Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կոնկրետ քաղաքացիներ բիզնես հետաքրքրություն ունեն մեր երկրում. օտարերկրացիների այցերի քանակը Հայաստան

Մարտ 04,2020 11:23

«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հրապարակման մեջ Վիճակագրական կոմիտեն բերել է լրացուցիչ տվյալներ: Դրանցից մեկը ներկայացնում է սահմանահատումների քանակը:

Պաշտոնապես հայտարարվում է, որ անցած տարի մեր երկիր մուտքերի քանակը եղել է 2 մլն 232 հազար 302: Մուտքերի ամենամեծ քանակը բաժին է ընկնում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն նրանց, որ զբոսաշրջության կամ որևէ գործնական նպատակով դուրս են եկել երկրից, ապա վերադարձել: Վերադարձ-մուտքերի քանակը 938 հազար 615 է:

Ասենք, որ նախկին տարիների նման 2019-ին ՀՀ քաղաքացիների ելքերի քանակը գերազանցում է մուտքերի թվին: Ասել է թե` անցած տարի էլ մեր երկրից մեկնածների մի մասը չի վերադարձել: Խոսքը մոտ 6.8 հազար մարդու մասին է:

Սահմանահատումների քանակի վիճակագրությունը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել մեր երկիր ժամանողների մասին: Վիճակագիրները ներկայացրել են 42 երկրից ժամանող-մեկնողների քանակական պատկերը: 42 երկիր ընտրվել է այն պատճառով, որ երկու հազարից ավելի քաղաքացիներ եկել են հենց այդ 42 երկրից:

Ասենք, որ այցերի քանակի ուսումնասիրողը հենց սկզբից կնկատի, որ Հայաստան ժամանումների մեծ քանակը բաժին է ընկնում այն երկրներին, ուր մեծ հայկական համայնք կա: Ասել է, թե այս այցերը ինչ-որ չափով ածանցվում են վերջին տասնամյակների արտագաղթից: Հետևաբար զարմանալի չէ, որ Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների ամենամեծ խումբը եկել է Ռուսաստանի Դաշնությունից: Այդ երկրի քաղաքացիները 610 հազար 695 անգամ են այցելել մեզ: Երկրորդ տեղում Իրանն է` այցերը կազմել են մոտ 114.8 հազար: Այցերի 100 հազարի ցուցանիշը միայն այս երկու երկրների քաղաքացիներն են կատարել: Այցերի քանակով երրորդ երկիրը` Վրաստանը, շատ չի զիջում Իրանին` 93.6 հազար այց: Չորրորդը ԱՄՆ-ն է` 52.1 հազար այցերի քանակով: Ասենք, որ 50-100 հազար այց միայն այս երկրների պարագային է արձանագրվել: 25-50 հազար այցելուի ցուցանիշ արձանագրել են հինգ երկիր` Գերմանիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Ղազախստանը և Ուկրաինան: Այս երկրների ցանկն էլ սերտ աղերսված է ավանդական ու վերջին տարիներին ստվարացած սփյուռքահայ համայնքի գոյության հետ: Բացառությամբ, իհարկե, Հնդկաստանի: Սակայն այդ երկրի քաղաքացիների ներկայությունը մեր երկրում վերջին մեկ-երկու տարում խիստ նկատելի է դառնում:

Պաշտոնապես հայտարարվում է, որ 2019-ին Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի քանակը կազմել է մոտ 32.1 հազար: Հետաքրքիր է այն, որ այս երկրի քաղաքացիների մուտք-ելքերի քանակը հակառակ տրամաբանություն ունի: Դիտարկենք այն Ֆրանսիայի օրինակի հետ համեմատելով։ 2019-ին մեր երկիր ժամանել է Ֆրանսիայի 27 038 քաղաքացի, իսկ մեր երկրից մեկնել է 27 005: Այսինքն կարելի է ասել, որ 2020-ի հունվարի 1-ին Հայաստանում առնվազն Ֆրանսիայի 33 քաղաքացի կար: Իսկ Հնդկաստանի դեպքում հակառակ հաշվեկշիռ է` 2019-ի ժամանել է 32 115 քաղաքացի: Սակայն մեկնողների քանակը գերազանցել է ժամանողների թվին` մեկնել է 32 325 մարդ: Այստեղ պնդումը հետևյալը կարող է լինել՝ 2020-ի հունվարի 1-ին մեր երկրում Հնդկաստանի 210 քաղաքացի պակաս կար, քան 2019-ի հունվարի 1-ին:

Սահմանահատումների վիճակագրությունը նաև ներկայացում է, թե կոնկրետ երկրի կոնկրետ քաղաքացին քանի անգամ է նույն տարվա մեջ այցելել մեր երկիր: Այս պարագային հասկանալի է, որ երկու անգամից ավելի այցելությունը գործնական նպատակ ունի: Օրինակ նշվում է, որ Ղազախստանի քաղաքացիների այցերի շրջանակում 6-9 այցերի քանակը 409 է, իսկ 10-ից ավելի այցերի քանակը՝ 165: Այս թվերը հուշում են, որ հաշվառվել են Հայաստանից Ղազախստան ավտոմեքենա փոխադրողները: Նրանք, ովքեր անցած տարի 6-9 կամ 10-ից ավելի անգամ ժամանել են Հայաստան։

2019-ին Թուրքիայի քաղաքացիների 7.029 հազար այց է արձանագրվել: Այդ ցուցանիշով Թուրքիան 25-րդ երկիրն է: Սակայն 10-ից ավելի այցերի քանակով (147) 5-րդն է: Ասել է, թե Թուրքիայի կոնկրետ քաղաքացիներ բիզնես հետաքրքրություն-գործարքներ ունեն մեր երկրում: Իսկ նման հաճախականությամբ 100-ը գերազանցող ցուցանիշ ունեցող երկրների ցանկը հենց 5-ից է բաղկացած` ՌԴ, Իրան, Վրաստան, Ղազախստան և Թուրքիա: Մնացած երկրների պարագային այցելուներին որպես զբոսաշրջիկ հաշվառելն ավելի «օբյեկտիվ» հիմքեր ունի: Սակայն այս պարագային էլ չհաջողվեց այցելողների քանակը մոտեցնել նախօրոք հայտարարված 1․9 մլն զբոսաշրջիկների քանակին։

Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մեկնաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031