Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժաչափերը խստացվել են, քաղաքական կամքը կա. ռիսկի չեն գնա ընտրակաշառք բաժանել

Մարտ 04,2020 16:31

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանելով հարցին՝ ընտրակաշառքը «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ է, ասաց. «Որեւէ մեկը չի կարող ընտրակաշառք բաժնել հանրաքվեի ժամանակ, այն պարզ պատճառով, որ ի տարբերություն նախկինի, այժմ Հայաստանում կա քաղաքական կամք՝ պայքարելու ընտրական հանցագործությունների դեմ: Առավել եւս, երբ մենք խոսում ենք ոչ իշխանության կողմից բաժանվող հնարավոր ընտրակաշառքի մասին, ապա երեւի ոչ մեկ կասկածի տակ չի դնում, որ իշխանությունը որեւիցե կաղաքական կամքի դեֆիցիտ չունի դա բացահայտելու»:

Դանիել Իոաննիսյանը մասնակցում էր «Մեդիա կենտրոնում» տեղի կազմակերպված «Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար» թեմայով քննարկմանը:

Իոաննիսյանի խոսքով, թեեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից այն ժամանակ տապալվել է, բայց տվել է մեկ այլ ոչ պակաս կարեւոր արդյունք՝ Քրեական դատավարության օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները. «Էապես փոխվեցին մի շարք արարքների համար նախատեսված պատժաչափերը, մի շարք արարքներ այլեւս դարձրին ծանր հանցագործություններ: Սա նշանակում է, որ այդ արարքներ անողները շատ ավելի մեծ ռիսկի կգնա՞ն հնարավոր պատժի պարագայում: Ընտրակաշառք բաժանելու համար կարելի է մինչեւ 6-7 տարի, իսկ ընտրությունների արդյունքները կեղծելու համար մինչեւ 8 տարի կարելի է ազատազրկման ենթարկվել»:

Ըստ Իոաննիսյանի, իրավապահ մարմիններն էլ հնարավորություն են ստացել կիրառել օպերատիվ հետախուզության բոլոր միջոցառումները՝ այդ հանցագործությունները բացահայտելու համար: Նա հիշեցրեց, որ արգելվեց նաեւ բարեգործության անվան տակ կաշառք բաժանելը, որը կդիտարկվի ծանր հանցագործություն: Դանիել Իոաննիսյանը վստահեցրեց, որ այդ փոփոխություններով հանդերձ եւ նաեւ քաղաքական կամքի առկայության պարագայում ընտրակաշառք բաժանելու զանգվածային կամ նույնիսկ առանձին դեպքեր չեն լինի:

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց. «Մենք ունենք լուրջ մարտահրավեր, ապատեղեկատվության, շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունենք, թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է հանրաքվեին»: Ըստ նրա, սպասվող հանրաքվեն թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ համազգային քվեարկությունն է՝ չհաշված Երեւանի ավագանու ընտրությունները: «Ես սա որակում եմ առաջին քննությունը իշխանությունների համար: Այսինքն՝ սա քննություն է լինելու ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու տեսակետից: Գործիքները կան, բայց գործի չի դրվել նախորդ քվեարկությունների ժամանակ»: Ըստ Սաքունցի, վարչական ռեսուրսների տիրապետողն ինքն է անցկացնում քվեարկություն եւ «Իմ քայլը» գտնվելու է խոշորացույցի ներքո: Պարոն Սաքունցը մտահոգություն ունի, որ դատական համակարգի չբարեփոխվելը կարող է խոչընդոտել. «Մենք տեսնում ենք, որ խնդիրներ են ծագում հենց այդ մարմինների հետ կապված»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով. «Եթե որեւիցե գործատու իր աշխատողներին պարտադրի անել քարոզչություն, կամ քվեարկել այո-ի կամ ոչ-ի օգտին, մասնակցել հանրաքվեին կամ զերծ մնալ մասնակցելուց, այդ արարքը ծանր հանցագործություն է, այդ արարքի համար մինչեւ 6 տարի կարելի է բանտում հայտնվել»:

Ըստ Սաքունցի, շատ կարեւոր է իշխանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ոստիկանության բացառիկ թափանցիկ եւ հաշվետու գործելակերպը, որը հիմք կտա հանրությանը զերծ մնալ այն հնարավոր ապատեղեկատվություններից, որը կարող է կիրառվել: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք էլ են լսել ընտրակաշառք բաժանելու ահազանգեր, բայց չեն կարող հղում կատարել այդ ահազանգերին, քանի դեռ դրանք ստուգված չեն:

Քննարկմանը հրավիրված է եղել նաեւ «Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը, որը սակայն հրաժարվել է մասնակցել՝ ասելով, որ սա կեղծ օրակարգ է, թե «Ոչ»-ի օգտին կարող է ընտրակաշառք բաժանվել: Ըստ նրա՝ այսպիսով փորձ է արվում իրենց բարի համբավն արատավորել եւ իրենք անպայման կդիմեն դատարան: Այս կապակցությամբ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ հակաքարոզչություն «ՈՉ»-ի դեմ: Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:

Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորաքրոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև: Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:

Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։ Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը: Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նույնպես չէր եկել քննարկմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

‘No’ front against the constitutional amendments has submitted the documents to the RA Central Electoral Commission

«Առավոտ».  «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում տարածելով այս ասուլիսի մասին տեղեկությունը՝ մասնավորապես գրել է. «Սա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ հակաքարոզչություն «ՈՉ»-ի դեմ

Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:

Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորաքրոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:

Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:

Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031