Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարի առաջ բազմաթիվ գյուղեր ջրի մեջ կորած էին, հիմա անապատի են վերածվում»

Մարտ 05,2020 14:30
vorogman jur

Ոռոգման վիճակը մեր երկրում փաստացի կաթվածահար վիճակում է եւ  պարզ չէ կառավարության տեսլականը սրա վերաբերյալ:

Վերջին տարիներին մեզանում ոլորտի բոլոր հարցերի լուծումը տեսնում են կաթիլային ոռոգման մեջ: Ամեն ինչի լուծումը փորձում են բարդել սրա վրա, առանց հասկանալու, առանց պատկերացնելու աբսուրդի հասցնելով այդ բավականին լավ գաղափարը: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ասաց. «Կաթիլային ոռոգման համակարգը ջրասակավ երկրների համար փրկություն է: Մեզ մոտ այն առաջին հերթին պետք է ներդրվի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող եւ կիսաանապատային տարածքներում: Իսկ ընդհանուր առմամբ, եթե չի հաշվառվում, թե գյուղացին ինչքան է ջուր ծախսում եւ դրանում ինչքանն է նորմայից ավել կամ պակաս, եթե չկա մեխանիզմ, որը նրա մոտ շահագրգռվածություն կառաջացնի ջուրը խնայելու, ինչի պետք է լուրջ գումարներ ծախսի եւ կաթիլային ոռոգում անցկացնի:  Բացի այդ, ոչ բոլոր մշակաբույսերին է հարմար կաթիլային ոռոգման համակարգը: Ոլորտում կտրուկ ու հիմնավոր   փոփոխություններ են պետք: Եթե չկարողացանք ջուրը խնայել եւ ջրօգտագործողին հասցնել հավուր պատշաճի, գյուղատնտեսության զարգացման մասին խոսել չենք կարող»:

Մեր այն դիտարկմանը` տարբեր գնահատականներով ՀՀ-ի տարածքում տարեկան գետերի մակերեսային հոսքը կազմում է 7.5-ից 10-11 մլրդ խմ` չհաշված ստորգետնյա, գրունտային ջրերի պաշարները: Այստեղ տիպիկ է ԱՄՆ  նախագահ Ռեյգանի հայտնի արտահայտությունը. հանճարեղ պետք է լինել այդքանից հետո երկիրն անջուր թողնելու համար, պարոն Ավետիսյանն ասաց.

«Ցավոք կլիմայի փոփոխության հետեւանքով մեր արտաքին հոսքը տարեցտարի պակասում է: Գետերը ցամաքում են, պակասել է հիմնական գետերի հոսքը: Գրունտային ջրերի հորիզոնը նվազել է եւ այսօր ստորգետնյա ջրերի խիստ սակավ պաշարներ ունենք: Դա հետեւանք է անհեռատես ձկնաբուծության զարգացման  եւ նման այլ մոտեցումների: 15 տարի առաջ  բազմաթիվ գյուղեր, ջրի մեջ կորած էին, հիմա անապատի են վերածվում: Շարունակ խոսում ենք ջրի ամբարման մասին: Բայց նախ եղածը նպատակային օգտագործենք, նոր հսկայական վարկային ներդրումներով ջրամբարներ կառուցենք: Հաշվարկել է պետք՝ նորմալ ջրօգտագործման համակարգի ներդրման դեպքում ինչ կշահենք, նոր ջրամբարի կառուցման դեպքում՝ ինչ: Եթե ջրամբարը կառուցվելու է եւ ջուրը դարձյալ անարդյունավետ օգտագործվի, վնասը ավելի մեծ կլինի: Ջրամբարաշինությունը մեր երկրի համար եղել է ու կա ռազմավարական առաջնահերթություն: Բայց մենք այդքան գումարներ չունենք: Հետեւաբար առաջնահերթ պետք է անենք այն, ինչը ավելի քիչ ծախս է պահանջում ու ոչ պակաս արդյունավետ է: Նախ` այս երկրի գյուղատնտեսության զարգացման համար նորմալ ջրօգտագործման համակարգ պետք է ստեղծել»:

Հետաքրքրվեցինք` արդյո՞ք ՋՕԸ-երը վերակառուցելու դեպքում ի վիճակի են արդյունավետ աշխատելու, թե բոլորովին նոր ինստիտուտ է պետք:

«Պետք է ՋՕԸ-երը փոքրանան, մոտենան համայնքներին: Անիմաստ ձեւով մեծացրեցին եւ ինչքան մեծացրին, այնքան անտեսանելի դարձան սրանց ծախսերը:  Ամբողջ համակարգում մի քանի պրոֆեսիոնալ մասնագետ չես գտնի: Վերջապես, այդ բարեփոխումների խորհրդատուները այն նույն մարդիկ են, ովքեր ստեղծեցին այս վիճակը»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը` բայց նույն սկզբունքով չեղած գյուղատնտեսության նախարարությունում գյուղատնտեսության ոլորտի մասնագետները հազիվ մի քանիսն են, Սամվել Ավետիսյանն ի պատասխան ասաց. «Մասնագետների հարցը լուրջ է: Ագրարային համալսարանը մասնագետներ թողարկում է, բայց նրանք չեն հասնում արտադրություն, տեղավորվում են որտեղ կարողանում են: Գյուղատնտեսություն գնացողների թիվը հատուկենտ է»:

Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031