Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի հարկայինի թիրախում լինելու է միկրոբիզնեսը

Մարտ 04,2020 13:21

Այսօր ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը լրագրողների հետ հանդիպմանը ցուցանիշներ ներկայացրեց: Մինչ այս նա ասաց, որ հարկային մարմնի կառուցվածքն էապես փոխվել է: Օրինակ՝ 2017 թվականի սկզբին հարկային մարմնում գործում էին 22 հարկային տեսչություններ, որոնք իրենց տարածքում իրականացնում էին բոլոր գործառույթները, իսկ 2020-ի սկզբից գործում է ընթացիկ հսկողության վարչությունը, որն իրականացնում է բացառապես ընթացիկ վերահսկողական աշխատանքները՝ ՀԴՄ-ի եւ այլ թեմատիկ ստուգումները:

Իսկ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունը բացառապես վերլուծական գործառույթ է իրականացնում: Այժմ գործում է համալիր հարկային ստուգումների վարչությունը, որն, ինչպես անվանումից կարելի է կռահել՝ միայն համալիր հարկային ստուգումներ է իրականացնում:

Թամազյանն ասաց, որ այս փոփոխություններն արվել են, որպեսզի հակակշիռ ապահովվի՝ եթե նախկինում համալիր ստուգումների վարչությունը բացի համալիր ստուգումներից, նաեւ դիտարկումն էր իրականացնում, այժմ այդ դիտարկման գործառույթը իրականացնում է այլ վարչություն:

Ինչ վերաբերում է հարկայինի թվային ցուցանիշներին, ապա, ինչպես Կարեն Թամազյանը ներկայացրեց, 2019 թվականին աշխատողների թվաքանակն էապես աճել է. օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերին հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի հետ համեմատած 88 հազարով ավելի է:

Թամազյանի վստահեցմամբ՝ աճը տեղի է ունեցել հիմնականում մանրածախ առեւտրի ոլորտում, հանրային սննդի սպասարկման, մեծածախ առեւտրի, սննդամթերքի արտադրության ոլորտներում:

Թե աշխատատեղերի ավելացման պատճառը որն է, Կարեն Թամազյանն ասաց, որ հստակ գնահատական հնարավոր չէ տալ, բայց այդ աճը պայմանավորված է ե՛ւ հարկային վարչարարությամբ, ե՛ւ նոր աշխատատեղերի եւ հարկ վճարողների ինքնահայտարարագրմամբ:

ՊԵԿ պաշտոնյան նաեւ ՀԴՄ կտրոնների մասին խոսեց. ասաց՝ գործարարները 2018 թվականին 326 միլիոն հատ ՀԴՄ կտրոն են խփել, իսկ 2019-ին՝ 457 միլիոն հատ. «Համապատասխանաբար 20% -ով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25%` 20 մլն հատից դարձել է 25 մլն»:

Արդեն 32 հազար սուբյեկտ հայտ է ներկայացրել, որպեսզի համարվի միկրոձեռնարկության սուբյեկտ: Բայց, ինչպես Կարեն Թամազյանն ասաց, առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող սուբյեկտները չեն կարող համարվել միկրոձեռնարկության սուբյեկտներ, բայց ներկայացված հայտերի ուսումնասիրությամբ պարզել են, հենց այս ոլորտում աշխատող որոշ գործարարներ իրենց գործունեության տեսակը փոխել են, օրինակ` ոսկու շուկայում առեւտրով զբաղվողները նշել են, թե արտադրությամբ են զբաղվում: Բացի այս, բացահայտվել են գործարարներ, որոնք գերազանցելով շրջանառության 24 միլիոն դրամի շեմը, դադարեցրել են գործունեությունն ու իրենց անվամբ հաշվառված ՀԴՄ-ն, ապա բացել են նոր Ա/Ջ, իրենց անվամբ հաշվառված ՀԴՄ-ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անվամբ եւ փաստորեն փաստաթղթերով նոր ստեղծված կազմակերպության տվյալները չեն երեւում, որ ավելի մեծ շրջանառություն է ունեցել:

Հարկային պաշտոնյան հայտարարեց, որ ստուգումների թիրախում առավել ուշադիր են լինելու միկրոձեռնարկությունների դեպքում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031