Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ռուսական սպառնալիքը բլեֆ է

Մարտ 04,2020 16:00

Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ Թուրքիան նոր «ճակատներ» է բացում կամ ավելի է թեժացնում արդեն առկա «ճակատները»՝ քաջ գիտակցելով, որ դա իրեն հնարավորություն է տալիս մանեւրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում:

– Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետեւանքով անցյալ շաբաթ թուրքական զինված ուժերը մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ ունեցան: Իրավիճակն Իդլիբում ծայրահեղ լարվեց: Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն նշել էր, թե «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար»: Նա հավելել էր, որ ՌԴ-ն, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, «կմասնատվի ներսից». «Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, եւ նորից դա կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»: Պարոն Գաբրիելյան, ի՞նչ իրավիճակ է այժմ:

– Ներկայումս լարվածությունը որոշակի նվազել է, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան հակված չեն լուրջ խնդիրներ ունենալ միմյանց հետ, այն էլ Իդլիբի համար, որը, ըստ էության, առանցքային նշանակություն չունի երկու երկրների համար։ Իրավիճակի՝ էլ ավելի մեղմացում կլինի, եթե մարտի սկզբին կայանա երկու երկրների առաջնորդների՝ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը։ Թուրքական կողմը, չնայած սկզբնական պոռթկումներին (նկատի ունեմ նաեւ Մեսութ Հաքընին), հակված է հայտարարել, որ ավիահարվածը հասցրել է սիրիական օդուժը։ Այնուամենայնիվ, չեմ կասկածում, որ Թուրքիայում վստահ են, որ ավիահարվածն իրականացրել է Ռուսաստանը կամ էլ այն հասցվել է նրա թույլտվությամբ։ Բայց, քանի որ ավելի հանգիստ տարբերակ է համարվում ավիահարվածի պատասխանատվությունը հենց Բաշար Ասադի վրա դնելը, ուստի թուրքական կողմը նախընտրում է այդ տարբերակը։ Իսկ ինչ վերաբերում է Անկարայի կողմից Ռուսաստանի 25 միլիոն մուսուլմանների գործոնը շահարկելուն, այստեղ մեծ հնարավորություններ չեմ տեսնում, քանի որ Թուրքիան չունի մեծ ազդեցություն նրանց վրա։ Ընդհակառակը, ցանկության դեպքում նույնը, բայց արդեն հակառակ ուղղությամբ ի վիճակի է անել Ռուսաստանը՝ այդ համատեքստում օգտագործելով Թուրքիայի (պայմանական)՝ 25 միլիոն քրդերին։ Այնպես որ, թուրքական այդ սպառնալիքը զուտ բլեֆ է։

– Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, թե առաջարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին չխառնվել թուրքական զորքերի եւ Սիրիայի բանակի դիմակայությանը: «Սիրիական հարցը ոչ մի դեպքում արկածախնդրություն կամ սահմաններն ընդլայնելու փորձ չէ: Մենք այնտեղ ենք գնացել ոչ թե Ասադի, այլ սիրիացի ժողովրդի հրավերով: Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ չի առաջարկել հեռանալ, մենք այնտեղից չենք հեռանա: Ես ասել եմ Պուտինին` մեզ դեմ առ դեմ թողեք ռեժիմի հետ, մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է»: Դեռ որքա՞ն է Թուրքիան գործելու ընդդեմ Սիրիայի իշխանության:

– Առնվազն այնքան, քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին է նեոօսմանիզմի ջատագով, իրեն մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերում տեսնող Էրդողանը, ով «ներքին ճակատում» Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին հասնելու ու գերազանցելու պլանում ունի Սիրիայի կարիքը (հեռանկարում Էրդողանը կարող է Սիրիայի հաշվին ընդլայնել Թուրքիայի տարածքը)։ Էրդողանը փորձում է Պուտինին համոզել, որ չխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի գործողություններին, թույլ տա, որ Թուրքիան ու Սիրիան մնան մեն-մենակ միմյանց դեմ։ Անկասկած է, որ նման դեպքում Էրդողանը թուրքական բանակը կուղղի մինչեւ Դամասկոս, սակայն Պուտինը, բնականաբար, չի պատրաստվում տուրք տալ Էրդողանի նմանատիպ հավակնություններին։ Էրդողանը շարունակ հայտարարում է, թե Թուրքիան «աչք չունի» որեւէ մեկի տարածքների վրա, որ Թուրքիան «պաշտպանում է» Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սակայն իր գործողություններով ապացուցում է հակառակը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Ես համոզված եմ, որ հնարավորության դեպքում Էրդողանը հանրաքվե է կազմակերպելու Սիրիայի հյուսիսում՝ այն տարածքներում, որոնք վերջին շրջանում գտնվում են թուրքական կողմի վերահսկողության ներքո։ Վերջին տարիներին Անկարան լրջորեն զբաղված է այդ տարածքների ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ, այլ կերպ ասած՝ դրանք իրեն հավատարիմ, իր հանդեպ լոյալ տրամադրված մարդկանցով (թուրքմեններ, արաբ փախստականներ եւ այլք) բնակեցնելով, որոնք էլ հնարավոր հանրաքվեի ժամանակ կքվեարկեն նախ Սիրիայից անջատվելու, ապա եւ Թուրքիայի կազմը համալրելու օգտին։ Նորից ընդգծեմ, որ սա Էրդողանին մեծապես անհրաժեշտ է տվյալ համատեքստում Աթաթուրքին հասնելու համար, որի ջանքերով Թուրքիայի Հանրապետության սահմանները նույն Սիրիայի հաշվին ընդլայնվել են ավելի քան 80 տարի առաջ։ Նկատենք նաեւ, որ Էրդողանին ոչ ոք էլ չի հրավիրել Սիրիա, Սիրիայի ժողովրդի համար ցանկալի կլինի, որ Թուրքիան օր առաջ վերացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում։ Հասկանալի է, որ Էրդողանը ձգտելու է ամեն գնով հնարավորինս երկար պահպանել այդ ռազմական ներկայությունը եւ եթե մի օր հարկադրված լինի հեռանալ, ապա ցանկանում է իր հետեւից այդ տարածքներում թողնել հավատարիմ ուժ (թուրքմեններ) եւ հեռանալու դեպքում իր սիրիական պլաններն իրագործել նրանց միջոցով։

– Ռուս-թուրքական ջերմացած հարաբերություններում կրկին լարվածության փուլ է: Որքա՞ն այն կտեւի, ավելի սուր առճակատում կարելի՞ է կանխատեսել: Կարո՞ղ են Մոսկվան ու Անկարան ընդհանուր հայտարարի գալ, կամ՝ հանուն ինչի՞ նրանք կարող են կրկին հաշտվել:

– Ռուս եւ թուրք քաղաքական գործիչները, իհարկե, կարող են ընդհանուր հայտարարի գալ, այստեղ վտանգը կարող է ավելի շատ գալ ռազմական գործիչներից, որոնց գործողությունների (ասենք, ավիահարվածի) հետեւանքները հետագայում ստիպված են լինում «ծածկել» հենց քաղաքական գործիչները։ Իհարկե, ես համոզված չեմ ասում, թե ռազմական գործիչներն իրենց գործողությունները նախապես չեն համաձայնեցնում քաղաքական գործիչների հետ, սակայն նմանատիպ առանձին դրվագներ հնարավոր են, ընդ որում՝ ծանր հետեւանքներով։ Կարծում եմ, որ Իդլիբի հարցում կողմերն արդյունքում կհանգեն փոխզիջման, Թուրքիան կկարողանա հասնել նվազագույն պլանին՝ Իդլիբի նահանգի այն հատվածները պահելուն, որոնք սահմանակից են Աֆրինին (Թուրքիայի կողմից օկուպացվել է 2 տարի առաջ) եւ հենց Հաթային (Սիրիայում երկար ժամանակ այս տարածքը համարում էին իրենցը)։ Այս տարբերակը որոշակի առումով ձեռնտու կարող է լինել կողմերին, քանի որ Իդլիբի նահանգի մեծ մասը կազատագրվի սիրիական բանակի կողմից, իսկ Թուրքիան էլ թույլ չի տա, որ այդ բանակը հասնի հատկապես Աֆրինի շրջանին, որ սիրիական կողմը Իդլիբից հետո բարձրացնի Աֆրինից Թուրքիայի հեռանալու հարցը։ Ըստ իս՝ թուրքական կողմի պլաններում հենց Աֆրինը հեռանկարում կարող է դառնալ Թուրքիայի 82-րդ նահանգը (ներկայումս Թուրքիան ունի 81 նահանգ)։

Ընդհանուր առմամբ, ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեն ընթանալ վայրիվերումներով, սրացումներով՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց հակամարտության եւ միաժամանակ համագործակցության ճակատը (Սիրիա, Լիբիա, Ուկրաինա, Վրաստան, Արցախ եւ այլն) շատ լայն է։ Եվ Թուրքիան շարունակ նոր «ճակատներ» է բացում կամ ավելի է թեժացնում արդեն առկա «ճակատները»՝ քաջ գիտակցելով, որ դա իրեն հնարավորություն է տալիս մանեւրելու Ռուսաստանի հետ հարաբերություններում, տարբեր գործարքներ կնքելու նրա հետ։ Օրինակ, Թուրքիան կարող է վերջին հաշվով զիջումների գնալ Իդլիբի հարցում եւ Ռուսաստանից զիջում ակնկալի արդեն Լիբիայի հարցում։ Վերջինս Թուրքիայի համար անհամեմատ կարեւոր է։ Նույնը կարող է վերաբերել «կովկասյան ճակատին»։

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում հայտնեց Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լարվածության նվազման ուղղությամբ Անկարայի ջանքերին աջակցելու մասին: «Առաջնորդները համաձայնել են, որ սիրիական ռեժիմը, Ռուսաստանը եւ իրանական ռեժիմը պետք է դադարեցնեն հարձակումները, քանի դեռ նրանց գործողությունները չեն հանգեցրել ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությանը կամ տարհանմանը»,-ասվում էր մամլո հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթն ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում, որը հրավիրվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, նշել էր. «Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային եւ կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները»: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցույց տալ Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն՝ ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները: Վերջին իրադարձությունները Թուրքիային կարծես ավելի մոտեցրի՞ն ԱՄՆ-ին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՌԴ-Թուրքիա հարաբերությունները որոշակի խանդ էին առաջացնում թե՛ Վաշինգտոնում, թե՛ ՆԱՏՕ-ի դաշինքի եւ անդամ երկրների մոտ, ՌԴ-Թուրքիա հարաբերությունները նույնիսկ քննադատվեցին Արեւմուտքի կողմից: Անկարան կստանա՞ Արեւմուտքի անվերապահ աջակցությունն առաջիկայում:

– Իհարկե, ոչ։ Ճիշտ է՝ իդլիբյան սրացումը որոշակի առումով լավ հնարավորություն է Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի համար՝ փորձելու համար սեպ խրելու ռուս-թուրքական հարաբերություններում, սակայն թվացյալ այդ հեշտ գործընթացն իրականում այնքան էլ հեշտ չէ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան այստեղ ունի մանեւրելու լայն դաշտ, եւ եթե որեւէ բան չի ստանում Արեւմուտքից (ասենք, Փեթրիոթ համակարգեր), ապա անմիջապես դիմում է Ռուսաստանին եւ ընդհակառակը՝ դիմում է Արեւմուտքին, ինչին որ ականատես ենք լինում Իդլիբի պարագայում։ Այնպես որ, երկու կողմի հետ էլ Թուրքիայի սերտ կամ լարված հարաբերությունները կրում են միայն ժամանակավոր բնույթ՝ կախված իրավիճակից։ Սիրիական հակամարտության մեկնարկից որոշ ժամանակ անց Թուրքիան բազում փորձեր (սահմանային սադրանքներ) ձեռնարկեց, որպեսզի ՆԱՏՕ-ն ներքաշի հակամարտության մեջ եւ նրա միջոցով հասնի Բաշար Ասադի տապալմանը։ Սակայն ՆԱՏՕ-ն տուրք չի տալիս թուրքական կողմի այդ փորձերին եւ չի ցանկանում դառնալ Էրդողանի նեոօսմանյան նկրտումների պատանդը, հանուն այդ նկրտումների ներքաշվել Ռուսաստանի դեմ ռազմական դիմակայության մեջ։

ԱՄՆ-ն էլ վարվում է նույն կերպ եւ իդլիբյան հայտնի դեպքերից հետո չի շտապում բավարարել Թուրքիայի խնդրանքը՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայել Փեթրիոթ զենիթահրթիռային համակարգեր։ Համոզված եմ, որ ԱՄՆ-ում քաջ գիտակցում են, որ վերջին օրերին Էրդողանը ՆԱՏՕ-ի եւ առանձին վերցրած ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասին հիշել է նրա համար, որ Ռուսաստանը նրան նեղել է Իդլիբում։ Ակնհայտ է, որ հենց ռուս-թուրքական հարաբերությունները առաջիկայում վերադառնան իրենց բնականոն հուն, Էրդողանը նորից ժամանակավորապես կմոռանա Արեւմուտքի մասին եւ կփորձի իր տարածաշրջանային պլաններն իրագործել Պուտինի հետ համատեղ։

– Անկարան հաղորդեց, որ այլեւս չի խոչընդոտի դեպի Եվրոպա սիրիացի փախստականների տեղաշարժին՝ Սիրիայում ռազմական գործողությունների սրացումից հետո։ Փաստացի, այս որոշումը չեղարկում է Թուրքիայի եւ Եվրամիության 2016թ.՝ անօրինական ներգաղթյալների ընդունման մասին համաձայնագիրը: Էրդողանն էլ իր հերթին հայտարարեց, որ այսուհետ Թուրքիան այլեւս չի փակի «այդ դռները»։ Պարոն Գաբրիելյան, ինչի՞ է ձգտում այս քայլով Անկարան, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր պայմաննե՞ր է ձգտում թելադրել:

– Այս թեմայով իրարամերժ հայտարարություններ ու լուրեր են հաղորդվում, այնպես որ, հստակ դժվար է ասել, թե արդյոք Անկարան փոխե՞լ է իր միգրացիոն քաղաքականությունը։ Մի բան ակնհայտ է, որ Անկարան փախստականների թեման նորից արդիականացրեց Իդլիբի հայտնի դեպքերի ֆոնին։ Դա միտված է նրան, որ եթե ԵՄ-ը չի փորձում կասեցնել Ռուսաստանին ու Բաշար Ասադին Իդլիբում (իրականում ԵՄ-ը չունի էլ նման հնարավորություն), ապա նրանց գործողությունները մեծացնում են փախստականների հոսքը դեպի Թուրքիա, որն էլ «ի զորու չէ» կրել այդ բեռը եւ «հարկադրված է բացել» իր դարպասները եւ փախստականներին ուղղել ԵՄ։ Բացի այդ, Թուրքիան հերթական անգամ ԵՄ-ին ի ցույց է դնում իր տվյալ հաղթաթուղթը՝ քաջ գիտակցելով, որ փախստականների թեման բավական զգայուն է ԵՄ-ի համար։ Անկարան փորձում է նոր գումարներ ստանալ ԵՄ-ից՝ փախստականների կարիքները հոգալու համար, սակայն այստեղ կա ավելի կարեւոր գործոն։ Կարծում եմ, որ այս քայլով Թուրքիան փորձում է լռեցնել ԵՄ-ին, որ նա չհամարձակվի լուրջ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Արեւելյան Միջերկրածովի շրջանում նրա ապօրինի գործունեության հետ (ըստ էության, Թուրքիան զբաղված է ԵՄ-ի անդամ Կիպրոսի թալանով)։

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031