Լրահոս
Օրվա լրահոսը

 Առաքինությունը, պատիվը եւ վախը

Մարտ 04,2020 14:00

«Հայաստանի Հանրապետությունում այլեւս չկա կոռուպցիա»: Այս նախադասությունը շատ է սիրում կրկնել վարչապետ Փաշինյանը, իսկ նրա ընդդիմախոսները հիշում են դրա մասին այն ժամանակ, երբ պարզվում է հերթական փոխնախարարի առնչությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետ: Եվ հանկարծ, փետրվարի 27-ին նորից հայտնի դարձավ, որ Հայաստանում կա առնվազն մեկ ինստիտուտ, որտեղ կոռուպցիան իսպառ բացակայում է: Որպես դասակարգ: Որպես երեւույթ:

Ավելին, պարզվեց, որ այդ ինստիտուտի անդամները, չնայած անցել են հայկական չինովնիկի երկար եւ ձիգ կարիերային ճանապարհը, չեն արել որեւէ բան, ինչով նրանց հնարավոր կլիներ շանտաժի ենթարկել կամ ստիպել ինչ-որ բան անել: Իսկ դա, համաձայնեք, հազվագյուտ երեւույթ է բացահայտումների, հանկարծակի հայտնաբերված «տուշոնկաների» եւ ասֆալտին փռված նախորդ իշխանության գործիչների ժամանակաշրջանում:

Դուք չեք սխալվում, ես իսկապես խոսում եմ Սահմանադրական դատարանի մասին: ՍԴ յոթ անդամները (եւ ոչ թե դատավորները՝ ինչպես պնդում է հեղափոխական հռետորաբանությունը) գործով ապացուցեցին, որ իրենք ամաչելու բան չունեն, որ իրենք հանցագործներ չեն (իսկ եթե նրանց ինչ-որ բանում մեղադրում են, ապա պատրաստ են այդ մեղադրանքներին պատասխանել դատարանում), եւ որ իրենք պատրաստ չեն վաղաժամկետ թոշակ ստանալ՝ փոխանակելով դա սեփական սկզբունքների հետ: Իսկ նման բան հազվադեպ է հանդիպում մեր անհանգիստ ժամանակներում:

Այստեղ կարելի է հիշել, թե ինչպես էր վարչապետը իր խորհրդարանական ելույթում ինչ-որ մարդկանց անվանել  շնաբարո դուրսպրծուկներ եւ նախատեսվածից շուտ ավարտել այս սյունակը, սակայն ինձ հանգիստ չի տալիս եւս երկու միտք:

Ես մտածեցի այն մասին, որ մենք սովոր ենք այն բանին, որ Հայաստանում իշխանությունը մենաշնորհված է իշխող վերնախավի կողմից: Հայաստանի ցանկացած ղեկավար (եւ կարեւոր չէ, այն կոչվում է՝ Գերագույն խորհրդի նախագահ, նախագահ, թե վարչապետ) ձգտել է մենաշնորհել իշխանությունը՝ իր հսկողության տակ վերցնելով իշխանության երեք փաստացի ճյուղերը եւ փորձել թուլացնել չորրորդը: Եվ հենց դա էլ խախտել է  իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքները, որոնք նկարագրված էին դեռեւս XVIII-րդ դարում՝ Մոնտեսքյուի կողմից:

Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, դրա նման մի բան կարելի էր նկատել Դոնալդ Թրամփի նախագահական կառավարման սկզբում: Ամերիկյան դատարանների որոշումները եւ այն դատավորների սկզբունքայնությունը, որոնք համարձակվեցին չեղարկել նախագահական հրամանագրերը, ցույց տվեցին հրաշալի օրինակ, թե ինչ է իշխանությունների բաժանումը եւ ինչպես կարելի է սահմանափակել պոպուլիստ նախագահի անզուսպ ձգտումները:

Մենք մեր անկախության կարճատեւ ժամանակահատվածում առաջին անգամ իշխանությունների իրական, իսկական տարանջատման հնարավորություն ենք ստացել: Եվ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում, այդ գաղափարի իրագործողն է: Գաղափար, որը առողջ է, հիմնարար է, եւ որ ամենակարեւորն է, ամբողջությամբ համապատասխանում է թավշյա հեղափոխության հայտարարված նպատակներին:

Երկրորդ միտքը ինձ խորը մտատանջությունների գիրկը գցեց: «Ինչպես հանրապետությանը պետք է առաքինություն, իսկ միապետությանը՝ պատիվ, այնպես էլ բռնատիրական կառավարությանը անհրաժեշտ է վախ». այդ նույն Մոնտեսքյուից արված այս մեջբերումը ստիպեց ինձ գիտակցել, որ մեր հասարակությունը հնարավորություն ուներ սովորել Լուսավորչության դարաշրջանի փիլիսոփաների կողմից ողջ մարդկությանը տված դասը: Քաղաքակիրթ մարդկությունն արդեն 200 տարի ապրում է այդ օրենքներով: Իսկ մենք Սահմանադրական դատարանի անհաճո անդամներին պաշտոնանկ ենք անում հանրաքվեի միջոցով:

Մեզ հասնում է:

Ս. Ե.

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031