ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ուշադրությունը հրավիրեց դատապարտյալ Արթուր Մեխակի Շահինյանի խնդիրների վրա: «Նա հիմա դատապարտյալների հիվանդանոցում է: Երկու երիկամները չեն աշխատում: ՔԿՀ-ից նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են բուժկենտրոն՝ դիալիզի: Միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ նրա պատիժը համատեղելի չէ կրած հիվանդության հետ, բայց դատարանը երկու օր առաջ մերժեց պատժից ազատումը: Նա երեկ դադարեցրեց հացադուլը, բայց նրա երիկամները չեն աշխատում: Միջգերատեսչական հանձնաժողովն ասել է՝ կմեռնի…կմեռնի դատապարտյալների հիվանդանոցում: Դուք էլ գիտեք, թե դատապարտյալների հիվանդանոցում ինչ վիճակ է՝ էլ ոտքը կտրած, էլ ձեռքը կտրած: Մեր ներկայությամբ շաքարը չափում են՝ սարքը տրաքում է: Այս մարդկանց խնդիրը ո՞նց եք լուծելու, դատավորներն ինչո՞ւ են վախեցած եւ ահաբեկված»,-նախարարին հարցադրումներ հղեց Նաիրա Զոհրաբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ