ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «կառավարությունում ծրարով գումար ստացողներ կա՞ն, ինչպես մոտ մեկ տարի առաջ էինք հայտարարել, կոռուպցիոներները բացահայտվեցի՞ն, պատրաստվո՞ւմ եք ԱԱԾ-ին համապատասխան հանձնարարական տալ»:
«Վարչապետ դառնալուց հետո այնքան բան եմ հայտարարել, որ իրավապահները չեն հասցնում զբաղվել: Մի քանի անգամ դժգոհել եմ»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նոր կառավարության անդամները ծրարով փող ստանո՞ւմ են, Փաշինյանը նշեց, որ այդ հարցով իրավապահները պետք է զբաղվեն. «Ես, ճիշտն ասած, նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ: Ցանկություն էլ չունեմ: Եթե իրավապահներն այնքան արդյունավետ կգործեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, համակարգային լուրջ հաջողությունների հասած կլինենք: Հանձնարարելու կարիք չկա, իրավապահները պետք է դրանով զբաղվեն»:
Կարդացեք նաև
Փաշինյանը վստահեցրեց՝ երբ ինքը հայտարարել է ծրարով փող ստացող կառավարության անդամների մասին, մինչեւ այդ հայտարարությունն այդ երեւույթը դադարած է եղել. «Համենայն դեպս, դրա գոյությունը բացառվել է: Եթե ունեք տեղեկություններ, հայտնեք: Նման բան չկա եւ չպետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ