Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են կոռուպցիոների՝ ռեստորաններում փակած հաշիվը վերահսկելու. Իգիթյանը՝ կուլակաթափ անելու, ստալինյան ռեպրեսիաների ու ապօրինի գույքի բռնագանձման մասին

Մարտ 04,2020 18:30

«Օրինակ բերեմ: Մամուլում եւ համացանցում կա մի նախկին պաշտոնյայի կյանք՝ կենցաղ, որում նա սպանում է էկզոտիկ կենդանիների՝ Աֆրիկայում: Ես չեմ զբաղվել այդ բանով, բայց գները գիտեմ: Էկզոտիկ կենդանուն սպանելու սերտիֆիկատը սկսվում է 30 000 դոլարից»,- այսօր ԱԺ-ում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մեխանիզմ եք առաջարկում, որ պետությունը բռնագանձի ոչ միայն կոռուպցիոների ապօրինի գույքը, այլեւ ամրագրվի նրանց ծախսած գումարը՝ դա կլինի որսի համար վճարած գումար, թե ռեստորանում փակված հաշիվ: Իգիթյանը պատասխանեց, որ նախագծի 5-րդ հոդվածում սահմանվում են այն դեպքերը, որոնց դեպքում ուսումնասիրություն է սկսվում գույքի, ունեցվածքի հետ կապված. «Ես նշեցի, որ ոչ միայն գույքը պետք է նայեք, այլ նաեւ մարդու կենցաղի անհամաչափ լինելն իր օրինական եկամուտի հետ: Այսինքն, պայմանական ասած, եթե անձն ապրում է անհամաչափ իր եկամուտների շռայլ կյանքով, ապա դա կարող է հիմք հանդիսանալ, որ ուսումնասիրություններ սկսեն»:

Թե ո՞նց են վերահսկելու մարդու կենցաղը, ասենք, Սերժ Սարգսյանը ցողունային բջիջների երիտասարդացման կուրսի գնաց, հետո ճշտեցին, որ 60 հազար դոլարից է սկսում այդ կուրսը, դա կարո՞ղ է այս նախագծի մեջ տեղավորվել՝ որպես շռայլ ծախս՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Մենք այդ գործընթացը զրոյից չենք սկսում: 2003-ին ՄԱԿ-ն ընդունեց կոռուպցիայի եմ պայքարի կոնվենցիան, որտեղ կա 23 հոդվածը, որն ասում է՝ երբ պաշտոնյան չի կարող հիմնավորել իր գույքը, բերել համապատասխան բացատրություն, թե որտեղից են իր եկամուտները, ապա պետությունը չպետք է ապացուցի իր գույքի օրինականությունը, ի՛նքը պետք է ապացուցի, թե  գույքն իրեն որտեղի՞ց: Այն հարցին, թե ինչպե՞ս վերահսկել՝ արդյոք պաշտոնյան շռայլ կյանքո՞վ է ապրում, իհարկե, տարբեր երկրներում տարբեր միջոցներ կան, այստեղ լրագրողներդ ունեք մեծ դերակատարություն»:

Մեր հարցին՝ ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ստալինյան ռեպրեսիաների շրջանն է սկսվում Հայաստանում, կուլակաթափ են ուզում անել, դուք ինչպե՞ս եք արձագանքում՝ Իգիթյանը պատասխանեց. «Երբ որ ես շփվում եմ հասարակության հետ, ինձ հակառակ հարցն են տալիս, ասում են՝ ե՞րբ եք այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ վերադարձնեն թալանածը»:

Հարցրեցինք՝ դուք հավատո՞ւմ եք, որ այս նախագծով հնարավոր է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, կոպեկ առ կոպեկ վերադարձնել թալանածը՝ Իգիթյանը պատասխանեց. «Այս օրենքը թալանածը վերադարձնելու մասին չէ, այն կարգավորելու համար է հիմնականում պաշտոնյաներին, հետագայում՝ մեծ կարողություններ ունեցող մարդկանց գույքի եւ արժեքների, հաշիվների մասին է»:

Ըստ Իգիթյանի, օրենքի նախագիծը ո՛չ թալանածը հետ բերելու մասին է, ո՛չ կուլակաթափ անելու, նրա խոսքով՝ նախկինների թալանածը հետ բերելը ապօրինի հարստացման օրենքի շրջանակում կարող է լինել:

Իգիթյանն ընդունում է՝ ամբողջ աշխարհում կաշառքն ապացուցելը դժվար է, բայց պարզ կերեւա՝ հիմնավորվո՞ւմ է մարդու ունեցած գույքը, թե՞ ոչ:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է երաշխիքը, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում երկակի ստանդարտներ չեն կիրառվի ու նրանք, ովքեր, ենթադրենք «Իմ քայլը» հիմնադրամին վճարումներ կանեն, աչքաթող չեն արվի, ասենք, մեկը Փաշինյանի գլխին անձրեւանոց կպահի, իշխանությունների հետ լավ կլինի՝ նրա նկատմամբ աչքակապություն կանեն՝ Իգիթյանը պատասխանեց, որ դրա երաշխիքը մենք՝ լրագրողներս ենք լինելու. «Նույնիսկ ոչ հիմնավորված կասկած նոր իշխանությունների հետ կապված ես համոզված եմ, որ լրագրողը կբարձրացնի: Երկրորդը՝ այս հակակոռուպցիոն գործընթացն ուղղված է հիմնականում պաշտոնյաներին, ուղղված չէ բիզնեսմեններին, ուղղված է նրանց, ովքեր միշտ պետական պաշտոնյա են եղել, ապրել աշխատավարձով, որը շատ հեշտ հաշվարկելի է: Ինչ վերաբերում է բիզնեսմեններին, մենք արդեն տեսնում ենք, որ նույնիսկ նախկինում օլիգարխ համարվող բիզնեսմենները կամաց-կամաց կամ ամբողջությամբ մտնում են օրինական դաշտ: Մեր քաղաքական ուժի նպատակն այն է, որ բոլորը լինեն օրինական դաշտում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031