Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիստական ավտոբուսների վարորդները պնդում են՝ չեն կարող հարկեր ու վարկեր վճարել, եթե կայանատեղին Հրապարակին մոտ չլինի

Մարտ 04,2020 15:14

«Մարդիկ վարկեր են վերցրել, մեքենաներ են գնել, բայց արդեն որքան ժամանակ է՝ կանգնած ենք փաստի առաջ: Մենք գումար չենք պահանջում, հակառակը՝ ուզում ենք հարկ վճարել, պետությանը օգուտ տալ: Մենք էլ ենք ուզում կանոնակարգվի այս ամենը, ուզում ենք մեքենաները համապատասխանեն պահանջվող չափանիշներին, որպեսզի զբոսաշրջիկներին նորմալ սպասարկենք»,-այսօր բողոքի ցույցի ժամանակ ասացին տուրիստական միկրոավտոբուսների վարորդները, որոնք հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են լուծել կայանատեղիների խնդիրը եւ ոչ թե ծայրամասերում կայանատեղի հատկացնել, այլ՝ Հանրապետության հրապարակի մերձակայքում, քանի որ տուրիստական հոսքը հենց այդտեղ է:

Հունվարի 25-ից արգելվել է զբոսաշրջային ավտոբուսների կայանումը հրապարակի տարածքում:

Վարորդների խոսքով, տասը տարի շարունակ աշխատել են հրապարակի տարածքում, սակայն արդեն քանի ամիս է՝ չեն կարողանում աշխատել: Ըստ նրանց, 2-3 ամիս է քաղաքապետարանը տանում-բերում է, որեւէ ռեալ պատասխան չի տալիս՝ որտեղ կայանեն, որպեսզի գործը շարունակեն:

«Երեւանի փողոցները, որտեղ տուրիստական հոսքը շատ է, ավտոկայանատեղին առանց այն էլ գտնվում է վատթար վիճակում: Մենք չենք ասում՝ հրապարակը մերն է, մենք ենք սարքել, պետք է ստեղ կանգնենք: Համաձայն ենք, սիրուն չի կառավարության առաջ կանգնել: Ուրեմն՝ թող մեզ տրամադրեն մի գիծ, որը ոչ երթեւեկությանը կխոչընդոտի, ոչ՝ քաղաքի գեղեցկությանը, շատրվանները փակելուն, բայց՝ հրապարակում»,-պահանջում էին զբոսաշրջային բիզնեսով զբաղվող վարորդները: Ըստ նրանց, իրենք նշյալ հատվածում քաղաքապետարանի մասնագետներին կայանելու տեղ մատնանշել են, սակայն պատասխան չեն ստացել. «Մինչեւ հիմա ոչ բարձրաձայնել ենք մեր խնդրի մասին, ոչ լրատվականներով աղմուկ ենք բարձրացրել, համբերատար սպասել ենք՝ տեսնենք ինչ կառաջարկեն: Չենք ասում մեզ պաշտոնական հրավեր անեին, կանչեին եւ այլն, բայց գոնե տեղ տրամադրեին, որ շարունակենք աշխատել»:

Վարորդները վստահեցնում են՝ մեքենաները «բարետես» են, իրենք էլ մի քանի լեզու գիտեն, քաղաքակիրթ մարդիկ են եւ հրապարակի տեսքը չեն խաթարի, եթե մի հատվածում կայանեն:

«Որ ասում ենք՝ մենք ուզում ենք հարկվենք, դա իրականություն է, բայց մենք ուզում ենք դրա դիմաց ստանանք պետության աջակցությունը: Մենք չենք կարող հարկեր վճարել, եթե մեզ տանեն մարզադաշտում կանգնեցնեն»,-ասաց վարորդներից մեկը:

Վարորդների բողոքը լսելու էր դուրս եկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը: Նրա խոսքով,  մինչեւ այժմ չկա այն տարբերիչ նշանը, որը կորոշի՝ տաքսի մեքենա՞ է, թե՞ տուրիստական: Էդգար Գալստյանի խոսքով տուրիզմի կոմիտեն քննարկել է եւ որոշել, որ այդ նշանի հարցը կլուծվի 6 ամսից մեկ տարվա ընթացքում, իսկ ճանապարհային նշանը՝ ավելի շուտ. «Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկանության հետ քննարկել ենք այն տեղերը, որտեղ կայանումը հնարավոր է»:

Վարորդները դժգոհեցին, որ հարցն առանց իրենց է քննարկվում, առանց իրենց կարծիքը լսելու:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տուրիստական ավտոբուսների վարորդներին կայանատեղի առաջարկել են Սախարովի հրապարակում, որտեղ առանձին գծանշումով տարածքը կառանձնացվի՝ զբոսաշրջային տուրեր իրականացնող սուբյեկտների համար եւ նրանք կտեղափոխվեն այդ տարածք. «Քաղաքապետարանը համագործակցելով համապատասխան գերատեսչությունների, մասնավորապես՝ ոստիկանության հետ, մաքրելով Հանրապետության հրապարակը՝ կոնկրետ խնդիր է լուծում՝ հրապարակի արտաքին տեսքը վերականգնելու եւ շարժը ավելի հարմարավետ դարձնելու եւ տուրիզմի տեսանկյունից հրապարակն ավելի գրավիչ դարձնելու»:

Ըստ Հակոբ Կարապետյանի, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ նրանց տեղ չի առաջարկվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031