«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում նախօրեին տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջինի կիսանդրին։ Հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է միավորման հրամանատարությունը։ Գաղափարի հեղինակ Միխայիլ Սերդյուկովի խոսքով, նախագիծն իրականացվում է մեկ նպատակով՝ վերականգնել ռուս ժողովրդի հայրենասիրական ոգին։
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նկատում է՝ վերջին ժամանակներում նմանատիպ շատ դեպքերի ենք ականատես լինում. «Օրինակ՝ անցած, թե նախանցած տարի, երբ ես քաղաքաշինության խորհրդի անդամ էի, հանկարծ Մոսկվայից բերեցին Սանկտ Պետերբուրգի բլոկադայի ժամանակ զոհված երեխաների հիշատակին արված մի հսկայական հուշարձան, որը դրեցին Արաբկիրի գյոզալ այգում։ Ես դեմ եղա, ասացի՝ ինչո՞ւ եք բերում Երեւան, տարեք Լենինգրադում դրեք, ինձ ասացին՝ այնտեղ նաեւ հայ երեխաներ են եղել։ Լավ, բայց ինչո՞ւ եք հսկայական գրանիտե սյուներ բերում՝ դիմացից էլ բրոնզից 2 մետրանոց ռուս կնոջ ֆիգուր՝ ռուս երեխուն գրկած, ի վերջո, այդ ամեն ինչը մեզ հետ ոչ մի կապ չուներ։ Սա ասում եմ նրա համար, որ քաղաքականություն է՝ հայ-ռուսական հարաբերություններ, չեն ուզում ռուսների հետ վատամարդ լինել։ Թեպետ, ինչո՞ւ եք զարմանում, Գյումրիում վերցրին ու Կալաշնիկովի արձանը դրեցին, իսկ դա ի՞նչ էր նշանակում։ Այսինքն՝ սա այդ նույնի շարունակությունն է։ Նիկոլայ Առաջինի կիսանդրին, որ բերել են Գյումրի, հիմա այդ գյումրեցիներն ի՞նչ անեն, այնտեղ ռազմական բազա կա, եւ ռուսներն ինչ ուզում, անում են։ Լավ է դեռ, որ դրել են ռազմաբազայի տարածքում»։
Քանդակագործը հիշում է, որ մի ժամանակ էլ փորձել են Արաբկիրի այգում Պետրոս Առաջինի արձանը դնել։ «Այնտեղ երկու շենք կա՝ ճառագայթանման՝ ծուռ, որ աստիճանավանդակի նման գալիս միանում են իրար, իբրեւ թե պատուհան դեպի Եվրոպա։ Բայց Պետրոսի ասածին համահունչ՝ դա տարեք, Ռուսաստանում դրեք, նա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։ Մենք դեմ եղանք, ու լավ է, դա կանխվեց։ Մի զարմացեք, դեռ այնքան բան կլինի, Գյումրիում Սայաթ-Նովայի այգի կար, կարծեմ անունը փոխեցին ու մի ռուսական անուն դրեցին։ Տեսնում եք՝ ինչ ուզում են, անում են։ Հիմա դրան ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ, քաղաքականություն է, ինքներդ լավ գիտեք»,- ասում է նա ու նկատում, որ այդ քաղաքականության արդյունքում էլ մերոնք կուլ են գնում Ռուսաստանին. «Պերմյակովի հարցում կարողացա՞ն մի բան անել, թող մի ռուսի գլխից մի մազ պակասի՝ դու տես ինչ կանեին, բայց Պերմյակովը մի ամբողջ ընտանիքի ոչնչացրեց, այսինքն՝ ինչպես գիտեք, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դե հիմա թող Տիգրան Սեծի արձանը տանեն Սոսկվայում դնեն, ինչո՞ւ չեն դնում, այնտեղ էլ հայեր կան, չէ՞։ Իհարկե, ըմբոստանալ կարելի է, որովհետեւ անունն ի՞նչ եք դնում, որ բերում եք Գյումրի»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում