագիրը միջազգային չափանիշներին հակասող է, այն կոչվում է՝ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք:
27 տարի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքը՝ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմնավոր փոփոխության չի ենթարկվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2020