«Նախատեսվում է դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել եւ սահմանել 3 տարվա աշխատանքային ստաժ՝ 5-ի փոխարեն: Այս փոփոխությունը խիստ ռիսկային է,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ, ասաց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը: Նա նշեց, որ Գերմանիայում, օրինակ, կան 25-ամյա դատավորներ, որոնք, սակայն, համարվում են պիլոտային դատավորներ եւ միայն 3-5 տարվա աշխատանքային փորձի դեպքում են ստանում պրոֆեսիոնալ դատավորի կարգավիճակ:
«Կարծում եմ՝ 25 տարեկան եւ գրեթե անփորձ դատավոր ունենալը չի բխի արդյունավետ արդարադատության իրականացման մղումից: Ավելին՝ դատավարության ընթացքում, ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, դատարանը որոշելու է փաստերի ապացուցված լինելու հանգամանքը՝ դրանց լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրության վրա հիմնված ներքին համոզմունքով: Համաձայնեք, որ քիչ աշխատանքային փորձ ունեցող դատավորը չի կարող իրականացնել ապացույցների բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրություն»,-համոզմունք հայտնեց Իսայանը:
Նրա խոսքով. «Անխուսափելիորեն կլինեն դատական սխալներ, որոնք այսօրվա պայմաններում ավելի խոցելի կդարձնեն քաղաքացիների եւ պետության վիճակը: Անգամ հմուտ դատավորների «քննած» գործերով այսօր ունենում ենք ՄԻԵԴ-ի վճիռներ ընդդեմ ՀՀ-ի: Այս կերպ չենք ավելացնո՞ւմ դրանց քանակը: 25 տարեկան դատավորն ինչպե՞ս է քննելու ապօրինի ծագման գույքի վարույթը, եթե դա անգամ փորձառու դատավորի համար է դժվար լինելու: Հասկանանք, որ նոր դատավորների ներգրավվածության խնդիրը որակի հաշվին չի կարելի լուծել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ