Հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը յութուբյան իր ալիքում հոլովակ է հրապարակել «Հայ կոռուպցիոներները վերադարձնում են թալանածը» խորագրով: Բլոգերը պատմում է հետհեղափոխական Հայաստանի, կորոնավիրուսի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Ռոմանովը նշում է, որ մարտի 1-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո հիվանդի հետ շփում ունեցող անձանց մեկուսացրել են ոչ ավել ոչ պակաս հինգ աստղանի հյուրանոցում: «Կարծում եմ այս պատմությունը մանրամասնելու կարիք ունի… Առաջին հերթին, այն այդքան էլ կորոնավիրուսի մասին չէ…Ցավոք սրտի, չհաջողված հեղափոխությունների շատ օրինակներ կան, երբ հեղափոխություն եղել է, հաղթանակ գրանցվել է, բայց օգուտ չի եղել, օրինակ 1991թ. հեղափոխությունը Ռուսաստանում կամ Ուկրաինան, որը երկու «մայդան» է վերապրել և կարելի է ասել հիմա էլ նման մի բան է վերապրում: Իսկ Հայաստանում իրավիճակն այլ է, հնարավոր է գործ ունենք հեղափոխության հետ, որը չի հիասթափեցրել, որից օգուտ կա»:
Ռոմանովը կարծում է, որ հյուրանոցի հետ կապված պատմությունն արտացոլում է հաջողված հեղափոխության պատմությունը: Բլոգերը հիշեցնում է նաև, որ ներկայում այդ հյուրանոցը պատկանում է պետությանն այն բանից հետո, 2018թ. սեփականատերը որոշեցին այն փոխանցել որպես նվիրատվություն:
«Բանն այն է, որ Հայաստանում բոլորը միշտ շատ լավ իմացել են, թե ում փողերով է կառուցվել այդ հյուրանոցը և նույն անունով ևս երկուսը: Հյուրանոցը պատկանում է մի մարդու, որը նախկին իշխանությունների օրոք յոթը տարի զբաղեցրել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: Պաշտոնական տվյալներով՝ հյուրանոցն իբրև թե կառուցվել էր կիպրոսցի ներդրողների միջոցներով, բայց բոլորը միշտ էլ շատ լավ իմացել են, որ փողերը պատկանել են այդ նույն մաքսավորին… Հեղափոխությունից հետո սկսեցին իրերն իրենց անուններով կոչել, ուստի 2018թ. աշնանը նախկին մաքսավորի դեմ հարուցվեց փողերը լվանալու մեղադրանք»:
Կարդացեք նաև
Բլոգերը փաստում է, որ չնայած հեղափոխությունից հետո Հայաստանում քրեական գործեր են հարուցվել մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ, բայց ճաղերի հետևում քչերն են հայտնվել. մի մասը վճարեց՝ պարտքը վերադարձնելով Հայաստանին, ինչպես օրինակ Սաշիկը (Սաշիկ Սարգսյան-խմբ.), մի մասն էլ դեռ երևի կվճարի: «Մարդիկ, որոնք կարեկցում են նոր իշխանություններին կամ չեն կարեկցում, հավատացին, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ է… Հայաստանի հեղափոխությունից երկու տարի է անցել, և երկրում համակարգային կոռուպցիա չկա: Սրանք իմ դիտարկումները չեն, ես արտասահմանցի եմ, խոսել եմ տեղի մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, որոնք մեղմ ասած այդքան էլ լավ չեն վերաբերվում նոր իշխանություններին: Բայց նույնիսկ նրանք ստիպված են ընդունել, որ թալան չկա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ