Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անկեղծ՝ Թուրքիայի մեկնաբանությունում չկար մի բան, որը նախկինում չէինք լսել». Զոհրաբ Մնացականյան

Մարտ 04,2020 17:46

«Նման հանդիպումները նորություն չեն, եւ արտառոց որեւէ բան չկա: Դրանք պլանային են: ՄԽ համախախագահներն իրենց գործառույթն են իրականացնում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը պնդել է մոտեցումը, թե Թուրքիան իբրեւ թե կարող է նպաստել Արցախյան հակամարտության կարգավորմանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը համանախագահների հետ փոխվստահության մթնոլորտում է շփվում. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես եւ ինչ մոտեցումներով են համանախագահներն աշխատում, որովհետեւ մենք ենք աշխատում նրանց հետ: Մենք որեւէ մտահոգություն չունենք, թեեւ տարբերությունը գուցե նրանում է, որ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ: Եթե անկեղծ՝ այդ մեկնաբանությունում չկար մի բան, որը նախկինում մենք չէինք լսել»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Չավուշօղլուի մոտեցումը բոլորին ծանոթ է ՀՀ-ի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականությամբ. «Դա ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ: Թուրքիան ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացում չի կարող որեւէ ուղիղ դերակատարում ունենալ: Մեր այս մոտեցումը հստակ է»: Չավուշօղլուի հայտարարության մասին հարցրած ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ձեր հանգստությունը կկիսեի, եթե սա տեղի չունենար տարածաշրջանային իրավիճակի ֆոնին: Թուրքիան գնալով ավելի է բարձրացնում իր ձայնը՝ հակամարտության համատեքստում ներգրավվածության առումով»:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Իմ արձագանքը դիվանագիտական է: Եթե  կարծում եք, որ մի կողմը բարձրաձայնում է, իսկ ես պետք է բղավեմ, ոչ: Կրկնում եմ, որ խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան չի կարող դերակատարում ունենալ: Ներկա պայմաններում դա առավել քան բացառված է: Եթե ասում ենք, ուրեմն գործողություններ էլ ենք իրականացնում, որպեսզի ՄԽ համանախագահության շրջանակում ավելի անվտանգ պահենք ԼՂ հարցը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031