Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցման. ՏԶՆԿ

Մարտ 04,2020 14:20

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը  կորոնավիրուսի հետևանքով Իրան-Հայաստան և Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին

 Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:

Արտահանման և ներմուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը:

2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմակերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել  տնտեսական աճի տեմպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի  տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

ՏԶՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031