«Որքանո՞վ է երաշխավորված, որ այս փոփոխությունները տեղավորվելու են ապագայում իրականացվելիք սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ոնց որ հերթականություն եք խախտել: Փոխանակ Սահմանադրությունը բարեփոխելուց հետո անցնեք սահմանադրական ինստիտուտների բարեփոխմանը, հակառակ ուղղությամբ եք գնում»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ, ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոփոխություններով առաջարկվում է դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, Պետրոսյանը շեշտեց, որ տարիների կենսափորձի խնդիր կա. «25 տարեկան երիտասարդն ի վիճակի չէ ճիշտ որոշել մարդկային ճակատագրերը: Նա կարող է շատ լավ տեսական գիտելիքների տիրապետել, Լոնդոնում սովորած լինել, բայց փորձ պետք է ունենա: Պատկերացնո՞ւմ եք՝ 25 տարեկանը, որն ընտանիք չի կազմել, պետք է քննի որեւէ ընտանիքի ամուսնալուծության կամ երեխաներին այս կամ այն ծնողին տրամադրելու գործը: Քրեական գործերի մասին էլ չասեմ»:
Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ հիմա դատավորները գերծանրաբեռնված են. «Գործերը տարիներով քննվում են, մարդը սպասում է մի լուսավոր օրվա, երբ իր հայցը վերջապես կքննվի: Կառավարությանը կոչ եմ անում գործուն քայլեր անել, որպեսզի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափվի: Դրա շահառուն ՀՀ քաղաքացին է: ԲՀԿ-ն ուզում է, որ լավ նպատակը ջրասույզ չլինի անհաշվենկատ գործիքների կիրառման պատճառով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ