Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Շահբազյանը՝ կորոնավիրուսի, թատրոնները չփակելու, «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի ու նոր գրքի մասին

Մարտ 05,2020 13:00

Հարցազրույց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի հետ

– Պարոն Շահբազյան, թույլ տվեք հարցազրույցը սկսել ոչ մշակութային հարցով. օրերս ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ մոլեգնող կորոնավիրուսի առիթով քննարկումներ են անցկացրել եւ որոշել են առայժմ չփակել մշակութային հաստատությունները, թողնել մարդկանց որոշմանը՝ այցելե՞լ մշակութային հաստատություններ, թե՞ ոչ:  Աշխարհահռչակ Լա Սկալան փակեց իր դռները…

Մեր դիտարկմամբ՝ ձեր ղեկավարած թատրոնը լեփ-լեցուն է հանդիսատեսով: Թեեւ Լա Սկալան փակվեց, բայց աշխատանքային ընթացքը շարունակվում է, թատրոնում ընթանում են փորձեր ու պատրաստվում են հանդիսատեսին ներկայանալ պրեմիերաներով…

– Ինչ վերաբերում է մեր թատրոններին, միանգամից ասեմ, որ փակելը ճիշտ լուծում չէ: Խուճապի մատնվել պետք չէ: Եթե նույնիսկ մեկ-երկու օրով փակվեն թատրոնները, դա չի նշանակում, թե մշակութային օջախներում ստեղծագործական կյանքը կանգ է առնելու, չեն ընթանալու փորձերը եւ այլն:

– Ընթացիկ՝ 2019-20թթ. թատերաշրջանում դուք  հանդիսատեսին եք ներկայացել 6 պրեմիերաներով: Նշենք, որ դա ռեկորդային ցուցանիշ է, թատերասերը առաջին անգամ «շփվեց» Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» (ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյան), Շիրվանզադեի «Շառլատանը» (ռեժիսոր՝ Աննա Պողոսյան), Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» (ռեժիսոր՝ Ստելլա Բրուտյան), Ալաջաջյան-Մադոյանի «Վաղը ուշ կլինի» (ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյան), Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (ռեժիսոր՝ Նորա Գրիգորյան) եւ հանրահայտ «Բրեմենյան երաժիշտները» (ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյան) ներկայացումների հետ եւ հանդիսատեսի պակաս չկար: Այս դեպքում՝ ձեր մենեջմե՞նթն է լավ աշխատում, թե՞…

– 78-ամյա կոմեդիայի թատրոնն ունի հիանալի ավանդույթներ: Թույլ տվեք անուն առ անուն չհիշատակել մեր երեւելիներին, քանի որ ունենք նրանց գործը շարունակող իսկապես բարձրարվեստ արտիստներ: Վերջիններս պարզապես իրենց տեղում են եւ աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ոչ միայն մեզ մոտ, բերում է բարձրարվեստ ներկայացումների:

– Պատրաստվում եք բացել ձեր թատրոնի փոքր բեմը…

– Դուք նկատի ունեք «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը, որը  նախատեսված է շուրջ 70 հանդիսատեսի համար: Առաջիկայում, հավանաբար ապրիլին, կկայանա բացման արարողությունը՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար»  ներկայացմամբ: Հավելեմ, որ Երվանդ Ղազանչյանի հիշատակը հարգելով, ինչպես նրա օրոք,  ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել: Օրինակ, երաժշտություն ենք պատվիրել արտասահմանում ցանկալի կոմպոզիտոր, մեր հայրենակից Վահե Շարաֆյանին:

– Իսկ ձեր հիմնական բեմում ի՞նչ պրեմիերայի ականատես կլինենք առաջիկայում:

– Ասեմ, որ թատրոնում առաջնային ու երկրորդական հասկացողություններ չկան: Ինչ վերաբերում է մեր մշտական բեմին, դարձյալ ապրիլին կհանձնենք Չեպմեն-Փրֆմենի «Բանալի երկուսի համար» ստեղծագործությունը՝ Անուշ Սարգսյանի ռեժիսուրայով:

– Պարոն Շահբազյան, լուսահոգի Երվանդ Ղազանչյանի օրոք ձեր թատրոնը բաց էր երիտասարդ ռեժիսորների, դերասանների առջեւ…

– Ինչպես ընդունված է ասել՝ Երվանդ Խաչատուրովիչի գործը շարունակվում է, արդեն ոչ միայն թատրոնի հիմնական  բեմում, այլեւ «Երվանդ Ղազանչյան» սրահում: Եվ գիտե՞ք ի՜նչ հպարտություն են ապրում մեր արտիստները, երբ լինելով մարզերում, հանդիսատեսը կուլիսներում շնորհավորում է նրանց ու անպայման հիշատակում Երվանդ Ղազանչյան անունը:  Իսկ մենք ընթացիկ թատերաշրջանում բեմ ենք բարձրացել Ավշարում՝ գյուղի մշակույթի տանը, միայն 4 անգամ՝ շուրջ 30 տարվա լռությունից հետո բացված Հրազդանի դրամատիկական թատրոնում, օրերս էլ Աբովյան քաղաքում էինք, Վանաձորում, Գյումրիում, Գավառում…

– Այս ամենն, իհարկե, լավ է, բայց բոլորս հո գիտե՞նք, որ ցանկացած արտիստի երազանքը արտասահմանում ելույթ ունենալն է:

– Թատրոնի վերջին հյուրախաղը անցյալ տարի նոյեմբերին էր: 15 երկրների թվում մասնակցեցինք Ռումինիայի Պիտեշտ քաղաքում ավանդաբար անցկացվող միջազգային փառատոնին՝ «Թակարդ Ստալինի համար» ներկայացմամբ:  Ընդամենը մեկ փաստ բարձրաձայնեմ. հանդիսասրահում 2 հայ էր ներկա՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը տիկնոջ հետ: Իհարկե, այսօր, նույնիսկ այս վիրուսի պայմաններում էլ, շարունակվում են բանակցությունները հյուրախաղերի համար: Մեր թատրոնն ունի բազմաթիվ առաջարկներ եւ հյուրախաղերի, եւ փառատոների մասնակցության:

– Պարոն Շահբազյան, այսօր կոմեդիայի թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար…

– Ըստ էության մենք ունենք ստեղծագործական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, որը Հակոբ Ղազանչյանն է: Ի դեպ, տեղեկացնեմ, որ տասնամյակներ առաջ գործել են թատրոններ, որտեղ ստեղծագործական աշխատանքները ղեկավարել է գլխավոր ռեժիսորը: Հետեւաբար, մեր օջախում ընթանում է բնականոն աշխատանք:

– Ըստ մեր տեղեկությունների՝ հայ թատերարվեստի երախտավոր Երվանդ Ղազանչյանի արվեստին նվիրված արվեստաբան Սերգեյ Առաքելյանի վերջին գրքի շնորհանդեսին, որ պետք է կայանար Բեյրութում,  խանգարեցին սկսված բողոքի ցույցերը:  Իսկ գրքի շնորհանդեսը նախատեսված էր Բեյրութում, քանի որ գրքի 90 տոկոսը ներկայացնում է Ղազանչյանի լիբանանյան ստեղծագործական շրջանը:

– Չեմ կարող ասել, թե Բեյրութում երբ, բայց Երեւանում, այն էլ առաջիկայում, անպայման կկայանա Սերգեյ Առաքելյանի պատկերազարդ շքեղ գրքի շնորհանդեսը՝ հենց մեր թատրոնում:

Զրուցեց

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031