«Ամերիկայի ձայն». Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը վարակված երկիրն Իտալիան է, որտեղ այսօր կա այս վիրուսը կրող 2000 մարդ։ Երկրի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի հիվանդներին այժմ տեղափոխում են այլ վայրեր, կորոնավիրուսով տառապող անձանցից չվարակվելու համար։
Իսկ ֆինանսների նախարարները, որոնք ներկայացնում են Մեծ յոթնյակը, հայտարարում են, թե փորձում են որդեգրել քաղաքականություն, որի նպատակը պիտի լինի համաշխարհային տնտեսությունը պաշտպանելը։
Ինչպես Փարիզում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մարին է ասել, եվրոպական բոլոր հաստատություններից իրենք ակնկալում են համերաշխություն եւ ճկունություն։ «Եվրոպական կենտրոնական բանկում կան պաշարներ՝ պաշտպանելու համար փոքր ու միջին չափսերի բիզնեսները», ասել է նա։
Մեծ յոթնյակը բանակցություններ սկսեց այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահը ֆինանսական օգնություն խնդրեց իր երկրի համար բժշկական պարագաներ գնելու եւ փոքր բիզնեսներին աջակցելու համար։
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, իր ամբողջ երկիրն է ներքաշվել կորոնավիրուսի դեմ մղվող պատերազմի մեջ, երբ երկու նահանգներում հիվանդությունը հասել է իր գագաթնակետին։ Ի դեպ, մայրաքաղաք Սեուլում էլ երկրի զինված ուժեր են տեղակայվել, որոնք այստեղ զբաղված են մանրէասպան նյութեր սփռելու աշխատանքներով։
Իրանը, որտեղ եւս հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ, նույնպես ծրագրում է մոբիլիզացնել 300 հազար զինվորականների ու կամավորների։ Մեծ խանութների մոտ գնորդներին նույնիսկ ենթարկում են ստուգումների։
Ճապոնիայում երկուշաբթի օրվանից փակ են դպրոցները, եւ աշխատող կանանց թույլատրվել է իրենց հետ աշխատավայր տանել իրենց երեխաներին։
Լոս Անջելեսի մարզում չորեքշաբթի օրը հայտարարվեց առողջապահության հարցերով արտակարգ իրավիճակ, երբ կորոնավիրուսով վարակված անձանց թիվը, 6-ով ավելանալուց հետո, հասավ 7-ի։ Բոլոր 7-ը կովիդ 19 հիվանդությամբ են վարակվել միմյանց հետ շփվելու արդյունքում։
Եթե մի քանի երկրներում հիվանդությունն արագ տարածման փուլում է, ապա Չինաստանում, որտեղից տարածվեց վարակը, գրանցվում է արագության անկում։ Ինչպես երկրի առողջապահության նախարարության խոսնակն է ասում, Ուբեյի գավառում գրանցվել է հիվանդության նոր միայն 11 դեպք։ Չեն գրանցվել մահացության դեպքեր, եւ ծանր հիվանդների թիվն անկում է ապրել 25 տոկոսով։
Վերջին 6 օրերի ընթացքում հիվանդանոցներից ամեն օր դուրս է գրվել 3000 մարդ։