«Այս օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքարելու դատական համակարգի կոռուպցիայի դեմ՝ չխաթարելով դատական իշխանության անկախությունը: «Լուսավոր Հայաստանն» ասում է, որ այս փաթեթը կախյալ դատական համակարգ է ստեղծելու: Ոչ՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց է կախյալ լինելու, որում մեծամասնություն են դատավորները, թե ԲԴԽ-ից, որում հինգ դատավոր կա, կամ ուսումնական հարցերի հանձնաժողովից, որի մեծ մասը դատավորներ են: Էլ ո՞նց է կախյալ լինելու, ումի՞ց»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով Արդարադատության նախարարության հեղինակած Դատական օրենսգրքի բարեփոխումների օրինագծին, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ եւ որը քննադատում են ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հարցադրում արեց. «Ասում եք՝ մաքրեիք դատական համակարգը: Ո՞նց մաքրեինք… պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները մինչեւ երկրորդ ընթերցումը թող բերեն առաջարկները, որոնք ավելի խիստ են, լուծում են դատական համակարգի խնդիրները: Մենք անպայման կընդունենք, բայց մի պայմանով՝ Սահմանադրությանը դրանք չպետք է հակասեն: Բերեք մաքրելու լավ տարբերակ, ընդունենք»:
Ինչ վերաբերում է նշյալ փաթեթով նախատեսվելիք փոփոխությանը, որով դատավորների նշանակման տարիքը 28-ից իջեցվում է 25-ի, եւ որի վերաբերյալ մտահոգ է ԲՀԿ-ն, Ռուստամ Բադասյանը նշեց. «Քանի որ ԲՀԿ-ն մշտապես մտահոգված է բիզնեսի խնդիրներով եւ դատական համակարգում բիզնեսի խնդիրներով, մի պահ մտածենք՝ փաստաբանական գրասենյակում երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող իրավաբանը շփվում է օտարերկրացի ներդրողի հետ, գիտի բիզնեսի կարիքները եւ խնդիրները: Հնարավո՞ր է նման ստաժով մարդն ավելի լավ պատկերացնի այդ հարցը, եւ բիզնեսի առումով գուցե ավելի լա՞վը լինի այդ դատավորը՝ բիզնեսի տեսանկյունից: Մտածեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ