Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավիր Զուրաբյանը դատի է տվել Մամիկոն Ասլանյանին

Մարտ 04,2020 15:30

Ի՞նչ է տեղի ունեցել Վանաձորի քաղաքապետարանում` աուդիտի ժամանակ, ո՞վ է «աշխատել» «Լուսավոր Հայաստանի» դեմ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ըստ պարոն Մարուքյանի, դա դրսեւորվել էր քաղաքապետարանում իրականացվող աուդիտի ժամանակ: Ըստ այդմ, հարցաթերթիկում, ի թիվս բուն աուդիտին վերաբերող հարցերի, փորձել են նաեւ ճշտել` հիմնարկում կա՞ն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից աշխատակիցներ, կա՞ն նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ եւ այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստացավ` պարզել իրողությունը: Արդյունքում, Վանաձորի քաղաքապետարանն աուդիտորական ընկերության հետ խզել է պայմանագիրը, իսկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր հարցազրույցներում հայտարարել էր, որ այդ թուղթն աուդիտորական ընկերության ներկայացուցիչ Արշավիր Զուրաբյանի մոտ է հայտնաբերվել, որ վերջինս է դրանք բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին` իրեն թույլ տալով աուդիտին ոչ հարիր պահվածք: Արշավիր Զուրաբյանը դատական հայց է ներկայացրել Մամիկոն Ասլանյանի դեմ: Մանրամասների շուրջ «Առավոտը» զրուցել է Արշավիր Զուրաբյանի հետ:

– Վանաձորի քաղաքապետարանը դադարեցրել է աուդիտի գործընթացը`«հաշվի առնելով աուդիտորի մոտ եղած տարօրինակ հարցադրումների մասին թուղթը»: Ի՞նչ հարցադրումներ են եղել ձեւաթղթում, որը տարօրինակ է թվացել:

-Ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ես նման բովանդակությամբ թուղթ, որը ներկայացվում է իբրեւ թե իմ կողմից պատրաստված աշխատանքային պլան, չեմ պատրաստել եւ որեւէ մեկին չեմ տրամադրել։ Այդ մի քանի օրվա ընթացքում իմ բանավոր հարցադրումներն ուղղված են եղել Վանաձորի համայնքապետարանի ենթակայության ներքո գործող ՀՈԱԿ-ների ղեկավարներին եւ աշխատակիցներին, եւ դրանք ունեցել են բացառապես ՀՈԱԿ-ների գործունեության ֆինանսատնտեսական արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով կատարված բանավոր հարցադրումներ, ինչպես նաեւ առաջարկել եմ կազմակերպել հանդիպումներ  տարբեր սոցիալական խմբերի, համայնքի ավագանիում ներկայացված կուսակցությունների այն ներկայացուցիչների հետ, որոնք ունեն կամ ունեցել են բողոքներ կամ առաջարկներ ՀՈԱԿ-ների գործունեության վերաբերյալ։

– Որքան տեղյակ եմ, դատի եք տվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Ո՞րն է խնդիրը, ի՞նչ եք պահանջում:

– Այո, ճիշտ եք, ես դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ Մամիկոն Ասլանյանի։ Խնդիրն այն է, որ վերջինս, այս դեպքերի վերաբերյալ, Վանաձորի տեղական «Ֆորտունա» հեռուստատեսության «Մոլորակ» լրատվական հաղորդաշարի գլխավոր թողարկման համար հարցազրույց էր տվել ու «հուսով եմ», առանց այս ամբողջ եղելությունը պարզելու, պնդել էր, որ այդ թուղթն իմ մոտից է հայտնաբերվել, որ ես դրանք բաժանել եմ աշխատակիցներին, որ ինձ թույլ եմ տվել աուդիտին ոչ հարիր պահվածք, որ իմ նման մարդուն չեն կարող այլեւս վստահել եւ այլն։ Մինչեւ դատական հայց ներկայացնելը նրա հետ զրույցի ընթացքում փորձել եմ  բացատրել, որից հետո անգամ գրավոր եմ պարզաբանել, որ ես կապ չունեմ այդ ամենի հետ եւ ուղարկել եմ իրեն՝ խնդրելով հերքել իր այդ չճշտված տեղեկությունները, սակայն ապարդյուն։ Ուստի, միակ տարբերակը՝ իմ պատիվը, արժանապատվությունն ու մասնագիտական համբավը վերականգնելու համար, մնաց դատական ճանապարհով իմ իրավունքները պաշտպանելը։ Հայցով պահանջել եմ հրապարակավ հերքել զրպարտչական տեղեկությունները եւ ներողություն խնդրել` վիրավորական արտահայտությունների համար։

– Իսկ դրամական փոխհատուցում չե՞ք պահանջել։

– Ոչ, դրամական փոխհատուցում չեմ պահանջել, ինձ համար դա որեւէ նշանակություն չունի։

– Այս հարցը նաեւ քաղաքական աստառ ստացավ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տխրահռչակ հարցաթերթիկում՝ ի թիվս բուն աուդիտին վերաբերող հարցերի, փորձել եք նաեւ ճշտել, թե արդյոք հիմնարկում կա՞ն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից աշխատակիցներ, կա՞ն նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ: Էդմոն Մարուքյանը սա որակեց կուսակցության դեմ քաղաքական պատվեր: Ո՞վ եւ ի՞նչ նպատակով էր հարցաթերթիկում ներառել այդ հարցերը:

– Ես, եթե վստահ իմանայի, թե դա ում ձեռքի գործն է եւ ի՞նչ նպատակ է հետապնդել, ապա առանց մեկ վայրկյան վարանելու կհրապարակեի նրա անունը։ Ես միայն ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ աուդիտի շրջանակներում իմ կողմից նման հարցադրում որեւէ մեկին չի արվել, նման հարցաթերթիկ չի կազմվել եւ որեւէ մեկին չի տրամադրվել: Այս ամենում զավեշտն այն է, որ կարծես թե, բոլորի համար արդեն հաստատված փաստ է, որ աուդիտն իրականացնող անձը կատարել է այդ արարքը, մնում է միայն այդ ամենին ձեւակերպում տալ, ուստի որոշում են՝ դա քաղաքական է, թե քաղաքական չէ։ Սա զավեշտ է պարզապես։

– Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կպարզեն մեղավորներին։ Ձեզ այս հարցով որեւէ մեկը դիմե՞լ է պարզաբանում ստանալու նպատակով` ոստիկանությունից, մարզպետարանից, կառավարությունից:

– Ոչ, որեւէ մեկը չի եկել կամ ինձ հրավիրել ու ինձնից պարզաբանումներ պահանջել։ Փոխարենը, ես եմ նամակներ գրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին, պատգամավոր Էդմոն Մարուքյանին եւ պարզաբանել եմ եղելությունը։ Ավելին, նամակներում հստակ գրել եմ, որ եթե կունենան հարցեր, պատրաստ եմ դրանց բոլորին պատասխանել ու պարզաբանել այն ամենն, ինչ ես գիտեմ, միայն թե հարցը պարզ դառնա եւ հերքվեն այդ հերյուրանքները։ Ցավոք, արդեն տեւական ժամանակ է անցել, բայց դեռեւս պատասխաններ չեմ ստացել:

– Հստակեցնենք՝ իշխանության հետքն այս պատմության մեջ կա՞:

– Ես անկախ աուդիտոր եմ եւ աշխատում եմ աուդիտորական ընկերությունների միջազգային խմբին պատկանող հեղինակավոր աուդիտորական ընկերությունում։ Ունեմ երկար տարիների փորձ հաշվապահության, ֆինանսների եւ աուդիտի ոլորտներում։ Իմ ամբողջ աշխատանքային կենսագրությունն անցել է բառի բուն եւ ուղիղ  իմաստով՝ անկախ մասնագետի կարգավիճակով եւ ես երբեւէ թույլ չեմ տա, որ այն արատավորվի որեւէ մեկի ցուցումներով գործելու պատճառով, ինձ համար իմ համբավն ավելի թանկ է։

– Իսկ Դուք տեղյա՞կ եք, ի վերջո, ո՞վ եւ ինչո՞ւ է տխրահռչակ հարցաթերթիկում ներառել նման հարցեր:

– Ոչ, տեղյակ չեմ: Բայց հուսով եմ, պարզ կդառնա, թե ո՞վ է հեղնակը: Ես, համենայնդեպս, ամեն ինչ անելու եմ, որ պարզվի եղելությունը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031