Օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հետազոտություն էր կատարվել, որից պարզվել էր, թե ըստ հանրային ընկալման, Հայ առաքելական եկեղեցին շատ ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ: «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն առաջարկել էր, որ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ էլ չունենա, ունեցվածքը գույքագրեն ու հարկերը վճարի, այսինքն, եկեղեցին բերվի հարկման դաշտ:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց. «Ընդհանրապես ամեն ասածին հո պետք չի՞ այդքան ուշադրություն դարձնել: Եթե այսօր հայ առաքելական եկեղեցուն նմանատիպ բաներ են ասում, ուրեմն այդ կառույցն իմ աչքին դառնում է զրոյական: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, դա խելքին մոտիկ բան չէ: Ուղղակի հավանական է, որ Սորոսից, բանից, որ ուզում են կպնեն Հայ առաքելական եկեղեցուն ու ընտանիքին, որ քանդեն հայ ազգը: Հենց այդ ամեն ինչը դրա հիման վրա է ձեւավորվում: Հեռո՛ւ մնան Հայ առաքելական եկեղեցուց»:
Այն առաջարկին, որ եկեղեցին բերվի հարկային դաշտ, գույքագրվի ունեցվածքը, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Հայ առաքելական եկեղեցին ոչ մի ժամանակահատվածում հարկատու չի եղել: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք հարկատո՞ւ դարձնել, այդ ի՞նչ ունի Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես մենք խառնվել ենք իրար»:
Մայր աթոռից, արձագանքելով հետազոտությանը, ասել էին, որ հետազոտություն կատարած կազմակերպությունն այդպես հարվածում է եկեղեցուն, թիրախավորել են եւ այլն:
Կարդացեք նաև
Բայց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, թե կողմնակից է եկեղեցու հանգանակությունները թափանցիկ դարձնելուն ու հարկման դաշտ բերելուն: Ըստ նրա, եթե եկեղեցին թաքցնելու բան չունի, թող գույքագրի, դրանից մարդկանց հավատն ավելի է ամրապնդվելու:
Այս առնչությամբ էլ Վարդան Ղուկասյանն ասաց. «Միանշանակ դեմ եմ դրան: Ես հարգում եմ Սերգեյ Բագրատյանին եւ շատ շատերին, բայց միանշանակ դրան դեմ եմ, որ եկեղեցին հարկվի: Իրենք ի՞նչ ունեն, որ ինչ անեն: Այդ մոմերի գումարներով, կամ, ասենք թե, եթե որեւիցե մեկը ինչ-որ ողորմություն է տալիս կամ ինչ-որ նվիրատվություն է տալիս եկեղեցուն, որ ինչ-որ մի բան կառուցի, նպատակն էլ ֆիքսում է: Հետո ուրիշի ունեցվածքը, ասենք, մեկը, որ մի բան անում է իր նախնիների համար, իր հոգու փրկության համար, հիմա այդտեղի՞ց էլ եք ուզում գումար բերել: Դա անհասկանալի մի բան է: Եկեղեցին թողեք եկեղեցուն: Այն հոգեւորականները, որոնք ճիշտ չեն ապրում հոգեւոր կյանքով, այ դրանց թող փոխեն, կարգալույծ անեն, բայց Հայ առաքելական եկեղեցուն կպնել ամբողջությամբ, դա սրբապղծություն եմ համարում»:
Դիտարկմանը, որ ահագին մեծահարուստներ կան, որ դրսից հանգանակություննր, նվիրատվություններ են անում՝ Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Լավ են անում, իրենց համար են անում, իրենց հոգու փրկության համար են անում: Դուք այդտեղ ի՞նչ գործ ունեք, պետությունն ի՞նչ գործ ունի: Օրինակ, ես հիմա եկեղեցի եմ կառուցում, իմ ունեցվածքից դնում եմ եկեղեցու վրա, ի՞նչ գործ ունի մնացածը, պետությունն այդտեղ ի՞նչ կապ ունի: Թող եկեղեցի կառուցեն, բոլորի համար են եկեղեցիները, թող շենանա մեր եկեղեցին»:
Հարցին՝ վստա՞հ եք, որ տեղ են հասնում հանգանակությունները՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա թացն ու չորն իրար հետ վառվում են, մեկը կարող է ձեռքերի մեջ ձվածեղ անի, մեկին հրամցնի, ասեն՝ ի՞նչ ես արել, որ: Հիմա նույն բանն է: Եթե Վարդան Մամիկոնյանին են բան ասում, Անդրանիկ Զորավարին են ասում, Նժդեհին, հիմա էլ շատ գեներալների գցում են ես չգիտեմ ինչի տակ, որոնք պահել, պահպանել են մեր սահմանը, արժի՞ դրա մասին խոսենք, մենք լավ հասկանում ենք որտեղից է դա գալիս, այդ հակահայկական, հակահոգեւորը, ուզում են հայ ազգին պառակտել, վատություն անել, պետք է կպնեն եկեղեցուն ու ընտանիքին: Էդ ԼԳԲՑ-ն (նկատի ունի ԼԳԲՏ-ն) մտցրել են, եկեղեցուն էլ՝ խնդրեմ, այս ամեն ինչը կատարվում է դրա հիման վրա, ես այդպես եմ հասկանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ