Լրահոս
Օրվա լրահոսը

«25-ամյա դատավորների փորձի բացակայությունը փորձանքի բացակայություն է լինելու». «Իմ քայլի» պատգամավոր

Մարտ 04,2020 12:08

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը համաձայն չէ ԲՀԿ-ի ընդդիմադիր գործընկերների այն պնդման հետ, որ եթե Դատական օրենսգրքի փոփոխություններով դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնելը չի նպաստի գործերի արդար քննությանը՝ երիտասարդ դատավորների փորձի պակասի պատճառով: ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որը քննարկվում  է առաջին ընթերցմամբ, Մարիա Կարապետյանը նախ շեշտեց. «Դատական իշխանության անկախության, հանրային վստահության մակարդակը հիմնված է դրա անփոփոխելիության վրա, սակայն միաժամանակ մենք ուզում ենք փոխել դատական համակարգը: Այս նպատակով քաղաքացիներին երկու գործիք ենք առաջարկում՝ ապրիլի հինգին տեղի ունենալիք հանրաքվեն, որի միջոցով ՍԴ-ն կվերադառնա Սահմանադրության ոգուն համապատասխանող մոդելի, իսկ երկրորդն այս օրենսդրական փաթեթն է»:

Ըստ Կարապետյանի. «Կարեւոր է, որ քաղաքացիներն իմանան՝ նոր նշանակվող դատավորների բարեվարքության եւ գիտելիքների առումով կստուգվի նրանց՝ անաչառ եւ անկախ դատավորներ լինելու հնարավորությունը: Դրան կնպաստի հոգեբանական թեստի անցկացումը: Շատ ուրախ եմ տարիքային շեմն իջեցնելու առթիվ, որովհետեւ երիտասարդները մեծ ներուժ ունեն եւ պետք է մասնակցեն որոշումների կայացմանը: Նրանց փորձի բացակայությունը փորձանքի բացակայություն է լինելու, եւ նրանք իսկապես կարողանալու են երիտասարդական իդեալիզմն ու մաքսիմալիզմն օգտագործել անաչառ որոշումներ կայացնելու համար»:

Հատկանշական է, որ իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը Մարիա Կարապետյանի դիրքորոշման հետ չհամաձայնեց: Նա ասաց, որ «կողմ» կքվեարկի՝ հույսով, որ իսկապես արմատական փոփոխություններ կլինեն դատական համակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031