Լրահոս
Օրվա լրահոսը

Արհմիության անդամը` Մատենադարանում չարաշահումների եւ դատախազություն դիմելու մասին

Մարտ 04,2020 14:47

Մատենադարանի աշխատակիցներ, արհմիության անդամներ Գայանե Այվազյանը եւ Ալլա Խառատյանը բողոքում են կառավարման ճգնաժամից, աշխատողների միավորման ազատության ոտնահարումներից` փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում, իրենց կարծիքով չարաշահումներից եւ հանցագործության մասին իրենց ներկայացրած հաղորդումից:

Մարտի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Ալլա Խառատյանը նշեց, որ ստեղծել են արհմիություն, որպեսզի փորձեն բարձրացնել տարիներով կուտակված խնդիրները եւ պաշտպանել գիտաշխատողների շահերը:

Գայանե Այվազյանի գնահատմամբ, արհմիության գործունեությունն այս մեկ տարվա ընթացքում անխափան չի ընթացել. «Թեեւ մենք շատ բաց եւ համագործակցային էինք տրամադրված, սակայն պարզ դարձավ, որ գործատուն եւ նրա շրջապատը արհմիության վերաբերյալ իրենց պատկերացումներն ուներ, դրանք, մոտավորապես դեղին արհմիության մասին պատկերացումներն էին, այսինքն` արհմիություն, որը գործատուն է ձեւավորում»: Նրա խոսքերով, բարձրացրել են նաեւ գիտաշխատողների պայմանագրերի եւ չտրամադրված երկարամյա արձակուրդների հարցը, ու այդ ընթացքում պարզել, որ աշխատանքային իրավունքների հարցերը բարձրաձայնելու ճանապարհը նույնիսկ վտանգավոր է: Նա հավելեց նաեւ, որ իրենց գործունեությունը ուղղված է ոչ թե անձերի դեմ, այլ համակարգային փոփոխությունների համար է:

Մանրամասները` տեսանյութում:

Գայանե Այվազյանն անդրադարձավ նաեւ Մատենադարանի կառավարման խորհրդի ընտրության կազմին. «Անդամների մասին տեղեկություններ ստացել ենք, երբ կազմն արդեն հաստատվել էր, մինչդեռ հեղափոխությունից հետո մենք ունեինք սպասելիքներ, որ կորդեգրենք հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու, առհասարակ կառավարման նոր մշակույթ: Այդ մասին մենք ահազանգեցինք հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանին, նա կիսեց մեր մտահոգությունները եւ պատասխան նամակով պարզաբանեց, որ խորհուրդ ձեւավորելու կոնկրետ մեխանիզմներ չեն եղել, եւ անդամները որոշվել են տնօրինության նիստում»:

Արհմիության անդամն ասում է, որ մի շարք խախտումներ էլ հայտնաբերել Մատենադարանի կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ. «Մասնավորապես 2018թ, երբ ընտրվել են հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Լեւոն Սարգսյանը եւ ներկա տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, այդ ընտրությունները չեն համապատասխանել հիմնադրամների մասին օրենքին եւ Մատենադարանի կանոնադրության դրույթներին: Այն արձանագրությունները, որ փաստում էին այս ընտրությունների արդյունքները՝ ստորագրված չեն եղել նիստերին մասնակցած բոլոր անդամների կողմից»: Ասաց, որ կանոնադրական փոփոխություններ են կատարվել, եւ արձանագրությունը ստորագրել են 13-ից 10-ը. «Պետական ռեգիստր են ներկայացվել կանոնադրությունը փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր եւ այդ փաստաթղթերից մեկը` նիստի արձանագրությունը, չի ներկայացվել պետական ռեգիստր»:

Արհմիության ներկայացուցիչները դիմել են գլխավոր դատախազություն եւ, իրենց տպավորությամբ, գործը կոծկելու փորձ է արվում` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: «Կասկածելի ներկայաթերթիկներ են բերվել, որ իբր մարդիկ ներկա են եղել նիստերին, սակայն ստորագրությունները բացակայում են»,-ասաց Այվազյանը:

Արհմիության ներկայացուցիչները նշեցին, որ դատախազություն դիմելուց ի վեր՝ տնօրենի հետ չեն խոսել, ասում են՝ օրենքը պետք է վերականգնվեր, սակայն կամքը չկա այն վերականգնելու: «Նույնիսկ իրավաբաններ էին եկել Մատենադարան, որոնք պետք է մեզ համոզեին օրենքում գրվածը չկիրառել»,-հավելեց Այվազյանը: Իսկ Ալլա Խառատյանն էլ ասաց, որ իրավաբաններն իրենց ասել են, որ պետք է համակերպվեն իրականության հետ. «Նա ձեր տնօրենն է եւ վերջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Aravot.am-ը մեկնաբանություն ստանալու համար կապվեց նաեւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ: Պարոն Տեր-Ղեւոնդյանն ասաց, որ մեզ ծավալուն մեկնաբանություն կտա առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031