ԵԽ նախարարների խորհուրդը 2018 թվականին ընդունել է հատուկ հանձնարարական մեդիաթափանցիկության վերաբերյալ, որը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքով, կարող է ուղենշային դառնալ մեդիա ոլորտի բարեփոխումների իրականացման համար։
ԻԱԿ-ն այսօր Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ քննարկում էր կազմակերպել` «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով:
ԵԽ հանձնարարականում, մասնավորապես, նշում է, որ պետությունները պետք է խթանեն ԶԼՄ-ների թափանցիկությունը, որն ապահովում է լրատվամիջոցների իրական սեփականատերերի, ինչպես նաեւ բոլոր այն շահերի մասին ճշգրիտ, արդիական տեղեկություններ ստանալու՝ հասարակության իրավունքի իրացումը, որոնք կարող են ազդել մեդիայում ռազմավարական որոշումների կայացման վրա։
«Այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս հասարակությանը վերլուծել եւ գնահատել լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, գաղափարները եւ կարծիքները: Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է ֆինանսավորում այս կամ այն լրատվամիջոցը։ Այդ իսկ պատճառով ԵԽ հանձնարարականը հատուկ պարտավորություն է սահմանում մեդիաների համար` հրապարակելու իրենց իրական սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների մասին տվյալները՝ այսպիսով պատասխանատու լինելով հանրության առջեւ»,- ասաց Շուշան Դոյդոյանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, այս գործընթացը միայն Հայաստանում չէ, որ ընթանում է, բայց Հայաստանն առաջին երկրներից է: Այժմ Հայաստանում գործընթացն ընթանում է հանքարդյունաբերության ոլորտում, հաջորդ քայլում նաեւ մեդիաոլորտն է ընդգրկված:
Շուշան Դոյդոյանը խոսեց նաեւ առկա մարտահրավերներից. առաջին անհանգստությունն այն է, որ իրական սեփականատերերի բացահայտումը կարող է սպառնալ պոտենցիալ ֆինանսավորողներին, նրանք գուցե ձեռնպահ մնան ֆինանսավորումը շարունակելուց հրապարակայնության նման նախաձեռնության արդյունքում. «Այս հարցին շաղկապվող մյուս մարտահրավերը որոշ լրատվամիջոցների կողմից դրսեւորվող հակազդեցությունն է, որը պայմանավորված է իրենց ֆինանսավորողների աջակցությունից զրկվելու մտավախությամբ։ Այս խնդիրները, կարծում եմ, մամուլին կարող են սպառնալ գործընթացի միայն առաջին փուլում, մինչդեռ հետագայում կներգրավվեն առավել վստահելի, կայուն եւ մեծ ռեսուրսներ տնօրինող միջազգային ներդրողներ, որոնց համար առաջնայինը հենց կազմակերպության ֆինանսական թափանցիկությունն է եւ արդար մրցակցային պայմաններում գործող բիզնեսը»։
Այլ մանրամասները`տեսանյութում
Բանախոսը նկատեց`մեծ է ռիսկ կա, որ գործընթացը կդառնա լրատվական ոլորտում պետական անհարկի միջամտության առարկա, հետեւաբար, նա գտնում է, որ մասնագետերը շատ հստակ պետք է աշխատեն, որպեսզի գտնեն «ոսկե միջինը»:
«Հրապարակ» օրաթերթի լրագրողը հարց հնչեցրեց`լրատվամիջոցները իրավական կարգավիճակ ունեն, գրանցված են պետռեգիստրում եւ սեփականատերերը հայտնի են, հետեւաբար, ի՞նչը նկատի ունենք`գովազդատուի՞ն էլ կարելի է սեփականատեր ներկայացնել, կառավարությանը ե՞ւս հաշվետու պետք է լինենք: Շուշան Դոյդոյանը պատասխանեց` կառավարությունը եւ մամուլը հաշվետու են հանրության առջեւ, հանրությունն է մեր պատվիրատուն եւ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությանը պետք է հաշվետու լինենք: Ըստ նրա, ամենը պետք է այնպես մշակել, որ պետությունը վերահսկելու, ստուգելու որեւէ մեխանիզմ չունենա: Բանախոսը կարծում է, որ այստեղ մեծ դեր ունի քաղհասարակությունը, որն ինքը քաղաքացին է: Բայց կարծում է, որ ՀԿ-ները նույնպես պետք է համապատասխանեն նույն չափանիշներն եւ ենթարկվեն այդ գործընթացին: Պետռեգիստրի գրանցման մասով, էլ հստակեցրեց`իրական սեփականատերն այն անձն է, ով պատվիրում է որոշակի հայացքներ, ուղղվածություն եւ այլն: Թե ինչպե՞ս պետք է պարզել գումարի վճարման պարագայում լրատվամիջոցի քաղաքականության փոփոխությունը, ասաց, որ սա բաց հարցերից մեկն է, որին հստակ այս պահին չի կարող պատասխանել:
«Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Հովհաննես Շողիկյանը նկատեց` պետք է հասկանանք` ի՞նչ խնդիր ենք սրանով լուծում: Նա օրինակ բերեց. ենթադրենք հասկացանք`տվյալ մարդն է ֆինանսավորում, տվյալ նպատակով, ի՞նչ պետք է անենք այդ մարդուն:
Քննարկմանը մասնակից միջազգային փորձագետ Պիտեր Լոուն, որը ներկայացրել էր միջազգային, մասնավորաբար, բրիտանական փորձը, ասաց, որ բացի այն, որ լրատվական դաշտի հանդեպ վստահություն ենք ձեւավորում այս գործընթացով, այս քայլն արվում է նաեւ նրա համար, որպեսզի տարանջատվեն այն ընկերությունները, որոնք իրենց իրական տվյալներն են ցույց տալիս: «Մեդիա ոլորտը փող լվանալու մեքենա չէ, դրա համար ենք ուզում իմանալ`ովքեր են իրական սեփականատերերը, այս ամենը նաեւ ժողովրդավարության հետ է կապված»,- ասաց նա: Փորձագետն իր ելույթում նաեւ պատմել էր, որ Միացյալ թագավորությունում եղել է դեպք, երբ անձը երկու տարով դատապարտվել է`իրական սեփականությունը թաքցնելու համար: Նա կարծում է, որ գործընթացը մեդիայի համար կարեւոր է`հավաստիության եւ վստահելիության առումով, իսկ ներդրողների համար կարեւոր է, այն առումով, թե որտեղ են ներդրում անում:
«Մեդիամաքս» գործակալության ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը հեգնեց`շնորհակալություն հայտնելով, որ հանքարդյունաբերության ոլորտից հետո այս կարգավորումները մեդիա-ոլորտում են կիրառվելու, քանի որ հանքարդյունաբերությունն տնտեսության ամենահարուստ ոլորտն է: Ըստ բանախոսի, այժմ մեդիա-ոլորտն այլ հրատապ խնդիրներ ունի, օրինակ, «թիթեռնիկ կայքերը», որոնց մասին տարիներով են խոսում ոլորտի ներկայացուցիչները, բայց կարգավորումները չեն գտնվում. «Կան տասնյակ լրատվամիջոցներ, որոնց ոչ միայն իրական տերերը, այլ ընդհանրապես տերերը հայտնի չեն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ