Ակնհայտ է, որ կորոնավիրուսը չի խանգարի հանրաքվեի անցկացմանը: Շարունակում եմ պնդել, որ իշխանությունն այդ հանրաքվեում կգրանցի համոզիչ, անվիճելի եւ միանգամայն օրինական հաղթանակ: Հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է, նրա անվերապահ հեղինակությունը հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի ճնշող մեծամասնության շրջանում: Եթե վարչապետն ասի, որ կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում, շատերն անտարակույս կհավատան դրան: Փաշինյանի հանդեպ սերը եւ նախորդ իշխանությունների նկատմամբ ատելությունը բարձր եւ իշխանությունների համար ցանկալի արդյունք կապահովեն հանրաքվեում:
Այդ էմոցիոնալ ֆոնի վրա բանական փաստարկները բացարձակապես կարեւոր չեն: Այնուամենայնիվ հիմա, կարծես թե, քարոզչության շրջան է, եւ «այո»-ի ու «ոչ»-ի կողմերը, թեեւ առանց խանդավառության, ստիպված են ինչ-որ դատողություններ անել, որոնք, կրկնեմ, հանրաքվեի արդյունքների վրա որեւէ ազդեցություն չեն ունենա: Իշխանության գլխավոր փաստարկը հետեւյալն է. Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ի, այսինքն՝ նախորդ, ատելի իշխանության վերջին բաստիոնն է: Հետեւաբար, եթե այդ բաստիոնը տապալվի, մենք կունենանք ոչ միայն անկախ, օրինական եւ ապաքաղաքական ՍԴ, այլեւ ընդհանրապես անկախ դատական համակարգ, ինչպես նաեւ իրավական եւ բարեկեցիկ պետություն: Եթե «բաստիոնը» մնա, ՀՀԿ-ն, կոռուպցիան եւ մնացած վատ բաները կվերադառնան: Իրականում դա, իմ կարծիքով, այդպես չէ. «բաստիոնը» ոչ թե դատավորներն են եւ իշխանությունից զրկված կուսակցությունը, այլ պետական համակարգը, որը հեղափոխությունից հետո էլ շարունակում է անարդյունավետ աշխատել: Հետեւաբար, իշխանության քարոզչությունը, ըստ իս, հիմնված է առնվազն մոլորության վրա: Դրանով հանդերձ այդ քարոզչության մեջ կա ինչ-որ, թեեւ շատ ուրույն, տրամաբանություն:
Ընդդիմության դիրքորոշումն այդ առումով ընդհանրապես զուրկ է որեւէ տրամաբանությունից: Բանն է, որ ցանկացած քաղաքական ուժի դիրքորոշումը ցանկացած հանրաքվեից առաջ պետք է լինի կա՛մ «այո»-ն, կա՛մ «ոչ»-ը, կա՛մ ակտիվ բոյկոտը՝ որպես «ոչ»-ի տարատեսակ: Ասել, որ հանրաքվեն անիմաստ է, անօրինական է, հանրաքվեում դրված հարցն անհեթեթ է եւ այլն, կարելի է, բայց այնքան ժամանակ, քանի դեռ հանրաքվեի օրը չի նշանակվել: Դրանից հետո կուսակցությունները պետք է այս կամ այն ձեւով իրենց մոտեցումները ներկայացնեն քաղաքական պայքարում: Եթե դիրքորոշումը բոյկոտն է, ապա հիմա այդ կուսակցությունները պետք է բոլոր օրինական ձեւերով քարոզեն այդ գաղափարը՝ բուկլետներով, պաստառներով, եթերով, ֆեյսբուքով, իսկ կորոնավիրուսի պատմության ավարտից հետո՝ նաեւ հանրահավաքներով: Եթե ընդդիմադիր կուսակցությունները շարունակեն իրենց անհասկանալի կրավորական կեցվածքը, ապա քաղաքացիները գուցե ընդհանրապես մոռանան նրանց գոյության մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամէն մի անգամ որ մի քուէարկող ձեռնպահ մնայ, այդքանով կ’աւելնայ հաւանականութիւնը որ հանրաքուէն վիժումի ենթարկուի, չհասնելով մասնակցութեան նուազագոյն տոկոսին:
Մինչ «ոչ» քուէարկելով, քանի որ տակաւին հաւական կը թուի թէ աւելի մեծ է քանակը վարչակարգին հաւատալ ուզողներուն, «ոչ»ը կը նպաստէ… «այո»ի յաղթանակին. քանզի քուէներու ընդհանուր քանակը կը մօտեցնէ վերոնշեալ մասնակցութեան նուազագոյն շեմին:
Հետեւաբար, եթէ մէկը ուզում է որ այս հանրաքուէն ձախողի, ինչո՞ւ յոգնութիւնը կրէ երթալ «ոչ» քուէարկելու, երբ որ դա աւելի հաւանականօրէն պիտի նպաստէ հակառակ կողմին: Մինչ հանգիստ իր տունը մնալով, աւելի ազդու կերպով կը մօտենայ իր ուզած նպատակին:
(Վերեւ պարզուած ռազմավարութեան վրայ կ’աւելնայ՝ ոչ թէ տեսական, վերացական, այլ իսկական ու գործնական նկատողութիւն մը, իրաւաբանական գետնի վրայ, բայց… լաւ… հասկացայ որ մարդ չի ուզում լսել այդ մասին…)
թերեւս օգտակար կը լինի թիւերով պարզաբանել՝
. ասենք, ընդամէնը 100 քուէարկողներ կան
որպէսզի ամէն դէպքում հանրաքուէի արդիւնքը ի զօրու լինի, անհրաժեշտ է որ 25 անձեր քուէարկեն (այդ մէկն ալ նուէր մը Սերժ Սարգիսյանի կողմէ Նիկոլ Փաշինյանին… լուրջ երկիրներում, այսպիսի պարագայի մը պահանջուած quorum-ը շատ աւելի բարձր կը լինի, նոյնիսկ եթէ բառացիօրէն այդպէս չէ գրուած իսկ Սահմանադրութեան մէջ… )
ուրեմն, եթէ 13 անձ այո քուէարկէ, եւ 12 անձ ոչ, այոն կը յաղթէ
սակայն եթէ այդ 12 ոչերից մի հատը բնաւ չքուէարկէ, հանրաքուէի արդիւնքը անվաւեր կը հանդիսանայ, նոյնիսկ եթէ այոն 13 քուէ ունի եւ ոչը 11
. իսկ անգամ մը եւս պէտք է յիշեցնել որ Դեկտեմբեր 2018-ին, Փաշինյանութիւնը ստացաւ քուէարկողների լրիւ քանակի 35%- ը միայն. քուէարկողներին կէսը տունը մնացին, մնացեալ կէսին 70% = 35%. այսօր, երեւի հաւանական է որ մի քիչ նուազած լինի այժմու վարչակարգի թունդ հաւատացեալների քանակը – զորս փաստօրէն միայն 35% էր արդէն, ընտրութիւնների վախտը -.
. վերոնշեալ թուաբանական բացատրութեան եւ տուեալների հիման վրայ, խմբագրականի առաջին պարբերութեան մէջ արտայայտուած խրոխտ համոզումները լրիւ ենթակայական են. պարզապէս անհնար է այդքան ստոյգ ու բացարձակ կերպով կատարել այդպիսի նախատեսումներ. մինչ թուաբանականօրէն, կարելիութիւնները եւ նոյնիսկ հաւանականութիւնների հիման վրայ, ոչը աւելի նպաստաւոր դիրքի վրայ է.
. իսկ ամէն դէպքում, այս հանրաքուէն իրաւաբանական գետնի վրայ՝ բացայայտօրէն չեղեալ է. null and void. եւ այդ գետնի վրայ եթէ ոչ քուէարկող մը այս հանրաքուէին մասնակցի, հակառակ կողմը, իր բնորոշ անուղղամտութեամբ, կարող է առարկել թէ նա այդ մասնակցութիւնը ինքնին նշանակում է թէ այդ ոչ քուէարկողը եւ ընդհանրապէս ոչի կողմնակիցները ընդունում են գործընթացի օրինականութիւնը.
Պարոն Աբրահամյան
Ընդդիմադիր կուսակցությունները հենց ձեր ասածն են անում՝ բոյկոտ են քարոզում; Ասում են մի գնացեք, իսկ եթե պետական համակարգում եք աշխատում եւ ստիպելու են գնալ՝ քվեաթերթիկն անվավեր դարձրեք: Թող կոպիտ չհնչի, բայց ձեր այս հոդվածը Նիկոլ Փաշինյանին ծառայություն մատուցելու դրսեւորում է ու հեռու իրականությունից այնքան, որքան կլինի պնդումը, թե կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում:
Նոյնանման մեղադրանքի մը կը պատասխանէր այս սիւնակի նախորդ խմբագրականներից մին: Թէ՝ ի նպաստ այո-ին տրամադրութիւններ են արտադրում այս խմբագրի կարծիքները, որպէս հաստատ, ստոյգ եւ անխուսափելի իրողութիւններ ներկայացուցած լոկ ենթադրութիւնները:
Կարելի է սակայն մի քիչ աւելի բարեացակամ կերպով մեկնաբանել դրութիւնը:
Այժմու վարչակարգի խասիաթը նկատի ունենալով, կարող է որ այս խմբագիրը ձեւով մը մտահոգ է… ճիշդ հակառակ պիտակաւորումով, հետեւաբար ատենը մէկ հաւասարակշռում է իշխանութեան նկատմամբ իր պարբերական սուր քննադատութիւնները:
Եւ ինչո՞ւ: Քանզի այլապէս կարող են զինք ալ տեղաւորել իրենց սեւ ցանկին վրայ, զինք ու իր մամլոյ գործակալութիւնները զրկելով բացառեալ հարցազրոյցներէ, եւ այդպէսով իր լրագրողական առաքելութիւնն է որ պիտի տուժէ, ի վնաս հանրութեան:
Ան որ այս վարչակարգին ծառան ու համակիրը չէ, նրա պատանդն է պարզապէս: Անկողմնակալութիւնն ալ համարուելով հակա-յեղափոխականութիւն: «Եթէ մեր կողմէն չես, ուրեմն մեր թշնամին ես»ի ծանօթ կեցուածք:
Ի դէպ, ես ինքս լրիւ եւ ուղղակի դէմ եմ այս վարչակարգին, հրապարակային կերպով, եւ այդ ալ՝ ամենասկիզբից ի վեր: Վստահաբար աւելի հեշտ ու հաճելի է այդպէս լինելը, քան թէ այս խմբագրի նման, չէզոք մնալ ջանացող հայերի վիճակը:
Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940
Շնորհակալություն Ձեզ Պ-ն Աբրահամայան , իրադրությանը հարիր անկողմնակալ և գիտակ մեկնաբանության համար։