Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը կարծում է, որ կրթության եւ մշակույթի նախարարը պետք է անվտանգության խորհրդում լինի

Մարտ 04,2020 13:00

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, մեր նախորդ հանդիպումը շուրջ երկու տարի առաջ էր, այդ ժամանակահատվածում ձեր հոլդինգի «Դարան» ցուցասրահի հյուրերը հիմնականում պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ էին, ինչը մինչ օրս էլ հատկապես սոցցանցերում ժամանակ առ ժամանակ տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսանում…

– Ինձ համար պատիվ է հանրությանը ներկայացնել մեր ձեռքբերումները… Իմ կարծիքով՝ Հայաստանում դպրոցական համակարգը ձախողվել է, իսկ բուհականը չի ծառայում նպատակին, իր սկզբնական իմաստի հետ աղերս չունի: Բայց անգամ այս պայմաններում Հայաստանում կան կայացած անհատներ…

– Որտեղի՞ց «եկան» այդ անհատները:

– Եթե մեկ բառով, ապա՝ գրադարանից: Իմ խորին համոզմամբ՝ նման մարդիկ իրենք են իրենց կրթել կամ միգուցե նրանց խորհուրդներով աջակցել են այն կայացած մասնագետները, որոնց անվանում ենք մենթորներ (մենթորը փոխանցում է իր փորձը, գիտելիքն ու հմտությունը եւ խթանում այն անհատների հոգեբանական, մտավոր ու մասնագիտական զարգացմանը, ովքեր համարվում են իրենց հովանավորյալները):

– Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը կամ հանրությունը, որ  քաղաքացին ունենա ինքն իրեն կրթելու հնարավորություն:

– Թույլ տվեք այդ հարցին փոքր-ինչ ուշ պատասխանել: Մենք հասարակության մեջ, հանրային կյանքում ինչ արատներ որ ունենք, դրանց արմատները գալիս են ընտանիքից, վաղ շրջանից՝ դաստիարակությունից, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից: Եթե, օրինակ՝ ինձ հարցնեք՝ ինչո՞ւ էր Երեւանի ճարտարապետությունը 2000-ականներին նմանվում Բաքվի ճարտարապետությանը, կպատասխանեմ՝ քանի որ այն տարիների Հայաստանի դե ֆակտո ղեկավարը որպես անհատ ձեւավորվել էր Բաքվի սովետա-մահմեդական միջանցքներում: Ահա այդ նույն դաստիարակությունը բերեց նրան, որ Հայաստանում սկսեցին ընկածին հարվածել, իսկ ուժեղի ոտքերը՝ լպստել… Մենք մշակում ենք տարբեր մանկավարժական ու հոգեբանական մեթոդներ, որոնք արմատախիլ կանեն այդ արատավոր մտածելակերպը: Օրինակ, որ ծնողը երեխային չասի՝ խելոք մնա, թե չէ ոստիկան կկանչեմ, այլ ասի, որ ոստիկանը քաղաքացու պաշտպանն է: Այսինքն՝ մեզանում ոստիկանը ընկալվի ոչ թե պատժամիջոց, այլ ինչպես գրված է, ասենք՝ Չեխիայում, ոստիկանության մեքենաների վրա՝ օգնել եւ պաշտպանել: Կամ՝ ոչ թե ասել՝ խելոք մնա, թե չէ բժիշկը կգա կսրսկի, այլ՝ բժիշկը կգա, կբուժի… Իհարկե, այս ամենին հասնելու համար պետք է վաղ տարիքից սկսել: Մյուս կողմից՝ իրականացնել ռեֆորմ այդ բնագավառներում:

– Պետությունն այդքանը չի՞ գիտակցում:

– Կարծում եմ, որ գիտակցում է եւ ունի այդ տեղեկությունը: Հավանաբար ուսումնասիրել են քաղաքակիրթ երկրների փորձը: Սակայն համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում հատուկ նպատակ կար կրթական ցենզն իջեցնելով մարդկանց հավերժ տկարել: Նպատակ կար բարոյական ցենզն իջեցնելով մարդկանց միմյանց դեմ հանել…

– Իսկ այսօրվա իշխանության օրո՞ք:

– Զրույցի սկզբում ասացիք՝ մեր «Դարան» ցուցասրահի հյուրերը պաշտոնյաներ ու կայացած մարդիկ են եղել,  դա այդպես է, մենք նրանց ներկայացնում ենք  հոլդինգի 25 տարվա կրթական եւ մշակութային ծրագրերը, որից 13-ն արդեն անցել է եւ մենք ունենք միջանկյալ հետաքրքիր արդյունքներ:

– Կմանրամասնե՞ք:

– Պատրաստել ենք բազմաթիվ ձեռնարկներ եւ մեթոդական ապարատներ, որոնք ընտանիքներում հայտնվելով, այդ ընտանիքների բալիկները  աշխարհի զարգացած անհատների օրինակով դառնում են  քաղաքացիական եւ հանրային որակներով աշխարհի զարգացած անհատների նման, գուցե եւ ավելին: Մենք խնդիր ունենք, որ յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա այդ ձեռնարկները անվճար ձեռք բերելու:

– Որտեղի՞ց:

– Օրինակ՝ հարեւան գրադարանից:

– Իսկ գիտե՞ք, որ մեզ հետ զրույցներում հաճախ  գրադարանների տնօրենները նեղսրտում են, թե հրատարակչություններն իրենց չեն նվիրում նյութեր, այդ թվում՝ կրթական:

– Գրադարանը համալրելու գործառույթը հանրային է՝ պետական: Եթե կուզեք՝ դա ամենակարեւոր գործն է, որը չի արվել: Երկրորդ՝ կրթության եւ մշակույթի նախարարին անվտանգության խորհրդի անդամ նշանակելն է: Եթե մենք մի օր պետք է մտածենք 20, 30, անգամ 10 տարի անց պետական անվտանգության մասին, ապա այդ գործն անհրաժեշտ է սկսել այսօր, եթե ոչ ծննդատներից, ապա առնվազն մսուրներից ու մանկապարտեզներից:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031