Փետրվարի 27-ից Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի ընթացքում ևս 2 թուրք զինվոր է սպանվել, 6-ը՝ վիրավորվել:
Սիրիայի կառավարական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրք զինվորները մահացել են Ասադի ուժերի հրետակոծության արդյունքում: Թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ և շարունակում է հարվածել «թիրախներին»:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ վերոհիշյալ ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը ոչնչացրել է սիրիական բանակին պատկանող 3 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, 151 տանկ, 47 հաուբից, 52 հեռահար հրթիռ, 8 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, 12 հակատանկային զենք, 4 ականանետ, 24 զրահամեքենա, 27 զրահապատ մարտական մեքենա, 34 պիկապ, 60 ռազմական մեքենա և 10 զինապահեստ:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումների՝ Սիրիայի կառավարական բանակի զոհերի թիվը 3138 է: