Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հենց միայն բժշկական օգնության դիմելու փաստն արդեն իսկ հրապարակման ենթակա չէ»

Մարտ 05,2020 14:00

 Անձնական կյանքի գաղտնիության խնդիրները մեզանում հայտնվել են կամայական մեկնաբանությունների տիրույթում, մի կողմից՝ պաշտոնյան վրդովվում է, թե ինչու է իր դատվածության մասին տեղեկատվությունը բացահայտվում, եւ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, մյուս կողմից՝ անարգել ցուցադրում են այն մասնավոր անձանց, որոնք մեկուսացվել են Ծաղկաձորում՝ զուտ որպես հնարավոր կորոնավիրուսակիրներ։ Այս հարցերի սահմանադրական հիմքերի պարզաբանման նպատակով դիմեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, վերջին շրջանում աննախադեպ լարվածություն է առաջացել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը՝ Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու մասին կառավարության որոշման շուրջ, որի դեմ բողոքին միացած այցելուները եւս բացահայտ հանդես են գալիս։ Սա չի՞ խախտում բժշկական գաղտնիքի պահպանության սկզբունքը։

-Անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը Սահմանադրության 2015 թ. փոփոխություններով հարստացել է նաեւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքով, ինչը ենթադրում էր, որ գործնականում մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքն առավել կկարեւորվեր, սակայն իրավաքաղաքական մշակույթը հակառակ պատկերն է ուրվագծում։ Մենք խիստ կասկածելի պատճառաբանություններով եւ հիմնավորումներով, որպես կանոն, բոլոր հարթություններում դրսեւորում ենք ակնհայտ անհեռատես ու անփույթ վերաբերմունք՝ մարդու տարրական իրավունքների նկատմամբ, սկսած անմեղության կանխավարկածից, վերջացրած՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության  եւ  անձնական տվյալների պաշտպանության իրավունքով։

Կոնկրետ ձեր նշած օրինակում, երբ ՄԻԱՎ-ով հիվանդը ելույթ է ունենում, որեւէ խախտում չկա, քանզի մարդն ինքն է որոշում իր անձնական տվյալների հրապարակման հնարավորությունը, ուրիշ խնդիր՝ երբ դա արվում է առանց իր համաձայնության։

Մինչ այս խնդրի օրենսդրական կարգավորումը, հատկապես, անբուժելի եւ մահվան սպառնալիքով ուղեկցվող հիվանդությունների մասին ընդունված չէր իրազեկել այցելուներին, այդ մասին տեղյակ էին պահում մերձավորներին՝ խնայելով անձի հոգեվիճակը։ Մոտեցումներն արմատապես փոխվել են, քանզի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները հաղորդել բացառապես այցելուին։ Ինչ խոսք, սա իր բոլոր վիճահարույց կողմերով հանդերձ, առավել ընդունելի է, քանզի յուրաքանչյուր մարդ ինքը պետք է տնօրինի իր անձնական կյանքը։

Մյուս կողմից, մեր իրողությունը, իմ խորին համոզմամբ, անչափ հեռու է տարրական հումանիստական չափանիշներից։ Մարդուն՝ իր մոտալուտ մահվան մասին ծանուցելը, հոգեբանական ասպեկտով, բարդագույն խնդիր է, դրա համար անհրաժեշտ են պատրաստված հոգեբաններ, իսկ համապատասխան ունակություններ եւ որոշակի կենսափորձ չունեցող բժիշկներին նախընտրելի է հեռու պահել այդ իրավիճակներից։ Իմ կյանքում հանդիպել եմ եւ հիրավի խելամիտ, մարդկային, եւ ակնհայտ բռի վերաբերմունքի օրինակների։

-Որքանո՞վ է ընդունելի, երբ լրատվության միջոցներով բացահայտ ցուցադրում են կորոնավիրուսով հնարավոր հիվանդների մեկուսացման գործընթացը, այդ թվում՝ հենց այցելուներին։

-Այս եւ նմանաբնույթ բազմաթիվ այլ օրինակները վկայում են սոսկ այն մասին, որ մենք չենք տիրապետում բժշկական օգնության եւ սպասարկման տարրական իրավական հիմքերին, դրանց մասին դատողություններ ենք անում զուտ այն կտրվածքով, որպեսզի արդարացնենք մեր քայլերը, ոչ վճռական միջամտությունները եւ այլն։ Մասնավորապես, թյուրիմացաբար այն ելակետն է հիմք ընդունվում, որ բժշկական գաղտնիքը բացառապես կոնկրետ հիվանդության առկայության մասին տվյալն է, մինչդեռ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի  19-րդ հոդվածն այդպիսի տվյալների անհամեմատ լայն շրջանակ է սահմանում՝ ընդգրկելով անգամ բժշկի օգնությանը դիմելու փաստը, ասել կուզի՝ հենց միայն բժշկական օգնության դիմելու փաստն արդեն իսկ հրապարակման ենթակա չէ։ Էլ չխոսենք հետազոտության, ախտորոշման արդյունքների մասին։

Այն, որ առողջապահության ոլորտի կառավարման համակարգում այս խնդրի գիտակցումը դեռեւս, մեղմ ասած, կաղում է, վկայում են բազմաթիվ փաստեր։ Այս պահին մտաբերեցի իմ գործնական աշխատանքի բերումով բոլոր այն դեպքերը, երբ պաշտոնյաների առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն էինք ստանում իրավասու պետական մարմիններից։ Այդ մարմիններից ընդամենը պահանջվում էր պատասխանել, թե հետազոտության արդյունքներով գրանցվե՞լ է, արդյոք, պաշտոնյայի կարգավիճակի հետ անհամատեղելի հիվանդություն, թե՝ ոչ, մինչդեռ՝ մեզ էին ուղարկում տվյալ անձի հետազոտության եւ ախտորոշման բոլոր սպառիչ տվյալները։ Չծանրաբեռնեմ հարցազրույցն այլ օրինակներով, ուղղակի նկատեմ, որ առաջին հերթին բարեփոխման կարիք ունի իրավագիտակցությունը։

-Օրեր առաջ Դուք սոցցանցերում անդրադարձել էիք առողջապահության նախարարի այն դիտարկմանը, ըստ որի՝ Սահմանադրությամբ արգելվում է սահմանափակել Հայաստանի քաղաքացու մուտք գործելը։ Միաժամանակ հավելել էիք, որ նույն Սահմանադրությունը չի արգելում սահմանափակել անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ հարկադիր բուժման նպատակով՝ նրանց մեկուսացնելը։

-Նախ, ինձ համար ողջունելի էր, որ կառավարության անդամն իր ելույթում անդրադարձավ Սահմանադրությանը եւ, ըստ էության, համարժեք ներկայացրեց 40-րդ հոդվածով ամրագրված դրույթը։ Տա Աստված, որ Սահմանադրությամբ ղեկավարվելու մշակույթը ձեռք բերի անհրաժեշտ կայունություն եւ չդիտարկվի զուտ արդարացումների գործիք։ Այո, ակնկալում էի, որ նույն համարժեքությամբ խոսվի վիրոսի կանխարգելման խնդրի հետ առավել անմիջականորեն առնչվող սահմանադրական այն դրույթների մասին, որոնք, ինչպես նկատեցիք, չեն արգելում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, ինչպես նաեւ հարկադիր բուժման նպատակով՝ նրանց անգամ ազատությունից զրկելը։ Ընդ որում, Հայաստանի քաղաքացիների մուտք գործելու իրավունքը չսահմանափակելու դրույթը ներառված է նույն «Ազատ տեղաշարժվելու իրավունքը» վերտառությամբ 40-րդ հոդվածի մեջ։ Իսկ արդեն 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը որպես ազատությունից զրկելու հիմք է սահմանել նաեւ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակը։

Հասկանալի է, որ խնդիրը բնավ միայն իրավական չէ, այն անմիջականորեն առնչվում է բազմաթիվ այլ՝ հոգեբանական, բժշկագիտության ասպեկտների հետ, եւ դրանց համալիր հետազոտության համատեքստում միայն կարող են քննարկման առարկա դառնալ նաեւ իրավական հիմքերը։ Բայց նույնիսկ այս ասպեկտները չեն կարող մեկուսի քննարկվել։ Նկատենք, որ արդեն ունեինք քրեածին անհանգստացնող զարգացումներ Իրանում, որտեղ փորձել էին այրել մեկուսացված հիվանդների բուժման համար առանձնացված հիվանդանոցը, Ուկրաինայում, որտեղ քարկոծել էին Չինաստանից վերադարձած հայրենակիցներին՝ պահանջելով, որ նրանց անհապաղ մեկուսացնեն եւ այլն։

Այս բոլորը վկայում են այն մասին, որ զուտ բժշկական ցուցիչներով ղեկավարվելը գուցե արտաքնապես գրավիչ է, սակայն այնքան էլ տրամաբանական չէ, քանզի քրեաբանական վերլուծությունն այլ կանխատեսումների մասին էր վկայում։ Հիմա շատերն են խոսում, որ կորոնավիրուսը այնքան էլ վտանգավոր չէ։ Այսպիսի քարոզչությունն ինքնին ողջունելի է, սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ սա միանշանակ ընդունվում է բոլորի կողմից եւ երաշխավորում ցանկալի ընթացք։

Ակնկալիքների կառավարման տեսության տարրական կանոնները հուշում են, որ հարկ էր նեղ մասնագետների կողմից կանխատեսել բոլոր զարգացումները եւ հնարավորինս արագ արձագանքել։ Հենց այդ նկատառումով է առաջարկվել ստեղծել օպերատիվ շտաբ, քանզի խնդիրը չի սպառվում զուտ բժշկական հարցադրումներով։ Հնարավո՞ր էր, արդյոք, բժշկագիտության կտրվածքով կանխատեսել, որ մարդիկ հանկարծ կորոշեն դիմել մթերքների աննախադեպ ագրեսիվ ու անիմաստ գնումների։ Ցավում եմ, որ ուշանում է համարժեք արձագանքը նաեւ այս զարգացումներին։

Այսպիսով, ինքս երբեք չեմ ողջունում խուճապային տրամադրությունները, սակայն չեմ կարող համակերպվել նաեւ այն մտայնության հետ, որ այդպիսիք իբր չեն լինի, եթե պարզապես հորդորենք խուճապի չմատնվել։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031